Ապրիլի 25-ին Իջեւանում Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրինք, թե այժմ քաղաքական ուժերը պայքարում են Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում շատ ձայներ ստանալու համար, իր մարզային այցերը չե՞ն խանգարի, որպեսզի «Բարեւ Երեւանը» ավագանու ընտրություններում լավ արդյունքներ ունենա:
Նա ասաց. «Երեւանում «Բարեւ Երեւանը» կհաղթի: Մենք կիրակի օրը արդեն կվերադառնանք մարզային այցելություններից եւ կլծվենք ընտրարշավի, քարոզարշավի մի վերջին շաբաթը միանալով «Բարեւ Երեւան» վերկուսակցական, միակ վերկուսակցական ցուցակի հաղթարշավին… Այն կախված չէ Րաֆֆի Հովհաննիսյան անձից,այլ նրանից, թե Հայաստանի մայրաքաղաքի բնակիչները հնարավորություն ունե՞ն վերջապես ընտրել այն ցուցակը, որը հարգանք բոլոր մրցակիցներին, իսկապես արժանի մրցակիցներ ունենք, բայց միակ ցուցակը, որը վերկուսակցական է, որը քաղաքացիական է, որը ցույց է տալիս, որ մեր մայրաքաղաքը եւ բոլոր քաղաքները՝ Իջեւանը, Նոյեմբերյանը, որ հաղթեց փետրվարի 18-ին, այդ հաղթանակը շարունակի նաեւ քաղաքապետական ընտրություններում: Եվ մենք ինչպես խոստանցել ենք՝ այս մի քանի ամիսների եւ տարիների ընթացքում, հինգ տարի չի քաշի, ոչ մի ակնթարթ է, ոչ էլ հինգ տարի, բայց մի քանի տարիների ընթացքում մենք պետք է վերադարձնենք, ըստ մեր սահմանադրության, իշխանությունը ժողովրդին: Մայիսի 5-ին դա կլինի Երեւանում: Եվ մենք վստահ ենք, որ Իջեւան, Նոյեմբերյան, Բերդ,Դիլիջան, քայլ քայլ առ այդ իշխանությունը կվերադարձնենք ժողովրդին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ