Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաեւ հարուստ օպերասերի կարիք ունենք

Ապրիլ 26,2013 15:26

Կամո Հովհաննիսյանը՝ ՀՀ նախագահի, քաղաքապետի եւ այլոց աջակցության մասին

Բեմական-բեմադրական տեխնիկական հագեցվածությունն առաջին պայմանն ու պահանջն է ինչպես բարձրարվեստ բեմադրություններ իրականացնելու, այնպես էլ ընդհանրապես՝ բարձրակարգ թատրոն համարվելու համար: Սա խնդիր է նույնիսկ գերհզոր երկրներում թանկ հաճույք համարվող օպերային թատրոնի դեպքում: Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը այլեւս ունի նման տեխնիկա, ինչը արդյունք է 2012թ. Ավստրիա-Հայաստան միջկառավարական համաձայնագրի: Ըստ մեր տեղեկությունների՝ սա մեզանում իրականացրած միջմշակութային խոշոր վարկավորման առաջին ծրագիրն է: Իհարկե, նախկինում եղել են «մշակութային» աջակցություններ, սակայն այս դեպքում գործ ունենք առաջին պրոֆեսիոնալ բարձրակարգ մասնագիտական ծրագրի հետ: Աշխատանքներն իրականացվեց ավստրիական «Վաագներ Բիրո»-ի կողմից, գերմանական երկու՝ «Ստեյչ Թեք» ձայնային եւ «Իթիսի» լուսավորության կազմակերպությունների ցուցումներով եւ հայաստանյան աշխատուժի օգնությամբ:

Ապրիլի 27, 29 եւ մայիսի 2-ին «Նորամուտի Գալա համերգով» օպերային թատրոնը շուրջ մեկ տարի դադարից հետո կբացի իր դռները:

«Առավոտի» հետ զրույցում թատրոնի տնօրեն՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կամո Հովհաննիսյանը հիշեցնելով, թե 80-ամյա մշակութային այս օջախը վերջին անգամ մասնակիորեն վերանորոգվել էր 2001-02թթ.՝ «Լինսի» հիմնադրամի կողմից, ասաց, որ ներդրված նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա ներկայացումը կառավարել ընդհանուր վահանակով, որի մոտ գտնվող ռեժիսորը միաժամանակյա կապ կունենա ներկայացման մեջ ընդգրկված տարբեր «ծառայությունների» հետ (նկատի ունի նվագախումբը, մեներգիչներին, բալետային խումբը եւ այլն): Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ ի վերջո թատրոնը կունենա ձայնագրման ստուդիա, հետագայում կթողարկվեն CD-ներ, DVD-ներ: Իսկ նորամուտի համար մտածել են շքեղ համերգ, որի ընթացքում կներկայացվեն հատվածներ թատրոնի խաղացանկում տեղ գտած օպերաներից ու բալետներից՝ մեր անվանի արտիստների մատուցմամբ:

Դիտարկմանը, թե սովորաբար օպերային թատրոնները «պահում» են մեծահարուստները, որոնք շատ հաճախ իրենց անունները չեն էլ հրապարակում, օրինակ՝ Մարիինյան թատրոնը ունենալով Ռուսաստանի կառավարության եւ մի քանի խոշոր ընկերությունների աջակցությունը, ունի ազգությամբ հրեա ռուսաստանաբնակ մոլի օպերասեր, ով ոչ միայն սեփական ներդրումներն է իրականացնում թատրոնում, այլեւ «օպերային» կապեր հաստատում արտերկրյա հովանավորների հետ՝ այդպիսով կոորդինացնելով հռչակավոր այս մշակութային օջախի ֆինանսական դաշտը, ինչը, բնականաբար, չենք կարող ասել մեր թատրոնի դեպքում: Պարոն Հովհաննիսյանը համակարծիք լինելով մեզ հետ, որ նման մշակույթը մեզանում դեռեւս բացակայում է, այնուամենայնիվ հույս հայտնեց, թե առաջիկայում նման «աշխատաոճի» առկայությունն անխուսափելի է: Հետո էլ հիշեցրեց, թե մեր թատրոնի բեմի վերազինումը տեխնիկայի վերջին ճիչով իրականություն դարձավ Հայաստանում Ավստրիայի եւ մեր առաջին դեմքերի՝ նախագահների ստորագրած համաձայնագրի արդյունքում, ինչը խոսուն փաստ է դասական երաժշտության հանդեպ նրանց ունեցած վերաբերմունքի: «Հուսով եմ, որ նախագահի օրինակին առաջիկայում կհետեւեն մեր տեղացի մեծահարուստները եւ, արդարության դեմ չմեղանչելու համար, ասեմ, որ օպերային թատրոնը գուցե չի ունեցել մեկ հզոր հովանավոր, սակայն վերջին շրջանում մեզ ձեռք են մեկնել տեղացի մի շարք անհատներ, գործարարներ, կազմակերպություններ»,- հավելեց պարոն Հովհաննիսյանը:

Հետաքրքրությանը, թե՝ դուք առաջադրված եք որպես Երեւանի ավագանու անդամի թեկնածու եւ ընտրվելու դեպքում ի՞նչ ակնկալենք ձեզնից, բնականաբար՝ օպերայի «մասով», Կամո Հովհաննիսյանը պատասխանեց. «Միշտ սիրել եմ կազմակերպչական աշխատանքներ, օրինակ՝ 1991-95թթ. Մաշտոցի շրջանում եղել եմ պատգամավոր: Այս պահին չուզենալով քաղաքապետի ոչ մի թեկնածուի պիտակավորել կամ փնովել, պետք է ասեմ, որ կաշխատեմ միայն գործող քաղաքապետի հետ, քանի որ վերջին շրջանում նրա եւ օպերային թատրոնի հետ առաջացել են գործնական, մտերմիկ, ջերմ հարաբերություններ եւ, որ ամենակարեւորն է, այդ շփման արդյունքում տեսել եմ պարոն Մարգարյանի հանրօգուտ աշխատանքը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Մոտակա հարյուր տարի մեզ “չի սպառնում” օպերասեր մեծահարուստների գրոհ: Մինչև այսօր գողացված ու անհավասար մրցակցության պայմաններում հարստացած անձինք սովորեն օպերա լսել, իսկ ամենակարևորը` հասկանալ, Անտարկտիկայի սառույցների մի զգալի մաս կհալչի…..

  2. Եթե, օպերա ասելով շարունակենք հասկանալ միայն եվրոպական դասականները և այն, հայտնի, մի քանի հայկականները՝ գուցե և, մեզանում, չունենանք օպերասեր հասարակություն: Բայց, ըստ իս, օպերան ամենաարագ զարգացող և մեծ հեռանկար ունեցող արվեստի տեսակն է… Եթե, սկսվի համագործակցություն արդի հայ կոմպոզիտորների հետ, վստահ եմ, որ կստեղծվեն այսօրվա հասարակությանը հոգեհարազատ, մշակութային շուկայում մթցունակ, բարձրարվեստ, օպերային ազգային, նոր ներկայացումներ: Այս դեպքում, գուցե և լինի մեծահարուստների գրոհ… Հարգանքով՝ Ա. Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930