Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ ավագանու ցուցակից Լեւոն Իգիթյանը խոսեց ընտրությունների մասին:
Իգիթյանի ձեւակերպմամբ` մի նոր տրամադրություն կա, ինչի համար ինքն ուրախ է: Ըստ նրա` մեր հասարակությունը կարծես թե սկսել է քաղաքականացման վիճակից հետ կանգնել եւ գործով զբաղվել, իսկ վերջին քսան տարում հասարակությունը քաղաքական ճնշման տակ էր ապրում`«Դա մեր առաջընթացին չի նպաստում, իսկ մենք մեծ անելիքներ ունենք: Ինչքան քաղաքականացման պրոցեսը պակասի, այնքան արարման պրոցեսը կշատանա»:
Իգիթյանի խոսքով` վերջին 20-25 տարում ձեւավորվել է քաղաքական մի կլուբ, որտեղ մարդիկ այս կուսակցությունից այն կուսակցություն էին գնում, բանավիճում, կռվում, բայց`«Մենք 11 մայրաքաղաք ենք կորցրել, թողեք գործ անենք, բացի այդ, մեզ հարցրե՞լ են, որ քաղաքական վարժություններ են անում: Ամեն ամբիցիան կուսակցություն է դառնում, այսքան ամբիցիա չի կարելի ունենալ»:
Իգիթյանը գտնում է, որ ամեն մեկն իր գործը պիտի անի, կոշկակարն իր կոշիկը կարի, բժիշկը բժշկի` «Մի՞թե այս երկրին աշխարհագրության դասատու պետք չի, բոլորը քաղաքականությամբ են զբաղվում»:
Կարդացեք նաև
Իգիթյանը նաեւ հայտնեց, թե որ կուսակցությունն էլ առաջարկեր դառնալ ավագանու թեկնածու, ինքը կգնար, բացի ՀԱԿ-ից` «Դեստրոկտիվ մարդկանց հետ ես գործ չունեմ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ