Ապրիլի 25-ին «Առավոտի» թղթակցի հետ հարցազրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն Իջեւանում հանդիպման համար դահլիճ չտրամադրելու վերաբերյալ ասաց.
«Խիստ զարմանալի է, որ այսքան կարգին քաղաքացիներ ունենալով՝ Իջեւանը, որ հաղթական քաղաք էր փետրվարի 18-ին, ինչո՞ւ է, որ մարզպետ ունենալով, քաղաքապետ ունենալով՝ մի հատ դահլիճ չկարողացան… Հայաստանի Հանրապետություն է սա, սովետական իշխանություն, Օսմանյան կայսրություն չէ, որ չկարողացանք մի հատ դահլիճ ձեռք բերել, որ հայտարարենք»:
Ր. Հովհաննիսյանին հարցրինք, թե այդ հարցով դիմե՞լ են Իջեւանի քաղաքապետարան: Նա ասաց, որ սույն հարցով դիմենք «ժառանգություն» կուսակցության Իջեւանի գրասենյակի պատասխանատու Մարիետա Սահակյանին: Մ. Սահակյանը մեզ հայտնեց, որ «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակը նշված հարցով դիմել է Իջեւանի քաղաքապետարան:
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ «Ժառանգության» կուսակցությունն էլեկտրոնային փոստով իրենց նամակ է ուղարկել, հայտնելով, որ Իջեւանում այդ օրը դահլիճային միջոցառում է անցկացնելու: Իրենք հայտնել են, որ դրա համար իրազեկման կարիք չկա, քաղաքապետարան այդ տեղեկությունն ի գիտություն է ընդունել: Վարդան Ղալումյանի խոսքերով՝ դրանից հետո «Ժառանգությունը» դիմել է քաղաքի երաժշտական դպրոցի դահլիճը ապրիլի 25-ին, ժամը 18-ից մինչեւ 20-ը տրամադրելու խնդրանքով: Քաղաքապետն ասաց,որ այդ դահլիճում քաղաքի ժողգործիքների խումբը փորձեր է անցկացնում, ապրիլի 25-ին այդ ժամին մշակութային միջոցառում էր անցկացվում: «Ի դեպ, ապրիլի 26-ին էլ այդ դահլիճում միջոցառում ունենք»,-հավելեց Վարդան Ղալումյանը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ