Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընտրակաշառքի մեխանիկան

Ապրիլ 26,2013 16:21

«Առաջին լրատվական». Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը «ընդառաջ» են գնում երևանցիների պահանջներին ընտրակաշառքների հարցում՝ այս անգամ, սակայն, պահանջելով 100 տոկոսանոց երաշխիքներ:

Քանաքեռ-Զեյթուն համայնքի ՀՀԿ կենտրոնական շտաբը գտնվում է «Քեթրին» բարեգործական հիմնադրամի շենքում: Այն պատկանում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանին՝ «Քեթրինի Միհրանին»: Նա ոչ միայն Երևանի ավագանու ընտրություններին, այլև խորհրդարանական և նախագահական ընտրություններին միշտ իր ուժերը ուղղել է հօգուտ ՀՀԿ-ի: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա չէր էլ ժխտել, որ հիմնադրամն իր ուժերը ՀՀԿ-ի համար է օգտագործելու. «Ուրիշ բան, որ «Քեթրին» բարեգործական հիմնադրամն իր ուժերն ընտրություններից առաջ կարող է ուղղել ի նպաստ ՀՀԿ-ի»,- ասել էր նա:

Թե ինչպես է ընտրակաշառք բաժանելու մեխանիզմն իրականացվում, փորձեցինք, որպես բնակիչ, պարզել հիմնադրամից՝ Քանաքեռ-Զեյթունի կենտրոնական շտաբից: Պարզվում է, որ յուրաքանչյուր պահանջի դեպքում՝ գումարային, թե այլ, նախ պետք է դիմում գրել տարածքային շտաբի պետին, այնուհետև շտաբի պետը դիմումը տանում է ԱԺ պատգամավոր Արթուր Ստեփանյանին, ով ՀՀԿ Քանաքեռ-Զեյթուն գլխավոր շտաբի պետն է՝ հայտնի «Չախկալ» մականունով: Նա արմատներով Ախալքալաքից է և անձամբ է վերահսկում ընտրակաշառքի ամբողջ գործընթացը:

Կենտրոնական շտաբից մեզ հաղորդեցին, որ յուրաքանչյուր շտաբ զբաղվում է տվյալ տարածքի դիմումներով: Նախ մոտնում եք ՀՀԿ շտաբ, այնտեղ ներկայացնում դիմում-խնդրանքը, որից հետո շտաբի պետը այդ դիմումը տանում է Արթուր Ստեփանյանին:

Հետաքրքրվեցինք օգնության տեսակներով՝ հարցնելով, թե հնարավո՞ր է տան՝ տարիներով կուտակված վարձը կրճատել. «Եթե ներկայացնում եք, որ դուք հենց ՀՀԿ ակտիվ ներկայացուցիչ եք, բավարարվում է. բոլոր շտաբներում իրենց ընտրողներին գիտեն»,- տեղեկացրին Քանաքեռ-Զեյթուն կենտրոնական շտաբից՝ ավելացնելով, որ դիմում գրելը պարտադիր է, քանի որ անձամբ շտաբի պետը գալիս-մտնում է Արթուր Ստեփանյանի մոտ:

Դիտարկմանը՝ այս անգամ, ասում են, մի քիչ դժվարացել է օգնություն տրամադրելը, Քանաքեռ-Զեյթուն ՀՀԿ կենտրոնական շտաբից ասացին. «Չէ՛, չի դժվարացել, ուղղակի արդեն հիմա շտաբի պետերը գիտեն՝ ովքեր են Հանրապետական և ովքեր են ուղղակի օգնություն ստանալու համար դիմում»:

Հարցին՝փաստորեն լինում է նաև, որ խաբո՞ւմ են՝ ասելով, թե ՀՀԿ-ին կընտրեն, բայց չեն ընտրում և Օսկանյանին են պատրաստվում ընտրել. «Փաստորեն դուք է՞լ եք Օսկանյանին ընտրելու»: Ասացի՝ ոչ, որին հաջորդեց պատասխանը. «Եթե ձեր անունը ցուցակում ներկայացված լինի որպես Հանրապետական, ձեր դիմումն էլ կընդունեն, կբերեն կներկայացնեն մեզ»:

Նա նաև նշեց, որ մինչև ընտրությունները քիչ ժամանակ է մնացել, և վաղը դիմումներ ներկայացնելու վերջին օրն է: Ի դեպ, դիմումում շատ կարևոր է նշել ՀՀԿ-ական լինելու հանգամանքը, նախ՝ որովհետև այդպես հարցն արագ է լուծվում, երկրորդ՝ 100 տոկոսանոց երաշխիք է լինում, որ Տարոնին ես ընտրելու: Այս ամենն արվում է բարի նպատակներով, ավելի լավ Երևան ունենալու ակնկալիքով:

ԲՀԿ-ն էլ պակաս շռայլ չէ, բայց ավելի զգուշավոր է: Տերյան փողոցի վրա՝ նախկին ատամնաբուժարանի շենքում տեղակայված ԲՀԿ շտաբի պետ Գևորգից էլ որպես տեղաբնակ հետաքրքրվեցինք՝ արդյոք ինչպիսի՞ աջակցություն են ցուցաբերում համաքաղաքացիներին, արդյոք հնարավոր կլինի՞ երեխայի ուսման վարձ կամ նման այլ ծառայություն մատուցեն: Գևորգը չժխտեց, որ հնարավոր է, միայն թե նշեց, որ պետք է մոտենամ գրասենյակ, մանրամասն քննարկեն խնդիրը, տեսնեն, թե ինչով կկարողանան ինձ օգնել:

«Հարցը լուծում ստանում է, բայց նայած որտեղ է սովորում, ինչ պրոբլեմ է, տարբեր բաներ են, բայց ծրագիր կա»,- ասաց նա: Հարցին՝ եթե դա չլինի, հնարավո՞ր է կոմունալ վճարներ մուծեք, եթե ունեք իմ վստահության քվեն, Գևորգը նշեց. «Դե, եկեք տեսնենք, եկեք խոսենք, Սոնա ջան, եկեք խոսենք, շաբաթ եկեք խոսենք, տեսնենք՝ ինչով կարող ենք ձեզ օգտակար լինել»,- բարեհամբույր տոնով ասաց Գևորգը:

ՕԵԿ-ի կենտրոնական շտաբի Լիդյան էլ առաջարկեց գնալ գրասենյակ խոսել: «Շաբաթ-կիրակի եկեք գրասենյակ կխոսենք, նայած ինչ հարցով եք դիմում, բայց, իհարկե, չլուծվող հարցեր, կարծում եմ, չկան, բայց ամեն դեպքում պետք է իմանանք՝ ինչ ի նկատի ունեք, ինչ եք ցանկանում»,- հավելեց Լիդյան:

Ակնհայտ է, որ երեքն էլ պատրաստ են օգնել ամեն գնով, ակնհայտ է, որ նախկին 5-10.000 դրամն այլևս չի գայթակղում քաղաքացուն, հիմա ավելի մեծ պահանջներ են՝ ուսման վարձ, կոմունալ վճար՝ ընդհուպ մինչև 70.000 դրամի:

Ի դեպ, հիմա մեծ մասամբ աշխատատեղերի խնդիր են բարձրացնում: Մեծ տոկոս են կազմում 35-50 տարեկան գործազուրկ կանայք, որոնք դիմում են աշխատատեղերի խնդրով, իսկ աշխատատեղերի հարցը դեռ որևէ կերպ չի լուծվում:

 Սիրանույշ Պապյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930