«Ֆոտոլրագրությունն իմ ապագան է»,-ասում է 19-ամյա Տալիթա Բաղադասարյանը: Հավելում է՝ տեսախցիկն իր անբաժան մասնիկն է: Ֆոտոլրագրության հանդեպ սերը ծագել է տարիներ առաջ, երբ ընդունվեց Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետ և ունեցավ ֆոտոնկարչության դասեր: «Մանուկ հասակում երազում էի լրագրող դառնալ, սակայն ֆոտոյի դասերի ընթացքում ինձ մոտ հետաքրքրություն առաջացավ այդ արվեստի նկատմամաբ, ու ես որոշեցի անպայման սովորել և տիրապետել հմտություններին, ինչը համալսարանը չէր ապահովում,-ասում է նա և հավելում,-կարծում եմ՝ ավելի լավ է ֆոտոշարք անել, քան 3 էջանոց նյութ գրել, որը կարող է չթողնել այն ազդեցությունը, ինչ նկարները»: Տալիթան սկզբում նկարում էր իր ձեռքի տակ եղած տեսախցիկով, որը հասարակ էր և ոչ պրոֆեսիոնալ, սակայն իր 20-ամյակի կապակցությամբ, որը լրանում է շուտով, մայրը նվիրել է պրոֆեսիոնալ տեսախցիկ, որն ապահովում է ֆոտոների որակն ու հնարավորություն տալիս կիրառել մի շարք հնարքներ: Հիմնականում ֆիքսում է բնության տեսարաններ, սիրում է նաև նկարել երեխաներին. «Չգիտեմ ինչո՞ւ սիրում եմ նաև տխուր տեսարաններ նկարել, գուցե դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ ավելի շատ են սիրում և հետաքրքրվում տխուր պատմություններով, երգերով և նկարներով»,-ասում է նա: Հավելում է ՝ ֆոտոյի միջոցով կարող ես արտահայտել սեր, թախիծ, զգացմունքներ. «Հնարավոր է ՝այնտեղ ներկայացված լինի մի ամբողջ պատմություն, որտեղ կարող է երևալ նաև լուսանկարչի ձեռագիրը: Հետաքրքիր է՝ ես իմ ֆոտոները միշտ ինձ հետ եմ նմանեցնում»,-ասում է նա:
Տալիթան երազում է այն օրվա մասին, երբ իր ամբողջ տունը կահավորված կլինի սեփական ֆոտոներով: Երազանքն իրականացնելու համար քայլեր արդեն իսկ ձեռնարկում է. «Մի նկար կա, որ շատ եմ սիրում, այնտեղ ներկայացրել եմ կակաչներ: Գնել եմ շրջանակ, և նկարն այժմ մեր տան հյուրասենյակում է գտնվում»,-ասում է նա: Ի դեպ, տվյալ ֆոտոն մասնակցում է «Արտ Ֆեստ» մրցույթին, որի արդյունքներն կամփոփվեն մոտավորապես մեկ ամսվա ընթացքում: Տալիթան այժմ թղթակցում է երկու լրատվամիջոցների: Ամենօր գործի է դնում տեսախցիկը, մասնակցում տարբեր իրադարձությունների և ֆիքսում առավել կարևոր և հետաքրիքր կադրեր: Նա խոստովանում է. «Ինձ ավելի շատ դուր են գալիս տղաների արած ֆոտոները, քանի որ նրանց միտքն ավելի հետաքրքիր է: Աղջիկ ֆոտո անողներ Հայաստանում շատ քիչ կան: Հետաքրքիր է ՝ նկարելիս ես միշտ ինձ տղա եմ պատկերացնում»,-ասում է նա: Տալիթա Բաղադսարյանի կարծիքով ՝Հայաստանում ֆոտոլրագրությունը զարգացում է ապրում: Ֆոտոլրագրողներից առանձնացնում է Հակոբ Տերտերյանի անունը: «Կնշեմ նաև «Ֆոտոլուրի» անունը, այդտեղ գտնվող բոլոր լուսանկարները տարբերվում են այլ լրատվամիջոցնեում զետեղված ֆոտոներից: Ինձ շատ է դուր գալիս նրանց գործը»:
Տալիթան հավելում է ՝ ֆոտոսեսիաներ չի անում, բայց դեմ չէ ինչպես այդ գործին, այնպես էլ ծնունդներ և հարսանիքներ նկարելուն. «Եթե պետք է նկարեմ բոլորի նման, չեմ նկարի, իսկ եթե կտարբերվի, իհարկե»,-ասում է նա:
Տալիթան սիրում է տեխնոլոգիաների միջոցով արտահայտել մտքերը, հավաստիացնում է ՝ որպես երկրորդ մասնագիտություն ընտրելու է մոնտաժի գործը. «Մոնտաժ անողները ևս հիմնականում տղաներն են, սակայն ինձ դա շատ-շատ է դուր գալիս: Որոշել եմ, որ ապագայում անպայման կհամատեղեմ թե ֆոտոլրագրությունը, և թե մոնտաժ անելու գործը»,-ասում է նա: Մեր հարցին, թե ինչ կանի այն դեպքում, երբ ապագա ամուսինը դեմ լինի իր ընտրած մասնագիտությանը, աղջիկը պատասխանում է. «Ընկերս հիմա էլ դեմ է, ասում է, որ դա աղջկա գործ չէ, սակայն ինձ հաջողվում է նրան համոզել՝ ասելով, որ սա իմ սիրած զբաղմունքն է, և որ ես չեմ ցանկանում հրաժարվել դրանից»:
Նա նաեւ հավելում է . «Կցանկանայի ունենալ խանութ, որտեղ կներկայացնեմ իմ անհատական ցուցահանդեսը: Այնտեղ կներառեմ հետաքրքիր և եզակի ֆոտոներ, որոնք ընդամենը երկու օրինակ կունենան»:
Նազենի Բաղադասրյան