Ապրիլի 26-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) ամփոփվեց ՙՈւսանողական գարուն 2013՚ սպորտային և մշակութային միջոցառումը։ Այն կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և բուհի ուսանողական խորհուրդը։ Պարգևատրվեցին մարզական, մշակութային և ինտելեկտուալ խաղերին թաղթած թիմերը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց ուսանողների ազատ ժամանակը ճիշտ կազմակերպելու խնդիրը։ «Ուրախալի է, որ ուսանողները կարողանում են ինքնակազմակերպվել և նման առաջնություններ նախաձեռնել։ Իրականում այս ամենը բավականին բարդ գործընթաց է, որը պահանջում է կազմակերպչական շատ մեծ ներուժ։ Ագրարային համալսարանի ուսանողական կառույցն օժտված է կազմակերպչական այդ ներուժով և կարողանում է ապահովել արդեն ավանդական դարձած ծրագրերի շարունակականությունը»,- նշեց Կարեն Ավագյանը՝ շնորհավորելով նաև ուսանողական կառույցին 20-ամյակի առթիվ։
Հանդիսավոր ցերեկույթին ներկա էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շրջանավարտ, բուհի հոգաբարձուների խորհրդի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Երևանի քաղաքապետը, ողջունելով բուհի դասախոսներին և ուսանողներին, նշեց, որ իր ուսանելու տարիներին նման միջոցառումներ գրեթե չէին կազմակերպվում։ «Տարեցտարի ընդլայնվում են ագրարային համալսարանում իրականացվող ծրագրերը, ինչը ողջունելի է։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս ամենի մեջ իրենց մեծ ներդրումն ունեն։ Ես՝ որպես քաղաքապետ, միշտ եղել եմ մեր բուհի կողքին և վստահ եմ, այսօրվա ուսանողներն էլ ավարտելուց հետո չեն խզի կապն ագրարային համալսարանի հետ»,- ասաց Տարոն Մարգարյանը՝ ավելացնելով, որ նման ծրագրերը լավ առիթ են, որպեսզի ուսանողները համախմբվեն, միմյանց ավելի լավ ճանաչեն։
Նշենք, որ ՙՈւսանողական գարուն 2013՚ ծրագիրը մեկնարկել է ապրիլի 2-ին և նվիրված էր ՀԱԱՀ ուսանողական խորհրդի ստեղծման 20-ամյակին: Միջոցառման շրջանակներում տեղի են ունեցել ներբուհական սպորտային մրցումներ ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, շախմատ, սեղանի թենիս մարզաձևերում։ Ուսանողները մրցել են նաև սպորտլանդիայում։ Տեղի է ունեցել նաև ինտելեկտուալ մրցույթ։ Ընդհանուր առմամբ, ՙՈւսանողական գարուն 2013՚-ին մասնակցել է բուհի մոտ 350 ուսանող:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն