«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր հովանավորությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ապրիլի 28-ից մայիսի 21-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնը, որն այս տարի նվիրվում է կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի հիշատակին: Այս մասին այսօր`
Հայաստանի ազգային պատկերասրահում լրագրողներին հայտնեց փառատոնի հիմնադիր, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը:
Նա փառատոնը կարեւորեց այն հանգամանքով, որ առաջին անգամ այն անցկացվելու է առանց փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ Էդուարդ Միրզոյանի, ով վերջերս կյանքից հեռացավ. «Մենք այն երջանիկներից ենք, ովքեր շփվել են նրա հետ մարդկային եւ ստեղծագործական առումով»:
Տիկին Շահինյանը տեղեկացրեց, որ փառատոնը կներկայանա տարբեր համերգներով եւ պրեմիերաներով, ինչպես նաեւ` պատանի կատարողների ելույթներով:
Կարդացեք նաև
Փառատոնի մասնակից, մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանը հայտնեց, որ ներկայացնելու է Կաչինիի «Ավե Մարիան», ինչպես նաեւ Վիվալդիի «Նիսի դոմինուսը»:
Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նվագախումբը մինչ այդ էլ համագործակցել է փառատոնի հետ: «Նորից կատարելու ենք Միրզոյանի սիմֆոնիան: Երբ առաջին անգամ այն կատարեցինք Հայաստանում, Էդուարդ Միրզոյանը դահլիճում էր: Համերգի վերջում իջա բեմից եւ մոտեցա նրան` նկատելով, որ աչքերից արցունք էր գալիս: Նա ասաց, որ մեծ հաճույք է ստացել: Երկրորդ անգամ կատարեցինք նրա հիշատակին: Ամեն անգամ կատարելուց դահլիճում աչքերով նրան եմ ման գալիս, որ տեսնեմ` գոհ էր, թե ոչ: Նա շատ ազնիվ էր. եթե մի բան դուրը չէր գալիս, ասում էր»,-ասաց Վահան Մարտիրոսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ