Լրահոս
Օրվա լրահոսը

200,000 դրամ աշխատավարձ ստացող բժշկից հնարավոր չէ պահանջել հերոսություններ

Ապրիլ 26,2013 16:48

 «Մեդիա կենտրոնում» այսօր տեղի ունեցավ քննարկում-ասուլիս «Երեւան քաղաքի առողջապահական խնդիրները և լուծումներն ըստ ավագանու ընտրությունների համար պայքարող ուժերի» թեմայով: Բանախոսներն էին Ենոք Աբրահամյանը (ՀՅԴ), Հայկ Մարտիրոսյանը (Բարև Երևան), Մանուկ Սուքիասյանը (Առաքելություն), «Բժշկական ազատ-անկախ արհմիության» անդամ Գեւորգ Թամամյանը, «Արմավիրի զարգացման կենտրոնի» ղեկավար Նաիրա Առաքելյանը:

Առողջապահության ոլորտը ամենաքիչ արծարծված թեմաներից  է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական ծրագրերում, այն դեպքում, երբ փորձագետների ու նույն քաղաքական գործիչների կարծիքով դա մի ոլորտ է, որտեղ կան բազմաթիվ բացթողումներ:

Բժիշկների ցածր աշխատավարձեր, անորակ բուժսպասարկում, բժիշկների անվտանգության  բացակայություն, ապահովագրական մեխանիզմենրի ոչ հավասարաչափ բաշխում, բնապահպանական խնդիրների պատճառով առողջապահության համակարգի վատթարացում: Սրանք այն խնդիրներն էին, որոնց մասին այսօր բարձրաձայնեցին կուսակցությունների ներկայացուցիչները եւ փորձագետները:

«Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիլինիկաներում աշխատավարձը մոտ 40,000 դրամ է, որը բնական է, որ քիչ է: Այս պարագայում անգամ 200,000 դրամ աշխատավարձ ստացող բժշկից հնարավոր չէ պահանջել հերոսություններ»,- ընդգծեց  «Բժշկական ազատ-անկախ արհմիության» անդամ Գեւորգ Թամամյանը:

«Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանն ավելացրեց, որ այսպես շարունակելու դեպքում Հայաստանը 3-4 տարի հետո չի ունենա որակյալ մասնագետներ:

Պետք է մասնագետին գնահատել ու թույլ չտալ, որ մարդը հեռանա կյանքից միայն այն պատճառով, որ գումար չունի: Այսպես է կարծում «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանը:

«Երբ որ տարեկան բյուջեից բաշխվող գումարները բաժանում ես անձանց վրա, ստացվում է 10,000 դրամից էլ քիչ մեկ մարդու համար: Պետությունը պոպուլիզմի անվան տակ ասում է, թե անվճար բուժօգնություն է իրականացնում, ու իրականում հիվանդին ու բժշկին հանում է իրար դեմ»,- համոզված է նա:

Դա է նաեւ հիմնական պատճառներից մեկը, որ բռնության են ենթարկվում, անգամ սպանվում են բժիշկներ, որոնցից մեկը Աշոտ Գրիգորյանն էր: Ինչպես ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Ենոք Աբրահամյանը՝ Հայաստանում բժիշկը պաշտպանված չէ, ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև իրավաբանորեն:

«Խոսում են բժշկական ապահովագրության մասին, բայց ամենամեծ աբսուրդը այն է, որ բոլոր պետական աշխատողները ունեն բժշկական ապահովագրություն, բժիշկները՝ ոչ»,- ավելացնում է Թամամյանը:

Կուսակցությունների ներկայացուցիչները օրինակներով անդրադարձան մինչեւ այսօր եղած բացթողումներին:

Մանուկ Սուքիասյանը կարծում է, որ բնապահպանական տեսանկյունից խայտառակ վիճակում գտնվող քաղաքը չի կարող ունենալ առողջ առողջապահական համակարգ: «Արմավիրի զարգացման կենտրոնի» ղեկավար Նաիրա Առաքելյանը անդրադարձավ այն խնդրին, որ այժմ ավագանին այդքան հնարավորություն չունի առողջապահական ոլորտում շոշափելի բարեփոխումներ անելու: Ըստ նրա, առողջապահության ոլորտը վատ վիճակում է գտնվում ամբողջ հանրապետության մակարդակով:

«Առողջապահությունը մեր ՀՆԱ-ի 1.5 տոկոսն է կազմում: Նման տոկոս ունի Թուրքմենիան աշխարհում, այսինքն մեր առողջապահության ֆինանսավորումը հետին տեղում է»,- ասաց նա:

Կուսակցությունների ներկայացուցիչները քննարկումն ամփոփեցին այն մտքով, որ պետք է ընդլայնեն քաղաքապետարանի լիազորությունները առողջապահության ոլորտում:

 

«Մեդիա կենտրոնի» մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930