Թեև ամիսներ շարունակ Հայաստանի իշխանությունների թաքուն գործելակերպին և Սյունիքի արոտավայրերն Իրանին վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ անորոշ մեկնաբանություններին, իրանական կողմն այսօր լռությունը կրկին «խախտելով»՝ հավելյալ մանրամասներ է հաղորդել երկկողմանի պայմանավորվածության վերաբերյալ:
«Արասբարանի անասնապահները սկսած մայիսի 21-ից պետք է վեց ամիս շարունակ Սյունիքի մարգագետիններում արածեցնեն իրենց կենդանիներին»,- ըստ իրանական «Ֆարս» գործակալության՝ Թավրիզում հայտարարել է կառավարության անդամ Սեյեդ Մուհամադ Հոսեին Ալհաշեմը: «Առաջին փուլում’ 6 ամիսների ընթացքում 10 հազար գլուխ կարածեն Սյունիքի ալպիական արոտավայրերում»,- ասել է նա՝ հավելելով, որ ըստ պայմանավորվածության՝ տարվա ընթացքում 50 հազար գլուխ անասուն կարածեն Սյունիքի արոտավայրերում:
Սակայն նույնիսկ այս հայտարարությունից հետո Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շարունակում է պնդել, որ նման բան չկա ու չի կարող լինել: Դեռևս այս տարվա սկզբին մարզպետը հայտարարել էր, որ արոտավայրերի հարցը փակված է, որ ինքը հայրենիքի համար «կռված է» և չի կարող իրանցիներին հող տրամադրել: Խաչատրյանը նաև նշել էր, որ Սյունիքի արոտավայրերը չեն կարող վարձակալությամբ տալ Իրանին, քանի որ Սյունիքում գյուղատնտեսությունը գնալով զարգանում է, արոտավայրերը քչություն են անում:
Մարզպետը «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, որ իր նախկին հայտարարություններն ուժի մեջ են: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա: Ես շատ լուրջ ասել եմ նախկինում, եթե դուք նայեք, կարդաք, կտեսնեք, որ նման բան չկա»,- «Մեդիալաբին» ասաց Խաչատրյանը: Հարցին, թե կոնկրետ փաստաթուղթ ստորագրվա՞ծ է, ինչը թույլ կտա արդեն մայիսի վերջին իրանական ոչխարներ արածեցնել հայկական արոտավայրերում, ինչպես իրանական կողմն է պնդում, նա պատասխանեց’ ո´չ, չկա:
Կարդացեք նաև
Պատմությունն սկսվեց անցյալ տարի աշնանը, երբ պարզ դարձավ, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով հայտնի է իր սկանդալային պահվածքով , իրանական կողմում արդեն իսկ շրջանառության մեջ դրած հուշագրով պատրաստվում է մարզի 52.000 հա արոտավայրերը 5 տարով վարձակալության հանձնել իրանական կողմին’ 5000 գլուխ անասուններ տեղափոխելու և արածեցնելու նպատակով: Ընդ որում, խնդրի մասին առաջինը հրապարակումներով հանդես եկան իրանական լրատվամիջոցները: Իրանական կողմը, ըստ լրատվամիջոցների, փոխարենը պետք է Հայաստանին 1 հա-ի դիմաց մինչև 25 դոլար գումար վճարեր: Բացի այդ, արոտավայրերի դիմաց Իրանը Հայաստանին պետք է տրամադրեր գյուղտեխնիկա, ինչպես նաև Հայաստանում մսի վերամշակման արտադրամաս և անասնակերի արտադրության կենտրոն հիմներ:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ