Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ ավագանու անդամը «Տուրբոյի» մասին.« Լավ մարդ չէ»

Ապրիլ 26,2013 13:44

«Ամեն մի ընտրություն մեր հանրության մեջ առաջացնում է լուրջ խնդիրներ՝ ե՛ւ արդարության, ե՛ւ վստահության, ե՛ւ ամեն մարդու դոսյեն նորից թերթելու: Մի տեսակ քննություն է հասարակության համար, թե այս քաղաքական ուժը, որ այսօր ճամարտակում է, ուրիշ դիրքերից է խոսում, երեկ ինչով էր զբաղված»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց լրագրողների միության նախագահ, ՀՀԿ ավագանու թեկնածու Աստղիկ Գեւորգյանը:

Նա չհամաձայնեց ավագանուն ուղղված այն քննադատության հետ, թե իրենք գնում ու խելոք քվեարկում, եւ ոչինչ չեն անում. «Այդպես չէ, որ գնում ենք խելոք քվեարկում: Լավ կլիներ՝ լրագրողի քննադատությունը սկսվեր հանձնաժողովներից: Լրագրողները չէին գալիս հանձնաժողովի նիստերին, մասնակցում են միայն ավագանու նիստերին»:

Հետո նա թվարկեց այն խնդիրները, որոնց վերացման համար կողմ են քվեարկել՝ անվճար մանկապարտեզներ, դպրոցների ջեռուցման հարցը, պատերազմի մասնակիցներին գույքահարկից ազատելը, խաղահրապարակների ձեւավորումը:

Նա վստահեցրեց՝ ավագանու մեջ ներգրավվելով անձնական սպասելիքներ չունի. «Սպասելիք ու խնդրելիք չունեմ, որովհետեւ Երեւանը շատ եմ սիրում ու իմ սիրտը ցավում է ամեն մի փոսի, աղավաղման համար, բացի սիրտ ցավալուց՝ լծակ չեմ ունեցել դրա դեմ պայքարելու համար»:

Տիկին Գեւորգյանը նշեց նաեւ Տարոն Մարգարյանի առավելությունը մյուս թեկնածուներից՝ Տարոն Մարգարյանի աշխատանքը բոլորի աչքի առջեւ է.           « Տեսանք նրա աշխատանքը եւ Ավանում եւ Երեւանում: Նա արդեն գիտի՝ ինչպես պետք է քաղաքը կառավարի: Նա շատ լսող ու սրտացավ ինչ-որ բաներ ունի…կուսակցական պատկանելության խնդիր չեմ դնում, նրա աշխատանքը պարզապես մեր աչքի առջեւ է: Չգնահատել արված աշխատանքը, դեռ չի նշանակում, որ ավելի լավ կարող են անել»:

Տիկին Գեւորգյանը թեեւ չի ճանաչում ավագանու անդամ Աշոտ Պապայանին, որը հարձակվել էր ilur.am-ի լրագրողի վրա, խոչընդոտել նրա աշխատանքը, բայց դատապարտեց նրա պահվածքը. «Դատապարտում եմ յուրաքանչյուր անկիրթ պահվածք, ոտնձգություն, ահաբեկչություն, ոչ վայելուչ պահվածք, ուր մնաց, թե հարձակում: Ոչ մեկի իրավունք չի տրվում խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությունը… Ոստիկանության համար մեկ պարտքն է միջամտել, երբ որեւէ մեկը խախտում է… չեմ ճանաչում, չեմ էլ իմացել, որ ավագանու անդամ է: Եթե նա է թույլ տվել, ով իրեն վատ է պահում, ընդունակ է եղել այդ քայլին, արդեն բնութագրում է իրեն, լավ մարդ չէ: Մարդն է իր մասին կարծիք ստեղծում: Քաղաքապետարանի աշխատանքի ոչ թափանցիկության մասին, ասաց, որ վերջին չորս տարիներին հանրություն-քաղաքապետարան կապ է ստեղծվել մեկ պատուհանի միջոցով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930