Լրահոս
Օրվա լրահոսը

Երդվեցին մինչեւ ցեղասպանության 100-ամյա տարելիցը շարժում սկսել, որպեսզի յուրաքանչյուր հայ երիտասարդ սովորի հայերեն

Ապրիլ 26,2013 17:16

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում այսօր ամփոփվեցին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի աշխատանքները:

Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանն ասաց. «Կարծում եմ, որ հայ երիտասարդությունը շատ մեծ անելիք ունի հայապահպանության գործում և Հայաստանի հետ կապեր ամրապնդելու, Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման հետևանքների վերացման գործում: Ընդունված է ասել ապագան երիտասարդներինն է, բայց ես պետք է հակադարձեմ ասելով` ներկան է երիտասարդներինը: Եվ նրանք պետք է գործեն ներկայում, իսկ ապագան կլինի հաջորդ սերնդի երիտասարդներինը»:

«Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովն անցկացվել է Երևանում ապրիլի 22-25-ը` Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին ընդառաջ: Համաժողովին իրենց մասնակցությունն են ունեցել 500 հայ երիտասարդ` աշխարհի 30 երկրներից, Հայաստանից և Արցախից:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանն նշեց, որ այդ ծրագրի առավելությունն այն էր, որ այն համախմբեց ավելի քան 30 երկրների երիտասարդ ներկայացուցիչների: Համաժողովի ընթացքում քննարկվել են 3 թեմատիկ խնդիրներ` երիտասարդության հիմնախնդիրները, լեզվամշակութային հիմնախնդիրներն ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ծառացած հիմնախնդիրների վերհանումն ու նոր առաջարկներ անելը: Սա մի ծրագիր է, որի արդյունքում սփյուռքի ամբողջ երիտասարդներն իրար հետ համախմբված կլինեն և կշփվեն, որի արդյունքում էլ կշահի ողջ հայոթյունը:

«Մեխը որ դրեցինք, դա հայոց լեզվի պահպանությունն էր: Ցավոք սրտի նշեմ, եղան մի քանի ելույթներ, որոնք հնչեցին այլ լեզուներով: Ցանկանում եմ, որ հաջորդ անգամ, եթե նմանատիպ հանդիպումներ լինեն, օտար լեզվով չհնչեն: Մենք համաձայն կլինենք, որ անգամ դանդաղ լինի, մի քիչ սխալներով, բայց լինի հայերենով: Եթե փորձ լինի, մարդ պայքարի, ցանկություն ունենա հայերենով շփվել, անպայման դա կստացվի»,- նշեց Վահե Ջիլավյանը:

Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանն էլ հավելեց, որ որոշում է կայացվել ապրիլի 22-ը հռչակել «Հայ երիտասարդների օր»:

«Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի հայտարարության մեջ ասվում է. «Ապրելով աշխարհի տարբեր երկրներում` մեզ միավորում են մեր ազգային արմատները, մեր լեզուն, մեր մշակույթը, մեր ավանդույթները, ազատ ու անկախ հայրենիքը: Մենք` համաժողովի մասնակիցներս, երդվում ենք մեր 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակի առջև, որ մինչև ցեղասպանության 100-ամյա տարելիցը շարժում սկսենք, որպեսզի յուրաքանչյուր հայ երիտասարդ սովորի հայերեն, գործածի հայերենը, և դրանքվ իսկ պահենք ու պահպանենք հայի տեսակը, մեր ազգային արժեքները»:

Արմինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930