Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ընտրությունների գնալն ընդհամենը ձևական բնույթ է կրում». Ու՞մ են ընտրելու երիտասարդները մայիսի 5-ին

Ապրիլ 26,2013 17:28

Ընտրությունների թեման ամենաքննարկվողն է հասարակության շրջանում. կարծիքներ, մեկնաբանություններ, վեճեր մինչև անգամ ցույցեր ու ծեծկռտուք: Նախագահի ընտրությունից հետո հաջորդ թեման Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություն է. ոմանք կայացրել են իրենց որոշումը և հստակ գիտեն, թե ում են ընտրելու մայիսի 5-ին, ոմանք էլ՝ չեն որոշել կամ չեն ցանկանում բարձրաձայնել: Ու՞մ են ընտրելու երիտասարդները, փորձել է պարզել «Առավոտ երիտասարդականը»:

«Դեռ չեմ որոշել, բայց երեկ երբ Տարոն Մարգարյանը այցելեց մեր վարչական շրջան, այդ հանդիպումից ես շատ ոգևորվեցի, հիմա ավելի շատ հակված եմ նրան ընտրելուն», – ասում է 19-ամյա Դիանան:

21-ամյա Անի էլ ասում է, որ օրեր առաջ ՕԵԿ-ից մարդիկ էին գնացել իրենց տուն և բուկլետներ տվել. «Ի տաբերություն մյուս մարդկանց՝ չպատռեցի, այլ դարակում դրեցի, բայց իհարկե դա չի նշանակում, թե հենց իրենց կողմնակիցն եմ, բայց նաև չեմ էլ բացառում դա», – ժպտում է նա:

«Դեռ չեմ կողմնորոշվել, չգիտեմ», – ասում է 19-ամյա Քնարիկը:

«Ավելի լավ է բոլորս գնանք Տարոն Մարգարյանին ընտրենք, որ հետո չհուսահատվենք, թե մեր ընտրությամբ չեղավ, – ասում է 23-ամյա Նաիրան, – միևնույն է, մեր քվեն կարևոր չէ, ամեն ինչ արդեն որոշված է»:

«Երկու թեկնածուների միջև եմ տատանվում՝ Վարդան Օսկանյան կամ Տարոն Մարգարյան», – ասում է 21-ամյա Կարենը:

«Նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրությունների գնալն ընդհամենը ձևական բնույթ է կրում, – կարծում է 23-ամյա Վարդուհին, –  դրա համար էլ ևս մեկ անգամ դրանում համոզվելուց հետո, այս ընտրություններին չեմ մասնակցելու, միևնույն է, իմ քվեն ոչ մի որոշիչ դեր ունենալ չի կարող»:

Վարդուհու կողքին էր նաև 21-ամյա Տիգրանը, ով ասաց. «Այդպես ես կարծում, դրա համար էլ ոչինչ չի փոխվի երկրում, – և ավելացրեց, – ես անպայման գնալու եմ ընտրության, ընտրելու իմ իմ ուզած թեկնածուին, իսկ թե ով է նա՝ նախընտրում եմ չասել»:

«Եթե համոզված լինեմ, որ այն ընթացքը, որում հիմա է մեր քաղաքը գտնվում, չի կանգնեցվի՝ կընտրեմ Տարոն Մարգարյանին, նրա հայրն էլ էր երկրին արժանի զավակ, որդին նույնպես», – կարծում է 28-ամյա Հրայրը:

21-ամյա Լիանան ևս այն մարդկանցից է, ով նախընտրում է ժամանակ չկորցնելու ընտրատեղամաս գնալու վրա, ասում է. «Չեմ գնալու ընտրության, որովհետև չեմ հավատում, որ մեր երկրում հնարավոր է արդարություն հաստատել»:

«Փորձել եմ հնարավորինս հետևել բոլոր թեկնածուների ելույթներին, կարծիքներ կազմել ու կատարել իմ ընտրությունը: Ես ուզում եմ, որ գոնե այս անգամ ժողովրդի քվեն հաշվի առնեն, և որ ընտրությունների գնալը միայն պարտականություն չլինի , լինի նաև հույս, որ վաղը մեր ընտրած թեկնածուն է ղեկավարելու, – ասում է 22-ամյա Ֆլորան և հավելում, – իմ թեկնածուն Արմեն Մարտիրոսյանն է»:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930