Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հասնելու տեղը

Ապրիլ 26,2013 15:06

Անտեսանելիի, անճանաչելիի հանդեպ վախն էր թերեւս, որ մարդուն ստիպեց զգուշորեն ետ քաշել դեպի անհայտություն տանող առաջին վարագույրը: Վարագույր, որը բաժանում էր մարդուն աստվածներից՝ սկզբում կին աստվածուհիներից, հետո՝ տղամարդ: Մարդն ուզում էր ճանաչել այն, ինչ գիտեին աստվածները, եւ ինչն անհասու էր իրեն: Եվ մարդը ետ քաշեց վարագույրը ու շատ կարճ ուրախությունից հետո անմիջապես էլ տեսավ, որ ինքը նույն տեղում պտտվող անիվ է եւ ոչ մի քայլ առաջ չի գնացել, քանի որ վարագույրի ետեւում դարձյալ վարագույր էր, պատի ետեւում՝ դարձյալ պատ: Կանայք, սակայն, ի սկզբանե բնազդով զգում էին դա եւ չէին էլ փորձում առնչվել անհայտին, քանի որ գիտեին մահվան մասին, իսկ տղամարդիկ չէին ընդունում մահը եւ անմահություն էին փնտրում: Կինը երազում էր հարմար տեղավորվել իրեն տրվածի մեջ եւ երջանկանալ իր ունեցածով, իսկ տղամարդն ավելի շատ սիրում էր իր չունեցածը եւ շարունակ ուզում էր պատռել կյանքը մահից բաժանող վարագույրը՝ մինչեւ վերջ էլ չհաշտվելով մահվան գոյության հետ:

Եվ տղամարդու ողբերգական փնտրտուքի այդ ճանապարհին, որ ըստ էության հուսահատ փախուստ էր մահվանից, նա անընդհատ ստեղծում էր նոր հարմարավետություններ՝ անիվ, փիլիսոփայություն, հեռուստացույց, տիեզերանավ… որ մի քիչ ավելի մոտենա Աստծուն, ժխտի իրեն հետապնդող մահը, հասկանա՝ ի՞նչ կա վարագույրից այն կողմ: Այնինչ՝ վարագույրից այն կողմ վարագույր էր եւ պատից այն կողմ՝ դարձյալ պատ: Մի բան, որ կինը ի սկզբանե շատ լավ գիտեր եւ իր տաք սիրով փորձում էր նույնը ներշնչել իր տղամարդուն, ով իր հայտնագործությունների ծփանքին հանձնված՝ չէր էլ ընկալում, թե ինչպես է ինքը փոխվում, թուլանում՝ հույսը դնելով իր ստեղծածների վրա, ինչպես է հեռանում իր նախաստեղծ բնույթից եւ իր մոլեգին որոնման հազվագյուտ դադարների ընթացքում միայն ընդամենը մի պահ վերադառնում Աստծուն, որ նրա ձայնի մեջ գտնի մեղքերի թողության փրկարար խոսքը:

Սակայն կինը, ով չէր էլ մտածում ճանաչել տիեզերքը, իր գաղտնատես զգացողությամբ հաստատ գիտեր, որ առաջ գնալու ճանապարհը ոչ թե տեղում պտտվող անիվն էր, այլ պարույրը, որը թվում է, թե չի պտտվում: Կինը գիտեր նաեւ, որ մահը, ինչից փախչում է իր տղամարդը, եւ անմահությունը նույնպես իր՝ կնոջ ներսում էր: Իսկ ո՞ւր պիտի փախչեր տղամարդն իրենից՝ կնոջից, չէ՞ որ բոլոր պատերից ու վարագույրներից այն կողմ նստած էր կինը՝ խորհրդավոր ժպիտը դեմքին, ինչպես Մոնա Լիզան հավերժի քննող հայացքով՝ եկա՞ր, տեղ հասա՞ր:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մտահոգ է շատ Տեր-Գուլանյանը,
    Տիզերեական մեծ փիլիսոփան,
    Մտքեր է հղում՝ ողջ մարդկությանը,
    Եվ ամենակարճ՝ լավ կյանքի ճանփան:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930