Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գրողը չպետք է «տիտիկ» անի ադաթների տակ»

Ապրիլ 26,2013 15:19

Արտեմ Հարությունյանը՝ գրականության եւ գրական մթնոլորտի մասին

Արդյոք գոյություն ունի՞ նորմալ գրական մթնոլորտ մեր օրերում, եւ հետաքրքրություն՝ ժամանակակից գրողի հանդեպ: Այս եւ այլ հարցերի մասին «Առավոտը» զրուցեց բանաստեղծ, թարգմանիչ եւ գրականագետ Արտեմ Հարությունյանի հետ:

Նա գրական մթնոլորտը խայտաբղետ որակեց. «Տարբեր ճաշակի ընթերցող եւ գրող կա, որոնք էլ ստեղծում են գրական մթնոլորտը: Վերջինս խիստ կապված է նաեւ գաղափարախոսության, հատկապես տնտեսական վիճակի հետ, որոնք գաղտնի սնում են գրականությունը: Սովետի փլուզումից հետո գրական մթնոլորտն ու արժեքներն էլ փլվեցին, ուրիշ չափանիշներով սկսեցին գործել: Մի խոսքով՝ գրական մթնոլորտը օդում կախված բան չէ, այն կապված է կյանքի, գրահրատարակչության, հասարակության զարգացման, նրա տնտեսական եւ հոգեւոր մակարդակի հետ: Ցավոք, այսօրվա գրական մթնոլորտի մեջ որոշ գաղջ մթնոլորտ կա, որը խմորման արդյունք է: Ճիշտ է՝ նախկինում դժվար էր գիրք տպելը, գաղափարական կնիք կար վրան, գլավլիտ, գրաքննչություն … բայց հիմա էլ գրական մթնոլորտը խայտաբղետ է դարձել, այսպես ասած, կարծեցյալ ազատության եւ գրաքննադատների սակավության պատճառով: Նշաձողը իջել է, որովհետեւ մասսայական պոպուլիզմին, ամեն տեսակ ճաշակներին ընդառաջ գնացող գրչակներ կան: Սրա կողքին անուրանալի է Անկախության բերած ազատությունը, որից շատ լուրջ հեղինակներ օգտվում են»: Արտեմ Հարությունյանի ձեւակերպմամբ, այդ ազատությունից օգտվում են նաեւ ոչ որակյալ գրականություն ստեղծողները, որոնց գրքերը գուցե ամենավաճառվածների թվում են. «Այսօր նեյնիմ-նեյնիմը նորից փոթորկում է… Վիթխարի քանակով շուկա են նետվում ամեն տեսակ գրքեր, որոնք պոեզիայի հետ կապ չունեն: Անճաշակությունը գլուխ է բարձրացրել, որովհետեւ հրատարակչությունները երբեմն տպում են հարուստ գրամոլների: Հարուստ գրամոլը փող է տալիս, ու իր գիրքը լույս է տեսնում շքեղ կազմով, մեջն էլ անհեթեթություններ, հատկապես տարածված են սիրուց վիրավորված, յարից հեռացած գրողների բարբաջանքները»:

Մեր զրուցակիցը նաեւ ափսոսանք հայտնեց, որ իր նախկին ուսանող, ՀՀՌԽ-ի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանը ընդառաջ չի գնացել իր խնդրանքին՝ Հ1-ով պոեզիային կամ արձակին նվիրված հաղորդում ունենալ:

Ինչ վերաբերում է գրողի, այսպես ասած, մասսայական լինելուն, բանաստեղծի ձեւակերպմամբ, դա գրողի որոշելիքն է, ոմանց մասսայականությունը կարող է օգնել, ոմանց գլուխներն էլ պտտեցնել. «Օրինակ՝ Ջոյսի վեպը լինելով այդքան խորը եւ հզոր, տարիներ շարունակ իբրեւ անբարոյություն չէր տպվում, 22 թվին Փարիզում տպվեց, ԱՄՆ-ում՝ 36 թվին, այն էլ դատարանի որոշմամբ: Իմ կարծիքով՝ վատ է, երբ ընթերցողի ճաշակը, քիմքը ադաթների մեջ է թաթախված՝ ինչպես բիֆշտեքսի կտորը ալյուրի մեջ: Մասսայականություն բառի փոխարեն ես կօգտագործեի գրողին գնահատողների շարք: Իհարկե գնահատողներն օգնում են գրողին: Շատ վատ դեր ունեն, սակայն, մրցանակաբաշխությունները, որտեղ երբեմն սպրդում են այնպիսի ցածրորակ գրքեր, որոնք ստանում են անգամ նախագահի մրցանակ, պետական մրցանակ: Ի դեպ, ներկայումս նախագահի մրցանակի հանձնաժողովի նախագահ է ընտրվել ռեակցիոն մեկը՝ Ազատ Եղիազարյանը, որն, իմ կարծիքով, գրական ճաշակ չունի, եւ Գրականության ինստիտուտից հեռացվել է ինչ-ինչ պատճառներով: Շատ հարգում եմ ՀՀ նախագահին, բայց ուզում եմ իմանա, որ էդպիսի մարդիկ հարված են հասցնում մրցանակին: Իսկ ինչո՞ւ Գրողների միությունը դեմ չէ սրան, մինչդեռ կարող էր աղմուկ բարձրացնել»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Արտեմ Հարությունյանի՝ ԱՄՆ այցելությանը. նա հանդիպումներ է ունեցել Գլենդելի հասարակական գրադարանում, եղել են բազմաթիվ ելույթներ, մասնավորապես Կալիֆոռնիայի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության բաժնի վարիչ, պրոֆեսոր Պիտեր Քաուին շատ բարձր է գնահատել իր պոեզիան: Հանդիպումներ են կայացել Լոս Անջելեսի համալսարանում, Դաշնակցության երիտասարդական կենտրոնում, Արեւմտյան թեմի առաջնորդարանում: Ի թիվս այլ գործերի, կարդացել է վերջին շրջանի «Ծածկագրեր բացահայտ կտավի համար» շարքը: Արտեմ Հարությունյանը ներկայումս աշխատում է նոր գրքի վրա, որը կոչվում է «Հայոց հողի ծածկագիր տեսիլքներ»: Հեղինակի ասելով, այն պատրաստ կլինի մինչեւ սեպտեմբեր: Նա պատրաստվում է գիրքը ներկայացնել նախագահի մրցանակի:

Խոսելով գրականության մասին, բանաստեղծը մեջբերեց Թոմաս Էլիոթին, ասելով, որ հասարակությունն այժմ բարդ է, եւ այն արտացոլող գրականությունը նույնպես ստիպված է լինել բարդ, հակառակ դեպքում չի արտացոլի այդ բարդ հասարակությանը: Վերջերս այդ համատեքստում Հարությունյանը մի հարց է ուղղել պոեզիայի փառատոնի շրջանակներում Հայաստան այցելած արաբ մեծանուն բանաստեղծ Ադոնիսին. «Ասացի, որ պոեզիադ մի քիչ աբստրակտ է եւ հերմետիկ, մի՞թե արաբական աշխարհը խնդիրներ չունի ու քո հերմետիկ պոեզիայով է առաջնորդվելու: Դրանից հետո մի քանիսը մոտեցան եւ ասացին, թե խիստ հարց եմ տվել: Ես դեմ եմ նաեւ, որ գրողը «տիտիկ» անի ադաթների տակ»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930