Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան Հայաստանում բնակչության իրավիճակի, նպատակների եւ միգրացիայի հետ կապված հետազոտություն է կատարել, բայց առիթը բաց չթողնելով ուսումնասիրել են նաեւ հանրային տրամադրությունները՝ Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված: Հարցումների արդյունքներն այսօր ներկայացվեցին Մամուլի ազգային ակումբում:
Երեւանի 12 համայնքներում 1000 չափահաս բնակիչների միջեւ անցկացված հարցումների արդյունքում ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանին զարմացրել է այն, որ հարցվածների 80 տոկոսն ասել է, որ մասնակցելու է ընտրություններին: Նրա դիտարկմամբ, ուսումնասիրությունները փաստում են, որ ամենաբարձր մասնակցությունը լինում է նախագահական ընտրությունների ժամանակ: Մի փոքր ավելի քիչ՝ խորհրդարանականում, իսկ ՏԻՄ ընտրություններում մասնակցությունը շատ ցածր է լինում: Այնուհանդերձ, սոցիոլոգն ակնկալում է մոտ 60 տոկոս մասնակցություն,
ինչը տեղական ինքնակառավարման մարմինների համար դարձյալ բարձր ցուցանիշ է համարում, ինքը՝ սոցիոլոգը, սա բացատրում է նաեւ նրանով, որ մի շարք առաջատար կուսակցություններ նախագահական ընտրություններին չէին մասնակցում, իսկ այժմ՝ մասնակցում են:
Ավանդական հարցին՝ ո՞ր կուսակցությանը կընտրեիք, 48,3 տոկոսն ասել է՝ ՀՀԿ-ին, 16,1 տոկոսը՝ ԲՀԿ-ին, 8,4՝ «Բարեւ Երեւան»-ին, 4,4՝ ՀԱԿ, 4, 2՝ ՕԵԿ, ՀՅԴ՝ 2,2: Փաստորեն, առաջատարը ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն են: «Այն իրավիճակը, որը մենք ունեինք խորհրդարանական ընտրությունների ժամանակ, կարծես թե վերականգնվում է ավագանու ընտրությունների պարագայում»,- ասաց պարոն Պողոսյանը: Ամենաբարձր վարկանիշը ՀՀԿ-ինն է, բարդ է ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի գործը:
Կարդացեք նաև
ԲՀԿ-ին առավել կողմնակից են կանայք եւ երիտասարդները, «Բարեւ Երեւանին»՝ տարեցները, իսկ ՀՀԿ-ին՝ միջին տարիքի մարդիկ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ