Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակաշաոքի տարիֆները բավական ընկել են եւ բացի այդ՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ համերաշխություն կա դրանց շուրջ

Ապրիլ 26,2013 11:10

Երեկ մեր աշխատակիցներից մեկի տուն է մտել հարեւանուհին։ Սովորական մի այց՝ կոֆե-մոֆե, սրանից- նրանից, թաղի նորություններից եւ այլն։ Սովորական զրույցի թեման սպառելուց հետո, սակայն, հյուրը ոտքը կախ է գցել, այնքան ժամանակ, մինչեւ մի հարմար պահի իմիջիայլոց հարցրել է. «Գնալո՞ւ եք ընտրության»։ Այս հարցին բնականաբար հետեւել է հաջորդը. «Բա ո՞ւմ եք ընտրելու»։ Եվ, ինչպես ասում են, «պոշլո պոեխալո»։ Հարեւանուհին սիրտը բացել է, թե ՀՀԿ-ի շտաբից իրեն աշխատանք են տվել, պետք է շենքի բնակիչներին ցուցակագրի, որպեսզի ընտրության օրվանից առաջ փող տան, բերի բաժանի բոլոր նրանց, ովքեր կհամաձայնեն մայիսի 5-ին գնալ ընտրության։

Նա ասել է, որ մեկ ընտրողին հասնում է 5 հազար դրամ եւ հորդորել է մեր աշխատակցի ընտանիքի անդամներին՝ չհրաժարվել այդ գումարից։ Չորս ընտրող, դա կլինի 20 հազար դրամ, քիչ չէ, այն էլ էս թանկացումների շրջանում, մոտավորապես այս տրամաբանությամբ է հարցին մոտեցել հարեւանուհին եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ գումարը վերցնելու դիմաց պահանջվում է՝ միայն գնալ ընտրության, իսկ թե ում կընտրի ՀՀԿ-ից ընտրակաշառք վերցնողը, դա արդեն իր գործն է:

Բայց սա դեռ ամբողջը չէ, հարեւանուհին ավելի շահավետ բան էլ է առաջարկել. «Հարսս էլ ԲՀԿ-ի համար ա անում, իրանից էլ վերցրեք, գնացեք՝ ում ուզում եք ընտրեք»,- բարեկամաբար խորհուրդ է տվել նա։

Ըստ մեր աշխատակցի, այն ընտանիքը, որի սկեսուրը ՀՀԿ-ի փող բաժանողն է, իսկ հարսը՝ ԲՀԿ-ի, ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում, եւ ՀՀԿ-ի, եւ ԲՀԿ-ի շտաբներից ստացած գումարը՝ դռնեդուռ մարդկանց ցուցակագրելու դիմաց, իրենց համար շատ կարեւոր է։

Այս շատ սովորական, կենցաղային պատմությունից, որի մեջ մեծ հաշվով նորություն չկա, կարելի է բազմաթիվ հետետւթյուններ անել։ Օրինակ, որ ընտրակաշաոքի տարիֆները բավական ընկել են եւ բացի այդ՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ համերաշխություն կա դրանց շուրջ։ Այսինքն՝ մեկը մյուսից ավելի գումար չի առաջարկում, մեկը մյուսին այսպիսով չի խանգարում, «ես ինձ համար, դու քո, ով որքան բաշարեց» սկզբունքով։ Արդեն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ընտրակաշաոք բաժանողն էլ, վերցնողն էլ, այդ երկուսի միջնորդն էլ՝ հասկանում են, որ դա այլեւս նախկին ուժը չունի։ Ընտրողներին այլեւս հնարավոր չէ մոլորեցնել՝ նրա քվեարկությունը ճշտելու մասին հեքիաթներով։ Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ավելորդ էներգիա չի ծախսվում դրա վրա. մինչ այժմ այս ընտրություններում փող բաժանելու մասին մեր ստացած հիմնական ահազանգերում նշվել է, որ կաշառք վերցնողին «տրվում է» ընտրության ազատություն, կաշառքը միայն ընտրատեղամաս հասնելու համար է։ Արդեն նաեւ պարզ է, որ ընտրողների մի մեծ խավ վերցնում է տարբեր ուժերի առաջարկած ընտրակաշառքը, կամ բոլորինը միասին, եւ միեւնույն է՝ գնում եւ ընտրում է նրան, ով ոչինչ չի բաժանում։

Ինչ վերաբերում է ցուցակներին, ապա ինչպես մեր հրապարակման հերոսն է պատմում, այդ ցուցակները իրենք տանում ներկայացնում են ՀՀԿ-ի շտաբ։ Այստեղ հաշվում են, որ օրինակ տվյալ անձի ներկայացրած ցուցակով 50 ընտրող գնալու է ընտրության։ Ցուցակը ներկայացնողին են տալիս 250 հազար դրամ՝ յուրաքանչյուր ընտրողին 5 հազար դրամ բաժանելու համար։ Ընտրության օրը գումարը վերցրած այս 50 ընտրողի անուններով ցուցակը ձեռքին՝ այն ներկայացնողը կանգնում է ընտրատեղամասի առաջ եւ պտիչկա դնում եկողների անունների դիմաց։ Եթե օրվա վերջում մարդիկ են լինում, որ ընտրատեղամաս ներկայացած չեն լինում, այս մարդը գնում է նրանց ետեւից եւ ուղեկցում տեղամաս։ Հարեւանուհին պատմել է, որ նախորդ ընտրություններում եղել են դեպքեր, երբ ընտրողն այդպես էլ չի գնացել ընտրության եւ իրենք նրանից հետ են վերցրել գումարը։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930