Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԵԼՈՔԸ

Ապրիլ 26,2013 12:32

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ երեսունչորսերորդ

ԽԵԼՈՔԸ

Եվ Բարձրահասակը մի քիչ մտածեց ու երջանիկ ժպտալով Կարճահասակին  ասաց՝ «կարեւորն էն ա, որ մերոնք էսօր գավաթը վերցրին»  եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ չեմպիոն դառնան, մի յաշիկ պիվա էլ կառնեմ», եւ Կարճահասակը ժպտալով ասաց՝ «օր չեմպիոն դառնան, ե՛ս կառնեմ», եւ Բարձրահասակը ժպտալով ասաց՝ «օրենքով էս անգամ էլ դու պիտի առնես», եւ Կարճահասակը զարմացած հարցրեց՝ «ե՞ս ինչի պիտի առնեմ», եւ Բարձրահասակը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ էրկու գոլն էլ զեմլյակդ խփեց», եւ Կարճահասակը ժպտալով ասաց՝ «Իշտոյանին էդքան անուն կկպցնեին, բայց էրկու գոլն էլ ինքը զարգեց», եւ Բարձրահասակը ժպտալով ասաց՝ «էսօրվա հաղթանակը պատմական հաղթանակ ա», եւ Կարճահասակը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իմ հաղթանակն էլ է պատմական հաղթանակ», եւ Բարձրահասակը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ հաղթանակ», եւ Կարճահասակը ժպտալով ասաց՝ «էդ գրազն օր քեզի կրեցի», եւ Բարձրահասակը ժպտալով հարցրեց՝ «դրա ի՞նչն էր պատմական», եւ Կարճահասակը ժպտալով ասաց՝ «երեւի կյանքումդ առաջին անգամ գրազ կրվար», եւ Բարձրահասակը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ճիշտ ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «սրանից հետո ամբողջ կյանքում էս Բեյլերյանին կհիշեմ», եւ ես ժպտալով Բարձրահասակին ասացի՝ «բայց Բեյլերյանի քեռիներին ճանաչեցիք», եւ Բարձրահասակը ժպտալով ասաց՝ «իրա քեռիները հանրապետության մասշտաբով ճանաչված մարդիկ են» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «գեներալն ու Մաքսիմը Սայուզի մասշտաբով էլ են ճանաչված» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Մաքսիմի հետ Սոչիում եմ  ծանոթացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «էրկուսս էլ «Ժեմչուժինայում» էինք մնում», եւ ես ժպտալով ասացի՝ «Հրաչենց ցեղը շատ հայտնի ցեղ ա» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «մանավանդ՝ մորական կողմը», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես չգիտեի, որ Մարուսյա Մարտիրոսյանը ժողովրդականի կոչում ունի», եւ ես ասացի՝ «Հրաչի հերն էլ ա ժողովրդական», եւ Կարճահասակը ժպտալով Բարձրահասակին ասաց՝ «համենայն դեպս, դու քեզի արդարացրիր», եւ Բարձրահասակը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ իմաստով», եւ Կարճահասակն ասաց՝ «էդ ջահել բանաստեղծին չճանչցար, բայց իրա ազգուտակին մեկ առ մեկ ճանչցար», եւ Բարձրահասակը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրա քեռիներն էնքան հայտնի մարդիկ են, որ իրանց չճանաչելն  ամոթ էլ ա», եւ Կարճահասակը մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «բա ես ի՞նչըղ չեմ ճանչնա», եւ Բարձրահասակն ինքնագոհ ժպտալով Կարճահասակին ասաց՝ «կարող ա՞ ես ու դու մեկ ենք», եւ Կարճահասակը ժպտալով ինձ ասաց՝ «մեր Ջոնն աշխրքի էրեսին սաղ հայտնի մարդկանց կճանչնա» եւ մի քիչ  մտածեց ու ավելացրեց՝ «մեծ մասին անձամբ կճանչնա», եւ ես ժպտալով ասացի՝ «մենակ Բեյլերյան Հրաչին չի ճանաչում», եւ Կարճահասակը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էսորից հետո ձեր էդ Բելյերյան Հրաչին չի մոռնա», եւ Բարձրահասակը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հետաքրքիր ա, որ Շիրազն իրան ճանաչում ա», եւ ես Բարձրահասակին ասացի՝ «կարամ ձեզ հետ  էլ ծանոթացնեմ», եւ Բարձրահասակը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «թող հայտնի բանաստեղծ  դառնա, հետո կծանոթացնես», եւ  ես ժպտալով ասացի՝ «ձեր հարմարությանը նայեք», եւ Բարձրահասակը Կարճահասակին ասաց՝ «գնանք, Ֆելո», եւ Ֆելոն ժպտալով ինձ ասաց՝ «հաջորդ անգամ չեմպիոն դառած վախտ կհանդիպենք», եւ ես ժպտալով ասացի՝ «որ չեմպիոն դառնանք, էս հրապարակում ասեղ գցելու տեղ չի ըլնի», եւ Կարճահասակը ժպտալով ասաց՝ «ես ու Ջոնը հաստատ ըստեղ կէղնինք», եւ ես ժպտալով ասացի՝ «մենք էլ», եւ չնայած շուտով մերոնք չեմպիոն դառան, էդ գիշերվա ֆուտբոլային ուրախությունն ու  ցնծությունը երբեւէ չկրկնվեցին, եւ երբ Կարճահասակն ու Բարձրահասակը հեռացան, ես բավական ժամանակ փահլեւանի մոտ կանգնած մնացի, որովհետեւ պայմանավորվել էինք, որ եթե իրար կորցնեինք, փահլեւանի մոտ պիտի իրար գտնեինք, եւ փահլեւանի մոտերքում կանգնած մտածում էի, որ Հրաչի մորական կողմն իսկապես հազվագյուտ ու բացառիկ տոհմ է, եւ չնայած Բեյլերյան Հրաչը դեռեւս սկսնակ էր, ես համոզված էի, որ Հրաչը շատ շուտով ճանաչված բանաստեղծ է դառնալու, իսկ ինչ վերաբերում է Շիրազի ու Հրաչի անձնական մոտիկությանը, պիտի ասեմ, որ «Արարատի» գավաթակիր դառնալուց ընդամենը մի քանի շաբաթ առաջ Մանկավարժականի մեծ դահլիճում տեղի էր ունեցել Շիրազի հանդիպումն ուսանողության հետ, ու էդ հանդիպումն ամբողջովին մեր բանասիրականի գրական ստուդիայի ղեկավար Բեյլերյան Հրաչն էր կազմակերպել, ու էդ էր պատճառը, որ էդ գիշեր Հրապարակում Շիրազն ու Հրաչն իրար հանդիպելով՝ ուրախացած գրկախառնվեցին, եւ Վարդանիկն էլ Հրաչին  անմիջապես  ճանաչեց, որովհետեւ Վարդանիկը նույնպես ներկա էր Մանկավարժականի ուսանողության հետ Շիրազի էդ հանդիպմանը, եւ Սիրվարդ Մեսրոպյանի հետ մեկումեջ Շիրազի գրվածքներն էին արտասանում, եւ առաջ անցնելով ասեմ, որ Հրապարակի գիշերային էդ աննախադեպ ցնծությունից հետո քաղաքում հաճախ էի տեսնում Բարձրահասակին ու Կարճահասակին, բայց ծանոթություն չէի տալիս, որովհետեւ իրենք ինձ չէին ճանաչում ու նկատում,  եւ չնայած հետագայում կյանքն ինձ ահագին մտերմացրեց Բարձրահասակ Ջոնի ու Կարճահասակ Ֆելոյի հետ, ես իրենց երբեւէ չհիշեցրի Հրապարակի մեր էն կեսգիշերային հանդիպման մասին, եւ Ֆելոն իրականում էնքան էլ կարճահասակ չէր եւ ընդամենը աժդահա Ջոնի կողքին էր կարճահասակ թվում, եւ իրականում միջահասակ ու տաղանդավոր մաթեմատիկոս Հարությունյան Ֆելոյին շրջապատում Խելոք Ֆելո էին ասում, ընդ որում՝ նրան Խելոք Ֆելո էին ասում ոչ թե Սաֆարյան Չաղ Ֆելոյից տարբերելու համար, այլ ընդհանրապես անխելք մարդկանցից զանազանելու համար, եւ, որ ամենակարեւորն ու ամենահետաքրքիրն է, ինքը՝ Ֆելոն էլ էր իրեն Խելոք ասում, ավելի ճիշտ՝ Խելքով, եւ Ֆելոն մեկ իր խելքն էր չափազանց բարձր գնահատում, մեկ էլ՝ Ջոնի արտաքինը, ու Ֆելոն նաեւ իր քաջությունն ու համարձակությունն էր բարձր գնահատում՝ մշտապես ասելով ու կրկնելով, որ քչերը ռիսկ կանեն Ջոնի պես տեսքով տղամարդու կողքը կանգնեն, իսկ ինքը «Պապլավոկում» ու մշտապես Ջոնի կողքին էր, ավելի ճիշտ՝ ինքը հիմնականում «Պապլավոկում» էր Ջոնի կողքին, իսկ մնացած տեղերում Ջոնը հայտնվում էր միայնակ ու ըստ արժանվույն, ու էդ մնացած տեղերը Հայֆիլհարմոնիայի մեծ ու փոքր դահլիճներն էին, ինչպես նաեւ՝ Օպերայի դահլիճը, ինչպես նաեւ՝ Գրողների միության դահլիճը, որտեղ տեղի էին ունենում պոեզիայի ու գրական երեկոները, ինչպես նաեւ՝  բոլոր այն դահլիճները, որտեղ տեղի էին ունենում կինոյի ու թատրոնի պրեմիերաները, եւ, էդ ամենից էլ բացի, Ջոնն անձնական մտերմություն ուներ ժամանակի ամենաերեւելի արտիստների ու ստեղծագործողների հետ, որոնք պարբերաբար Ջոնին հավաքույթների ու ճաշկերույթների էին հրավիրում, եւ չնայած Ջոնն ու Խելոք Ֆելոն «Պապլավոկում» համարյա միշտ իրար հետ էին, Ֆելոն ընդհանրապես համերգների ու պրեմիերաների չէր գնում, եւ Ֆելոն համերգների ու պրեմիերաների  իր չգնալը հետեւյալ կերպ էր բացատրում՝ «Ջոնն էդ տեղերը կերթա, օր ինձի պես խելքովնա» եւ մի քիչ մտածում ու ինքնագոհ ժպտալով ավելացնում էր՝ «ե՞ս ինչի էրթամ», եւ Ջոնի կերպարի վրա առանձնապես երկար կանգ չեմ առնի՝ ոչ միայն էն պատճառով, որ նախորդ գլուխներում էլ եմ իրեն ահագին անդրադարձել, այլեւ էն պատճառով, որ առաջիկայում մտադիր եմ ավելի հիմնավոր անդրադառնալ իրեն, եւ հիմա հիշելով, որ Ֆելոյին Խելոք Ֆելո էինք ասում, իսկ Ջոնին՝ ոչ մի ածական, սկսում եմ հասկանալ, որ իրեն ավելի սազական մականուն ու ածական դժվար է գտնել, քան այն՝ որ ժամանակին իր ծնողներն էին գտել ու դրել՝ Ջոն, եւ երբ իննսունվեցին տեղի էին ունենում հերթական նախագահական ընտրությունները, Խելոք  Ֆելոն մի առիթով ասաց՝ «իսկական պրեզիդենտը պիտի իմ խելքն ունենա, Ջոնի՝ վիդն ու գալովկեն» եւ մի քիչ  մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց էրկու էրնեկ մի տեղ չի էղնի» եւ գնաց ու ձայնը տվեց Վազգեն Մանուկյանին, որովհետեւ ինքը ժամանակին Վազգենի դիպլոմայինի ղեկավարն էր եղել, եւ Ֆելոն էլ էսպես ոտի վրա պատմելու ու անցնելու բան չի, եւ Ֆելոյի մասին էլ արժե լիքը ու իմաստավոր  գրել, որովհետեւ գյումրեցի մաթեմատիկոս Հարությունյան Խոլոք Ֆելիքսը, ինչպեսեւ Մանուկյան Ջոնը, մեր մայրաքաղաքի ամենահետաքրքիր բաղադրիչներից էին՝ առաջինն իր խելքով ու սրամտությամբ, եւ երկրորդն՝ իր արտաքին տեսքով ու փայլով, եւ էսօրվա դրությամբ  Խելքովը լուսահոգի է, եւ էսօրվա դրությամբ Ջոնը ողջ է ու առաջվա պես առնչվում է արվեստի ներկայացուցիչների հետ, ընդ որում՝ չափազանց մոտիկից է առնչվում, իսկ ժողովրդական  դերասան Սոս Սարգսյանի հետ ոչ միայն հավասարը հավասարի ընկերություն է անում, այլեւ շաբաթ եւ կիրակի օրերին հետը նարդի էլ է խաղում, ընդ որում՝ ընդհանուր հաշվեկշռում Ջոնի հաղթանակներն ավելի շատ են, քան՝ պարտությունները, իսկ ինչ վերաբերում է գյումրեցի մաթեմատիկոս Հարությունյան Խելոք Ֆելոյին, նա չափազանց վաղաժամ հեռացավ մեզնից, եւ նույնը ֆիզիկոս ու առաջին Նախախորհրդարանի առաջին նախագահ Սաֆարյան Չաղ Ֆելոյի մասին պիտի ասեմ, որովհետեւ առանց նրանց ոչ միայն քաղաքականությունն ու ֆուտբոլն են պակաս հետաքրքիր, այլեւ՝ ամեն ինչը, եւ նմանապես երրորդ՝ ճարտարապետ Ֆելիքս Անիմանալին է էսօրվա օրով էս կյանքում քչություն անում, եւ չնայած էդ շրջապատի մեծ մասն էսօր էլ կան, երեք Ֆելոները չկան, ընդ որում՝ իրար հետեւից գնացին, ընդ որում՝ գեղանկարիչ Խաթլամաջյան Սեյրանին էլ հետները տարան, եւ Ֆելոների առիթով Խաթլամաջյան Սեյրանին հիշելս ամենեւին էլ պատահական չի՝ ոչ միայն էն առումով, որ Ֆելոների պես Սեյրանն էլ է հրաժեշտ տվել երկրային էս ամենին, այլեւ էն պատճառով,  որ Խաթլամաջյան Սեյրանն անձամբ էր Ֆելոներին կպցրել իրենց էդ մականունները, ավելի ճիշտ, Ֆելոներից երկուսի մականուններն էր Սեյրանը կպցրել՝ Խելոք ու Անիմանալի, եւ հիմա որ էս ուղղությամբ ավելի եմ սեւեռվում, սկսում եմ հիշել, որ հեղինակությունների աշխարհում էլ մականունավոր Ֆելոները քչություն չէին անում՝ Սիրուն, Չուգուն, Բիճ եւ այլն:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել