Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ նախկին անդամ. «Լևոն Տեր-Պետրոսյանը դանդաղ-դանդաղ տարավ դեպի մարում իր անվճռական, սխալ քաղաքականությամբ»

Ապրիլ 26,2013 11:48

Հատված հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության նախագահ, «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հարցազրույցից:

– Ձեր կարծիքով՝ նախագահական ընտրություններից հետո Հայաստանում քաղաքական ուժերի վերադասավորում եղա՞վ, թե՞ ոչ։

– Նախագահական ընտրություններից հետո, իրոք, քաղաքական ուժերի վերադասավորում պետք է լիներ, որովհետև, փաստորեն, ընդդիմադիր դաշտը փլուզվել էր։ Հսկայական ներուժը, որ ՀԱԿ-ը հավաքել էր 2008-ի մարտից հետո, Լևոն Տեր-Պետրոսյանը դանդաղ-դանդաղ տարավ դեպի մարում իր անվճռական, սխալ քաղաքականությամբ՝ կոնգրեսում հենվելով անփորձ երիտասարդների վրա, կրելով դրսի ազդեցությունը։

Մտածե՞լ եք՝ ինչո՞ւ 10 տարի Լևոն Տեր-Պետրոսյանը չմտավ քաղաքականության մեջ և 2007-ին հանկարծ որոշեց վերադառնալ։ Երևի թե աշխարհի տերերից (Բեռլինգինյան աշխարհի կառավարությունը, որ տարին մեկ անգամ հավաքվում է և օֆշորային գոտում 300 տրիլիոնից ավելի գումարներ ունի) ազդանշան ստացավ, որ կարող է մտնել պայքարի մեջ ու դառնալ նախագահ։ Բայց նա չհաշվարկեց, որ գործ ուներ բիրտ վարչակարգի հետ, որը նախկինում էլ արյուն էր հեղել։ Հիշեք Լևոն Տեր-Պետրոսյանի 2008-ի փետրվարի 26-ի անվճռականությունը, երբ չպաշարվեց ԿԸՀ-ի շենքը և չպահանջվեց բացել բոլոր ընտրատեղամասերի քվեատուփերը։ Չկա վճռական քայլ՝ կա պարտություն, դա նորություն չէ։

ՀԱԿ-ը 18 կուսակցությունների միավորում էր, լուրջ ներուժ էր կուտակված և ստորագրված ուներ հռչակագիր երկու լրջագույն հարցերի շուրջ՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների, բայց ոտնահարվեց ընդունված համաձայնությունը, ՀԱԿ-ը գնաց խորհրդարանական ընտրությունների ու ստացավ 7 մանդատ։ Եթե խորհրդարանում մեծամասնություն չունես, ոչինչ անել չես կարող, դա լավ հայտնի է։ Իրարահաջորդ սխալների պատճառով ՀԱԿ-ը կորցրեց ժողովրդին, քաղաքական ուժերի կեսին, այդ թվում նաև՝ մեզ, որովհետև մենք այլևս անելիք չունեինք, երբ երկու տարի շարունակ չես կարողանում տեսնել լիդերին կամ լսել նրա խոսքը, անելիք չունես։ Երբ չկա ծրագիր, չկան նպատակներ։

Կոնգրեսից հետո ընդդիմադիր դաշտում վակուում էր առաջացել, և Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ թե իր լավագույն ծրագրերի, դրանց կատարման մեխանիզմների, առաջադրած դրույթների շնորհիվ հաջողության հասավ, այլ նրան ձայն տվեցին ընդդեմ իշխանության։ Բայց դրանով ընդդիմադիր դաշտ չստեղծվեց։ Ստեղծվելու է առաջիկայում, տարիներ չեն պահանջվելու։

– Ո՞րն է Ձեր վստահության պատճառը։

– Ընտրություններից հետո օրական հանրապետությունը լքում է 1000-2000 մարդ և հիմնականում՝ դեպի ՌԴ։ Կա ժողովրդագրական խնդիր։ Այն պետությունները, որտեղ բնակչության թիվը 3 միլիոնից պակասում է, այլևս ի վիճակի չեն մարտահրավերներին դիմագրավել։ Իսկ մենք ունենք Արցախի խնդիրը, հարևան ունենք Թուրքիային և շրջափակված ենք։ Ժողովրդագրական այս վիճակում արդեն չեմ ասում բանակի խնդիրների մասին։ Ավելացրեք, որ երկրում չեն լուծվում սոցիալական խնդիրները, վերջին հինգ տարում երկու անգամ 1000-ական դրամ ավելացվել է կենսաթոշակը, ու այդքանով հարցն ավարտվել է։ 2 միլիարդ 600 միլիոն ու մի քանի հազարանոց բյուջե ունեցող երկիրը կողքին ունի Ադրբեջան, որի ռազմական ծախսերը 3 միլիարդից ավելի էին անցյալ տարի։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930