Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցների «մանր ծառայությունները»

Ապրիլ 26,2013 15:04

Որքան էլ հանրապետականները առարկեն, պարզ է՝ ամեն մի ընտրարշավ կրկին ու կրկին ապացուցում է, որ դպրոցները Հայաստանի արատավոր համակարգի մի մասն են եւ ակտիվորեն, կասեի նաեւ՝ ցինիկաբար օգտագործվում են ընտրություններում՝ իշխանության վերարտադրությունն ապահովելու համար:

Անհերքելի փաստ է, որ դպրոցների տնօրենները ուսուցիչներից պահանջում են մարդկանց ցուցակներ, որոնք, ենթադրաբար, քվեարկելու են Տարոն Մարգարյանի օգտին, եւ այդ ցուցակներն ուղարկվում են ՀՀԿ տարածքային շտաբներ կամ, որը նույնն է՝ վարչական շրջանների գրասենյակներ (դիտեք «Ա1+»-ի նյութը):

Ես գրեցի՝ «որը նույնն է», բայց դա չպիտի նույնը լինի. վարչական շրջանի ադմինիստրացիան պետք է հանդես գա որպես պետական, ոչ թե քաղաքական-կուսակցական մարմին. նրա գործառույթների մեջ ամենեւին չի մտնում մոբիլիզացնել վարչական ռեսուրսներն ու թաղի քրեական տարրերին՝ գործող քաղաքապետի հաղթանակն ապահովելու համար: Բայց քանի որ հենց գործող քաղաքապետն է նշանակում վարչական շրջանի ղեկավարին, վերջինս էլ ղեկավարում է մնացած աշխատողներին, եւ նրանք բոլորը կապված են, այսպես ասած, «կոռուպցիոն ռիսկերով», այդ բոլոր մարդիկ մեծապես շահագրգռված են, որ մնա գործող քաղաքապետը, իսկ դրա համար անհրաժեշտ է «հանրապետական» ձեւանալ: Եթե գա մեկ այլ քաղաքապետ, նա կնշանակի վարչական շրջանի այլ ղեկավարներ, որոնք «կոռուպցիոն ռիսկերը» վայելելու են այլ թիմերի հետ, եւ այդ թիմերը կկպցնեն համապատասխան կուսակցության կրծքանշանը: Խնդիրը, հետեւաբար, ոչ թե վարչական շրջանների կուսակցական լինելն է (դա հետեւանք է), այլ համակարգը, որը ստիպում է խառնել «պետական եւ սեփական բուրդը»:

Դպրոցների դեպքում իրավիճակն ավելի մտահոգիչ է դառնում այնքանով, որ նույնատիպ սխեմայի պայմաններում դպրոցի տնօրենների, փոխտնօրենների եւ ուսուցիչների նվաստացմանը կամա թե ակամա ականատես են դառնում երեխաները, ինչը, մեղմ ասած, չի նպաստում նրանց քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացմանը: Դպրոցի կամ մանկապարտեզի տնօրենը ստիպված է կպցնել իշխող կուսակցության կրծքանշանը, որովհետեւ հակառակ դեպքում վարչական շրջանը իր դպրոցին «լավ աչքով չի նայի»: Իսկ «լավ աչքով նայելու» համար դպրոցի ղեկավարությունից, ինչպես ասում էր Օստապ Բենդերը, ամեն մի կալորիայի դիմաց պահանջվում են «բազմաթիվ փոքրիկ ծառայություններ»: Դրանց թվում են, անշուշտ, այդ «ընտրական ծառայությունները»:

Կասեք՝ ինչի՞ համար է պետք այդ «պոտենցիալ ընտրազանգվածի» ցուցակը, որը վարչական շրջանը հանձնարարում է տնօրենին, տնօրենը՝ ուսուցիչներին, իսկ ուսուցիչներն այդ հարցով դիմում են, բնականաբար, իրենց աշակերտների ծնողներին: Չէ՞ որ քվեարկությունը գաղտնի է: Այո, գաղտնի է, բայց այդ քիչ թե շատ «հուսալի» մարդկանց հետ կարելի է «աշխատել»՝ ընտրակաշառք բաժանել, հոգեբանական տարատեսակ ճնշումներ գործադրել, որը եթե նույնիսկ տա 50 տոկոսանոց արդյունք, դա էլի արդյունք կլինի:

Այստեղ խնդիրը երկկողմանի է: Մի կողմից՝ իշխանությունը պիտի հասկանա, որ չի կարելի դպրոցներն օգտագործել իր քաղաքական նպատակների համար: Մյուս կողմից էլ՝ տնօրեններն ու մանկավարժները պետք է գիտակցեն, որ իրենց առաքելությունը շատ ավելի բարձր է: Իմ ասածը ուտոպիա՞ է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Այո, ցավոք սրտի:

  2. ani says:

    2008թ. նախագահական ընտրությունների օրերին մի օր բառիս բուն իմաստով բռունցքներով ծեծում էին դուռս: Երբ ես վրդովված բացեցի դուռը, կանգնած էր պատկառելի տարիքի մի կին, որը Սերժ Սարգսյանի օգտին քարոզչություն էր անում և հետն էլ ուզում էր անձնագրային տվյալներս:
    Երբ ես վրդովված կարգի հրավիրեցի տիկնոջը՝ հայտնելով որ դուռը նման ձևով թակելն ու մարդկանց հանգիստը խանգարելն արդեն իսկ անքաղաքավարություն է, նա շուկայում առևտուր անող կնոջ բառապաշարով և տոնով ինձ ասաց, որ ինքը մեր շենքի կողքի դպրոցի ուսուցչուհիներից է և ես շատ փոքր եմ իրեն դիտողություն անելու համար: Մեծ ցավ ապրեցի մեր երեխաների համար, որ նման մանկավարժներն են իրենց <>:

  3. Մարգար Մախսուդյան says:

    Ո՛չ, հարգելի Արամ, բարեբախտաբար, ուտոպիա չէ, այլ վաղուց հասունացած ու բացահայտումների միջոցով արագ լուծվելու ենթակա հարց: Սակայն մի բան է զարմացնում ինձ՝ երբ ասում եք.
    ՛՛Մի կողմից՝ իշխանությունը պիտի հասկանա, որ չի կարելի դպրոցներն օգտագործել իր քաղաքական նպատակների համար՛՛:???
    Այս միտքը ավելի քնքշորեն էլ են ձևակերպում, ասելով.
    ՛՛Իշխանությունը պետք է քաղաքական կամք դրսևորի….՛???????
    Կամք դրսևորի, որ ի՞նչ անի, որ իր հացին ՛՛վայիս ըլնի՞՛՛ Նա իր հացին ՛՛վայիս ըլնողների՛՛ նկատմամբ այնպիսի ստոր հաշվեհարդար է իրականացնում, ընդ որում օգտագործելով գլխատված դատական համակարգի մարմնի տարբեր մասերը, որ Աստված հեռու պահի, իսկ դուք ասում եք՝ պետք է հասկանա:
    Չնայած փոքրիկ դիտողությանս, այնուամենայնիվ հոդվածը շատ ողջունելի է և օգտակար, հատկապես ՛՛հասկանալու՛՛ ցանկություն չունեցողներին ՛՛զաստավիտով՛՛ հասկացնելու առումով… 🙂

  4. Armine G says:

    Սա թերևս ուտոպիա է Հայաստանի համար, մինչդեռ զարգացած երկրների համար, որոնց պետք է դեռ հասնենք, սա պարզ գիտակցված իրականություն է: Հայաստանում այդ գիտակցական մակարդակին ազգովին դեռ չենք հասնել: Սա է պրոբլեմների սկզբնաղբյուրը:

  5. Նելլի says:

    Հարգելի Արամ իմ դուստրը սովորում է 9-րդ դասարանում, Երևան քաղաքի այսպես կոչված էլիտար դպրոցում, որի հասցեին վերջերս անընդհատ անհարկի հերյուրանքներ են թափվում՝ կապված քաղաքական էլիտայի որդիների պատճառով: Չեմ հիշում մի դեպք, երբ մեզ հավաքեն, ժողով անեն, քարոզեն սրան-նրան ընտրել, ինչը չէի ասի իմ բարեկամների մասին, որոնք սովորում են այսպես ասած համեստ, արվարձանային դպրոցներում:
    Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր դպրոց և տնօրեն լավ գիտի, թե ինչ կոնտինգենտի հետ է աշխատում, որովհետև համոզված եմ, որ եթե մեր տնօրենը մեզ հավաքեր ու փորձեր քարոզ անել՝ կամ մենք չեինք գնա այդ ժողովին, կամ ել կանեինք լրիվ հակառակը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930