Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիան» փորձում է փրկվել

Ապրիլ 26,2013 15:13

Ավիաընկերությունը առողջացման ծրագիր է մշակել. կառավարություն ներկայացնելուց հետո կորոշվի՝ «կբուժվի՞» ընկերությունը, թե՞ ոչ:

«Արմավիա» ավիաընկերությունը կարծես չի ցանկանում լքել քաղավիացիոն շուկան. ընկերությունը, որ դեռ վերջերս հայտարարել էր, թե սնանկացման գործընթաց է սկսելու, ու արդեն 1 ամիս է՝ ոլորտի պատասխանատուներն ու հասարակությունը սպասում են, թե սնանկություն ճանաչելու համար կդիմի՞ «Արմավիան» դատարան, թե՞ ոչ, երեկ պարզվեց, որ ավիաընկերությունը առողջացման ծրագիր է մշակել: Ավիաընկերությունն այս ծրագիրը ներկայացրել է Հանրային խորհրդին, որն էլ դեռ պետք է կառավարության «դատին» հանձնի, իսկ մինչ կառավարությունը կորոշի՝ «շանս» տալ ավիաընկերությանը, թե ոչ, ներկայացնենք, թե ինչ է ուզում պետությունից «Արմավիան»՝ առողջանալու համար:

Ավիաընկերությունն իր ծրագրում նշել է, որ պետական բյուջեին հսկայական գումարներ է պարտք, եւ եթե առաջիկայում հարկայինը դիմի դատարան, ապա իրենց առողջացման ծրագիրը դժվար թե իրականանա. պետբյուջեին ավիաընկերությունը պարտք է մոտ 7 միլիարդ դրամ, որից տույժը կազմում է մոտ 17,4 միլիարդ դրամ: Որպեսզի մենք ունենանք ազգային ավիափոխադրող, իսկ դրա համար, ինչպես գրված է ծրագրում, անհրաժեշտ է 50+1% բաժնետոմսերի ազգային փաթեթ ունեցող ավիաընկերություն, ընդ որում՝ ընկերությունը պետությանն առաջարկում է ձեռք բերել 24,1%-ը, իսկ «MIKA ltd»-ն էլ՝ 26%, մնացած 49,9% էլ կարող է վաճառվել տեղական եւ օտարերկրյա ընկերություններին:

«Արմավիան» կառավարությանը գայթակղելու ու համոզելու համար նույնիսկ վստահեցնում է, որ գտել է մի համաներդրող: «Արդեն իսկ այսօր ավիաընկերությունը գտել է համաներդրող, սակայն չի կարող սկսել ընկերության վերակազմավորումը, քանի որ սպասում է հանդիպակաց քայլեր պետության կողմից»,- գրված է առողջացման ծրագրում:

«Արմավիան» առողջացման համար առաջարկում է շուկան կարճ եւ երկար հեռավորությամբ ուղղությունները բաժանել ավիաընկերությունների միջեւ: Սա, ըստ «Արմավիայի», թույլ կտա օգտագործել նմանատիպ ինքնաթիռների պարկ եւ բավականին կնվազեցնի օդանավերի պահպանման եւ շահագործման ծախսերը: Բացի այդ, ավիաընկերությունը պետությանն առաջարկում է հետագայում վերանայել փոքր ավիացիայի եւ ներքին չվերթների վերականգնման հնարավորությունը:

Ավիաընկերության առողջացմանը նաեւ կնպաստի ազգային ավիափոխադրող եւ բազային օդանավակայան հասկացությունների հստակ չափորոշիչներ սահմանելը: Սա, ըստ ծրագրում նշված մեկնաբանության, կօգնի հստակ սահմանել այն ավիաընկերությունների գործառույթներն ու առավելությունները, որոնք կունենան վերը նշված կարգավիճակը: «Արմավիան» բազմիցս նշել է, որ «Զվարթնոցի» ծառայությունների գները բարձր են, օդանավակայանի ղեկավարությունն էլ մշտապես հավաստիացրել է, որ իրենց ծառայությունները թանկ չեն եւ դեռ մի բան էլ, ի տարբերություն օտարերկրյա ընկերությունների, հենց «Արմավիային» են զեղչեր անում: Այդուհանդերձ, ավիաընկերությունը գտնում է, որ օդանավակայանի իրենց ծախսերին բաժին է ընկնում չվերթի տնտեսական ծախսերի ինքնարժեքի 15%-ը, որը շատ թանկ է: Ուստի առողջացման համար ավիաընկերությունն առաջարկում է օդանավակայանի գործող սակագներից 30%-ից ոչ պակաս զեղչեր սահմանել «Արմավիայի» համար: Եթե օդանավակայանը ընդառաջի ավիաընկերությանը, ապա, ինչպես նշված է ծրագրում, ընկերությունը բավականաչափ մեծ գումարներ կարող է տնտեսել: Հաջորդ «ցավոտ» ու լրացուցիչ մեծ ծախսեր պահանջող խնդիրը «Արմավիայի» համար 2009-ին կառավարության որոշած 10 հազար դրամ «օդի փողն էր», որը որպես պետական տուրք մտավ տոմսերի արժեքի մեջ: «Արմավիան», կոպիտ ասած, մեղադրում է կառավարությանը, որ վերջինս այդ պետական տուրքը սահմանելիս հաշվի չի առել կառավարության հետ կնքած պայմանագիրը, ըստ որի՝ որեւէ փոփոխություն մտցնելուց առաջ այն պետք է համաձայնեցվի ավիաընկերության հետ: «Արմավիան» վստահեցնում է, որ 10 հազար դրամ պետական տուրք մտցնելուց հետո ավիաընկերությունը ստիպված է եղել նվազեցնել տոմսերի գները: Սա ավիաընկերությունն իր փաստաթղթում այնպես է ձեւակերպել, ըստ որի՝ ստացվում է, որ իրենք մեծ վնասներ են կրել, բայց մտածել են ուղեւորների մասին, մասնավորապես՝ որպեսզի ուղեւորները չմեկնաբանեն, թե «Արմավիան» տոմսերը թանկացրել է: Ավիաընկերությունը պնդում է, որ կառավարությունը պետտուրքի չափը սահմանելով՝ խտրական վերաբերմունք է ցուցաբերել իրենց նկատմամբ՝ հաշվի չառնելով ավիաընկերության կարծիքը:

«Արմավիան» իր առողջացման ծրագրում արդարանում է, որ մինչեւ 2009 թվականը իրենց գործերը շատ լավ էին ընթանում, բայց երբ չվերթների արտոնությունները փոխվեցին ի շահ ռուսական ընկերությունների, «Արմավիան» սկսեց դանդաղ կործանվել: «2009-ին ուղեւորային ավիափոխադրումների շուկայի ազատականացման պատրվակով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ստորագրվեց լրացուցիչ համաձայնագիր, որը փոխեց հավասարություն պահպանման իրավիճակը: Մասնավորապես, հանվեցին բոլոր սահմանափակումները, որոնք զսպում էին ռուսական ավիափոխադրողներին»,- գրված է «Արմավիայի» ծրագրում: Այդ փոփոխությունները վերաբերում են տեղական եւ ռուսական ավիաընկերությունների ուղեւորային նստելատեղերի համահավասար բաժանմանը: Այսինքն՝ մինչեւ 2009 թվականը այս ավիաընկերությունները պայմանավորվածություն ունեին տարվա ընթացքում 500 հազար ուղեւորային նստելատեղով չվերթներ անել, ընդ որում՝ այդ 500 հազար ռուսական երկու ընկերություններն իրար մեջ էին բաժանել, ամենքին՝ 250 հազար նստելատեղ ուղեւորափոխադրում: Ռուսաստանի հետ համաձայնագրից հետո նստելատեղերը փոխարինվեցին չվերթներով, եւ ռուսական ընկերությունները սկսեցին մեծ օդանավերով ու ավելի շատ ուղեւորներով չվերթներ իրականացնել, իսկ «Արմավիան» մնաց փոքր ու քիչ նստելատեղերով օդանավերի հույսին:

Եվ վերջապես՝ առողջանալու համար հայկական ավիաընկերությունը առաջարկում է օդանավակայանում կայանելու համար էլ միայն «Արմավիային» 30% զեղչ սահմանել, թույլ տալ ինքնուրույն ձեռք բերել ավիավառելիք, այլ ոչ թե ստիպված գնել «Զվարթնոցից», եւ օդերեւութաբանական տեղեկատվություն ստանալու ծառայությունն էլ ներառել աէրոնավիգացիոն ծառայության մեջ:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930