Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում թուրք պատվիրակը խոսում է «Մեծ եղեռնի», ադրբեջանցին` «ՀՀ ռեժիմի մասին»

Ապրիլ 26,2013 17:11

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 25-ին ներկայացվեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի 2012-ի զեկույցը, որն առիթ տվեց բուռն քննարկումների: Հատկապես ակտիվ էին թուրք և ադրբեջանցի պատվիրակները, որոնք կրկին բարձրացրին ԼՂ հիմնախնդրի ու Հայոց ցեղասպանության հարցերը: Ադրբեջանցի պատվիրակ Գանիրա Փաշաևան, դիմելով մարդու իրավունքների հանձնակատարին, նշեց, թե արդյոք մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման դեպքե՞ր չեն այն, որ Հայաստանը շրջափակել է իրենց երկիրը, որ հազարավոր ադրբեջանցիներ այդ պատճառով արդեն տասնյակ տարիներ չեն կարողանում վերադառնալ իրենց երկիր: Հանձնակատարը պատասխանեց, որ շուտով այցելելու է տարածաշրջան և անդրադառնալու այդ հարցերին:

Փաշաևան շարունակեց, թե մայիսին կլրանա 21 տարին, ինչ «Հայաստանը շրջափակել է ադրբեջանական քաղաքներ Շուշին ու Լաչինը», ինչի պատճառով հազարավոր ադրբեջանցի փախստականներ հնարավորություն չունեն վերադառնալ իրենց հայրենի քաղաքները: Ադրբեջանցի պատվիրակը նկատեց. «Ցավոք, ոչ մի դրական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունված բանաձևի իրագործման առումով: Ավելին, արհամարհելով միջազգային կազմակերպությունների կոչերը` ՀՀ նախագահ Սարգսյանը սկսեց և ավարտում է ադրբեջանական շրջափակված քաղաք Խոջալուի օդանավակայանի շինարարությունը և շտապում Սիրիայից արտագաղթած հայերին տեղավորել ոչ թե Հայաստանի, այլ շրջափակված Ադրբեջանի տարածքում: Դա սրում է իրավիճակը և վնասում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին»:

Ադրբեջանցի պատվիրակ Այդին Աբասովն էլ նշեց, թե փոխանակ ՀՀ իշխանությունները քայլեր կատարեն հակամարտության խաղաղ կարգավորման համար, նրանք իրենց անջատողական քաղաքականությամբ և ադրբեջանական տարածքները շրջափակման մեջ պահելով վնասում են գործընթացին:

Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանն էլ նշեց, որ Եվրոպայում մարդու իրավունքների ապահովման հարցում երկակի ստանդարտներ լինել չեն կարող: Այնինչ, ըստ նրա` դրա լավագույն օրինակն է ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցը: Նա մասնավորապես ասաց. «ՀՀ-ում ընտրությունների արդյունքները պարբերաբար կեղծվել են հօգուտ գործող նախագահ Սերժ Սարգսյանի: Դա հրաշք էր, որ վարչական ռեսուրսի մեծածավալ չարաշահման ու ընտրախախտումների պարագայում Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվեց ստանալ իրական ձայների մեծամասնությունը: Հայաստանն արդեն 10 տարի է՝ ԵԽ անդամ է, սակայն ԵԽ-ն այդ տարիների ընթացքում ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ չի փոխել իր հարգալից վերաբերմունքը: Ամեն անգամ, երբ ընտրությունների արդյունքներն են հրապարակվում, դրանք համարվում են առաջընթաց նախորդի համեմատ: Իսկ սա ամոթալի է ԵԽ-ի համար»: Զ. Փոստանջյանի հետ այս հարցում համամիտ էր ադրբեջանցի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը, ով ԵԽ-ի քայլը «ցինիկ» բնութագրեց:

Նա նշեց «Ադրբեջանը շրջափակած ՀՀ ռեժիմի մասին» ու մտավախություն հայտնեց, թե այդ ռեժիմը հաջորդ տարի պիտի գլխավորի ԵԽԽՎ Նախարարների խորհուրդը:

Թուրք պատվիրակ Էրթուգրուլ Քյուրկցուն (լուսանկարում)ԵԽԽՎ ամբիոնից օգտագործեց «Մեծ Եղեռնը» ձևակերպումը` բնորոշելով 1915-ի ոճրագործությունները: Նա մասնավորապես ասաց. «1915 թվականի ապրիլի 24-ին 240 հայ մտավորականներ, ներառյալ քաղաքական ընտրանին, Ստամբուլում անանուն լրտեսների կողմից դատապարտվեցին: Շուտով դատապարտյալները թիվը հասավ 2345-ի, որոնցից 765-ը կոտորվեցին Կենտրոնական Անատոլիայում: Սա բռնի արտագաղթի նախերգանքն էր, երբ հայերը բռնի ուժով տեղահանվեցին և ընկան անապատները: Ես այսօր ուզում եմ մեր խմբի անունից իմ ցավակցությունը հայտնել Մեծ եղեռնի զոհերի սերունդներին: Հակառակ պաշտոնական խոչընդոտների` մենք նպատակադրված ենք վերհանել Մեծ եղեռնի պատմական ճշմարտությունն ու այն ներկայացնել հանրությանը: Սա մի միջոց է նոր սերնդին ազատագրելու ճնշող կարծրատիպերից և հաստատել երկխոսություն թուրք, քուրդ և հայ ժողովուրդների միջև»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Բանից պարզվում է, որ գալու է մի պահ, երբ հայ, թուրք, ադրբեջանցի մտավորականները
    համախմբվելու են,՝ Հայաստանից դուրս շպրտելու ղարաբաղյան կլանը,՝ ովքեր Անգլյական բուլդոգ
    շների համառությամբ հափշտակել են իշխանությունը և կհրաժարվեն, միայն ծնոտների հետ միասին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930