Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետի ընտրություններում ընտրակաշառքը կբազմապատկվի

Ապրիլ 26,2013 12:15

Նախագահական վերջին ընտրություններում ընտրակաշառքը նվազագույն չափերի ու մասշտաբների հասավ` ոչ միայն այն պատճառով, որ Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանն իրենց թեկնածությունները չառաջադրեցին, այլև ու հիմնականում այն պատճառով, որ Սերժ Սարգսյանն ու հանրապետականները Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավորություններն ըստ արժանվույն չգնահատեցին:

Հնարավոր է` քաղաքապետի ընտրություններում արդեն հանրապետականները Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգության» մրցակցությանը միանգամայն լուրջ վերաբերվեն և այս անգամ էլ սխալվեն:

Ես Ահարոն Ադիբեկյանի հնարավորությունները չունեմ, բայց համարձակվում եմ ենթադրել, որ նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած իրական ձայների զգալի մասը բաժին կհասնի «Բարգավաճ Հայաստանին», ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին:

Եվ քանի որ «Ժառանգությանն » էլ, այնուամենայնիվ, ընդդիմության հասանելիք ձայներից որոշակի ձայներ կհասնեն, և քանի որ ՕԵԿ-ին էլ որոշակի տոկոս բաժին կհասնի, Երևանի քաղաքապետի ընտրությունները ոչ թե պարզապես մրցակցային կլինեն, այլև` չափազանց մրցակցային:

Եվ ինչքան էլ Տարոն Մարգարյանը գովազդվի ու գովաբանվի, Տարոնի ու հանրապետականների համար չափազանց դժվար է լինելու ցանկալի ու պահանջվող տոկոսն ապահովելը, և պարզից էլ պարզ է, որ ՀՀԿ-ն նախագահական ընտրություններում խնայված միջոցների կրկնապատիկն ու եռապատիկը Երևանի քաղաքապետի ընտրությունների վրա է ծախսելու:

Եվ քանի որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում ընդհանրապես փող չծախսեց, ԲՀԿ-ն էլ հաստատ մաքսիմալ քանակությամբ միջոցներ կծախսի: Եվ չնայած երկուսն էլ պնդում են թե` ընտրակաշառք չեն բաժանելու, երկուսին անմնացորդ հավատալու դեպքում անգամ վստահ ենք, որ ասֆալտ ու փոխաբերական այլ ընտրակաշառքներ կլինեն, և տրակտորների ու գյուղտեխնիկայի փոխարեն էլ քաղաքային տեխնիկա և այլ բաներ կլինեն:

Բայց ինչքան էլ տրամադրվենք, որ ընդամենը ընտրակաշառքի փոխաբերական ձևերն են եղանակ ստեղծելու, կյանքը և հատկապես մեր կյանքը մեզ ու մանավանդ ընտրվողներին բազմիցս ցույց է տվել, որ նաղդ փողով ընտրակաշառքի դերն ու նշանակությունը ոչ միայն չի պակասել, այլև, ընդհակառակը, ավելացել է: Եվ չնայած շատերն են պնդում, որ վերջին ընտրություններում ընտրակաշառքի չափերն էականորեն պակաս էին, և չնայած շատերը նաև պնդում են, որ վերջին ընտրություններում ընտրակաշառք ստացողները գնացել և իրենց ձայները տվել են հակառակ կողմին, բոլորս էլ հասկանում ենք, որ խոսքը վերաբերում է բացառապես Թումանյանի պատկերով դրամական «կուպյուրներին»: Եվ չնայած մեր ժողովուրդը Թումանյանին շատ է սիրում, այդուհանդերձ, ընտրությունների օրերին նախապատվությունը տալիս է Իսահակյանին ու Սարյանին, և Իսահակյանի ու մանավանդ Սարյանի դեպքերում գնում և ազնվորեն ձայնը տալիս է հենց ընտրակաշառք տվողին, և հատկապես էս անգամ էդպես կանի` ոչ միայն էն պատճառով, որ վերջին ընտրություններից հետո մարդիկ համոզվեցին, որ բացարձակապես կապ չունի` իրենք ում են ընտրել, այլև էն պատճառով, որ ընտրողները նաև տեսան ու համոզվեցին, որ իրենց իրական ընտրյալներն իրենց ստացած ձայների համար կիսատպռատ են պայքարում:

Այնպես որ, ինչքան էլ աջուձախից մեզ համոզեն, որ էս անգամ ընտրակեղծիքների դեմն առնվելու է, առնվազն ընտրակաշառքի մասով էդ լավատեսությունը չենք կարող կիսել:

Ընտրակաշառք կբաժանեն նրանք, ովքեր միշտ են բաժանել: Ընդ որում, կբաժանեն ավելի շատ, քան` նախկինում են այդ արել: Որովհետև Երևանի քաղաքապետի ընտրությունն իսկապես չափազանց կարևոր է:

Տա Աստված` մեր այս ենթադրություններում սխալված լինենք:

Օսկան ՏԱՐՈՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել