Հատված ՀՀԿ փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հարցազրույցից:
–Ընդդիմադիր ուժերի հիմնական շեշտադրումներից մեկն այն է, որ Հանրապետականը քաղաքական մենաշնորհ է հաստատել իշխանության բոլոր ճյուղերում, հակակշիռների մեխանիզմը չի գործում, ինչը խոչընդոտում է ոչ միայն Երեւանի, այլեւ երկրի բնականոն զարգացմանը։ Այստեղ խնդիր չե՞ք տեսնում։
-Հանրապետականը բոլոր ընտրություններից հետո դիմել է քաղաքական ուժերին, առաջարկել է համատեղել ուժերը երկրի առջեւ կանգնած խնդիրները լուծելու համար։ Բոլոր թիմերը, որոնք արձագանքել են մեր կոչին, համագործակցել են մեզ հետ, ստացել են համապատասխան լծակներ, եւ փորձել ենք միասին ինչ-որ լուծումներ գտնել։
Այսօրվա դրությամբ եթե կոալիցիայի մեջ չեն եւ բողոքում են Հանրապետականի մոնոպոլ կարգավիճակից, գոնե պետք է գիտակցեն, որ Հանրապետականի փեշի տակից են դուրս եկել եւ մի փոքր զուսպ լինեն իրենց արտահայտություններում։
Եվ հետո՝ ի՞նչ ասել է մոնոպոլ կարգավիճակ։ Ամբողջ աշխարհում է այդպես. եթե դու հաղթում ես ընտրություններում, պատասխանատվություն ես ստանձնում՝ ինքդ ես որոշում քո ճանապարհը։ Կարծում եմ, Հանրապետականը միակ քաղաքական ուժն է, որը կարող է վտանգներից զերծ պահել երկիրը, եւ կմնա իշխանության մեջ այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրին վտանգ է սպառնում։ Մնացածը մեր ներքին գործառույթներն են. այստեղ պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ, ովքեր մտահոգ են ժողովրդի խնդիրներով, եւ ասում ենք՝ եկեք, միացեք մեզ, միասին ճանապարհ անցնենք։
Ուրիշ բան, որ որոշ քաղաքական ուժեր հենց տեսնում են, որ ճանապարհը մի քիչ ավելի հարթ դարձավ, մտածում են՝ ինչո՞ւ համատեղ քայլենք, միայնակ գնանք առաջ՝ չմտածելով, որ այդ ճանապարհը անընդհատ վերանորոգման կարիք ունի։ Իշխանությունը ոչ թե շնորհ է, այլ բեռ, որը պետք է կրես ուսերիդ։ Հանրապետականում բեռ տանողները շատ են. մի առիթով ասել եմ՝ Հանրապետականը մեր երկրի պահակն է՝ ընդամենը պահակը, եւ ինչքան լավ պահակ ունենա երկիրը, այնքան ամուր կլինի։ Այդ ամրությանն ենք ձգտում։
–Դաշնակցությունն առաջարկում է վերահսկողական լծակները, մասնավորապես քաղաքային բյուջեի կատարողականը վերահսկելու գործառույթը վերապահել ընդդիմությանը, ստեղծել իշխանություն-ընդդիմություն միասնական համակարգ, որտեղ յուրաքանչյուրն ունի իր հստակ դերակատարությունը։ Այս մոտեցումը ձեզ համար ընդունելի՞ է։
-Ընդդիմությունն ինքը հենց վերահսկող մեխանիզմ է՝ ֆիլտր, որը վերահսկում է ամբողջ կառավարման համակարգի արդյունավետությունը։ Այսինքն՝ ոչ թե այսօր պիտի գար, մտներ Երեւանի ավագանի, նոր վերահսկեր, այլ տարիների ընթացքում ԱԺ ամբիոնից խնդիրներ բարձրացներ, կռիվ տար, պայքարեր։ Ինձ թվում է, որ այսօր՝ ընտրությունների նախօրեին, այդ հարցադրումը մի քիչ ուշացած է։
Հաճախ հարց են տալիս՝ ինչո՞ւ Հայաստանում ընդդիմությունը երբեք ընտրությունների միջոցով իշխանության չի գալիս։ Չի գալիս, որովհետեւ երբ պահը հասունանում է, եւ հանկարծ ձախողումներ են ունենում, ընդդիմադիր դաշտը մի քանի օրում կամ մի քանի ամսում հանգում է՝ համակիրների զանգվածը անմիջապես քանդվում է։
Որեւէ մեկը չի փորձում պահել այդ դաշտը եւ դարձնել ինստիտուտ՝ կազմակերպված ընդդիմություն, որը ձեւավորվում է ընտրությունների արդյունքում, ճիշտ այնպես, ինչպես ձեւավորվում է իշխանությունը։ Նույն Րաֆֆի Հովհաննիսյանը 37 տոկոս ձայն էր ստացել եւ պետք է պահեր այդ ընտրազանգվածը, որպեսզի ժողովրդավարական կառավարման մոդելը՝ իշխանություն-ընդդիմություն համակարգը, կայանար, ոչ թե ասեր՝ ժողովուրդը հաղթել է, նախագահի պաշտոնը տվեք ինձ։ Ցավոք սրտի, իրենք գնացին այլ ճանապարհով։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Հայոց աշխարհ»