Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամենուրեք գործում է հետևյալ եռամիասնությունը. քաղաքականություն-բլեֆ-փող

Ապրիլ 26,2013 15:53

Քաղաքականության մասին կարելի է անվերջ խոսել և ամեն պահի` ինքդ քեզ բռնացնել այն մտքի վրա, որ այն, ինչի մասին այդքան երկար խոսվեց, ընդամենը մի կաթիլ է քաղաքականության օվկիանոսում: Ընդհանուր առմամբ, քաղաքականություն կոչվող երևույթն իր ներսում մաքրության շատ քիչ տարրեր է պարունակում և այն հիմնականում միտված է` տարաբնույթ բլեֆների միջոցով մեծ հարստություն դիզելուն, որի ճանապարհին` շատ-շատերի համար «կանգ առնել» հասկացությունն իսպառ չի գործում:

Քաղաքականությամբ զբաղվող մարդկանցից ավելի մեծ հարստությունների են տիրանում նրանք կամ նրանց հովանավորյալները, ովքեր քաղաքականության մեջ ի վերուստ բախտավոր են և անհամեմատ ավելի նպատակասլաց ու ճարպիկ:
Փառք ու պատիվ քաղաքականությամբ զբաղվող այն մարդկանց, ովքեր հարստություններ դիզելու ճանապարհին` փորձում են նաև որոշակի օգտակար գործեր անել իրենց հայրենիքի, ժողովրդի համար: «Օգտակար գործեր» ասելով, ի նկատի ունենք այնպիսի գաղափարների իրագործումը, որոնք ոչ մի դեպքում՝ այլ երկրների ժողովուրդներին չեն տանի բնաջնջման կամ ստրկացման: Աշխարհում չկա շատ թե քիչ կարևոր մի իրադարձություն` պատերազմ, քաղաքացիական անհնազանդություն, հեղափոխություն, քաղաքական գործընթաց, միջպետական, ներպետական քաղաքական կամ տնտեսական նոր միավորների կազմավորում, որի ուղղակի կամ անուղղակի գերնպատակը չլինի փողը:
Այս պարագայում, քաղաքանությամբ զբաղվողները՝ դիվանագիտության միջոցով ամեն ինչ անում են քողարկելու նմանատիպ գործընթացների իրական նպատակները և փորձում հանրությանը մոլորեցնել, շեղել իրականացվող գործընթացների բուն նպատակներից, նրանց մատուցելով` բովանդակային մասով բլեֆ, իսկ արտաքին էֆեկտների մասով` նույն այդ երկրների համար հույժ կարևոր գործընթացների իմիտացիա:
Այդ ամենը նրանք այնքան քողարկված են մատուցում, որ իբր առանց դրանց, այդ երկրներին սպառնացող մարտահրավերները նրանց համար կապահովեին միմիայն՝ լուրջ հետընթաց կամ լավագույն դեպքում` կզրկեին հետագա զարգացման ռեալ հնարավորություններից: Աշխարհում չկա և հավանաբար՝ երբևէ չի էլ եղել որևէ հզոր տերություն, որն առանց հեռահար կամ անմիջական շահերի ակնկալիքի, ժամանակի՝ թեկուզ շատ կարճ կտրվածքով, որևէ այլ երկրի համար մեկ անշահախնդիր քայլ անի, որը կխթանի այդ երկրի հզորացումն ու բարգավաճումը: Իհարկե, շարքային քաղաքացիները, հետևաբար նաև ժողովուրդները, բոլոր երկրներում էլ հեռու են դիվանագիտություն կոչվող երևույթի խորքային ընկալումներից, որոնց վրա էլ հենց կառուցվում են նշված տերությունների դիվանագիտական աճպարարությունները: Որևէ պետություն հակված չէ նրան, որ իր ժողովուրդը տեղեկացված լինի երկրի դիվանագիտական նրբին գործընթացներից ու ներքին գաղտնիքներից:
Որոշ պետություններ մշտապես փորձում են արդարացնել այն իրավիճակը, երբ իշխանությունները հիմնականում զբաղված են լինում դիվանագիտությամբ և մշտապես մոռացության են տալիս երկրի առանցքային խնդիրները` արտագաղթը, գործազրկությունը, կոռուպցիան, կաշառակերությունը, տիրող անարդարությունները, գների տիեզերական աճը և նմանատիպ բազմաթիվ այլ հարցեր, որոնք բացի գլխացավանքից, իշխանություններին չէին կարող ուրիշ որևէ լավ բան տալ:
Աշխարհում ընթացող իրադարձությունները պարզորոշ վկայում են, որ այսօր համարյա ամենուրեք գործում է հետևյալ եռամիասնությունը. քաղաքականություն-բլեֆ-փող: Այլ խոսքով, քաղաքականությունը` որպես հնարավորինի արվեստ, դարձել է մարդկության այն «ձեռքբերումներից» մեկը, որը որպես անփոխարինելի գործոն ծառայում է մի նպատակի, այն է՝ համապատասխան դիրք զբաղեցնող մարդիկ կարողանան նրբին բլեֆների միջոցով տիրանալ անասելի կարողությունների:
Կարծում եմ, այստեղից եզրակացությունը մեկն է. աշխարհում ընթացող համարյա բոլոր լուրջ իրադարձությունների խորքում մեկ գլխավոր նպատակ կա, դա փողն է:
Չշեղվելով հիմնական ասելիքից, նշենք, որ հատկապես վերջերս` ամենուրեք բուռն կերպով քննարկվում էր աշխարհի կործանման թեման: Բնության օրինաչափությունների տեսանկյունից` մարդկությունը կարծես նման մտավախության առիթ չուներ, սակայն ակնհայտ է, որ այդ միտքը հենց այնպես` պատահականորեն չէր սավառնում միլիարդավոր մարդկանց ուղեղներում: Երևի թե, դրա բուն պատճառներից մեկն էլ այսօր ամբողջ աշխարհում ընթացող փողերի, հարստությունների գերբևեռացման գործընթացն է: Արաբական աշխարհի վերջին իրադարձությունների խորքում նույնպես մեծ փողեր են պտտվում, որոնց ուղղակիորեն և անուղղակիորեն խառնված են, ասեմ ավելին` դրանք ղեկավարում են աշխարհի խոշոր տերությունները, քանի որ այդ ամենը նավթադոլարների վերաբաշխման, հետևաբար` նոր գերշահույթների ստացման հերթական հնարավորությունն է:
Իհարկե, գերտերությունների քայլերը` միայն արտաքին էֆեկտներով են տպավորություն ստեղծում, որ իրենք ամեն կերպ շահագրգռված են աշխարհում խաղաղության հաստատմամբ և ոչ մի այլ նպատակ չունեն, այնինչ, իրականում այդ ամենը ծրագրում ու իրականացնում են հենց իրենք: Այնպես որ, մարդկային կյանքերի և ոչ մի քանակ նրանց ետ չի պահում այդ ծրագրերի իրագործումից: Այս առումով Արաբական աշխարհը միակը չէ և նույն գերտերությունները քաղաքացիական և միջպետական պատերազմներ են հրահրում նաև այլ երկրներում ու հազարավոր մարդկանց կյանքի գնով նվաճում ազդեցության նոր ոլորտներ և կուտակում անսահման հարստություն:
Իսկ աշխարհի քարոզչական մեքենան շարունակաբար` անամոթաբար քողարկում է իրականությունը և մշտապես նույն երգն է հնչեցնում: Նա այդ երկրներին մշտապես կոչ է անում՝ և իրար մեջ, և իրենց երկրների ներսում ամեն գնով խաղաղություն հաստատել և բոլոր տեսակի կոնֆլիկտները հարթել` միմիայն խաղաղ բանակցությունների միջոցով: Եվ ի՞նչ, հավատանք, որ մեծ քաղաքականությունը` մեծ մարդասիրություն է ենթադրու՞մ…

Անանիա Մաղաքյան
Քաղաքագետ, «ժողովրդավարություն և ընտրական գործընթացեր» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930