Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սկսենք Գյումրիից

Ապրիլ 26,2013 10:41

Ոստիկանապետ Վովա Գասպարյանը Գյումրիում փակ խորհրդակցություն է անցկացրել հայտնի իրադարձությունների կապակցությամբ, իսկ հետո մի քանի հայտարարություններ արել լրագրողների հետ հանդիպմանը: Մասնավորաբար, Վովա Գասպարյանը հայտարարել է, թե չգիտես ինչու Գյումրին երկար ժամանակ բաժանված է եղել երկու կլանների միջև, որոնք արյունահեղությամբ հարցեր են լուծել միմյանց հետ: Ոստիկանապետը հայտարարել է, որ այդ դարաշրջանն ավարտվել է, և այլևս որևէ մեկին չի ներվելու արյունով հարցեր լուծելը:

Ավարտվել է Գյումրիի համար քրեական դարաշրջանը, թե ոչ` ժամանակը ցույց կտա, բայց որ այն ավարտելու ժամանակը վաղուց էր անցել` սրանում երևի որևէ մեկը կասկած չի կարող ունենալ: Միևնույն ժամանակ, իհարկե հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ և ինչպե՞ս էին Գյումրիում, այսպես ասած, «մեծանում» այդ կլանները, «գիրանում», դառնում դրության տերը քաղաքում, իսկ հետո արդեն վերածվում նաև ոչ միայն քրեական, այլ նաև քրեակուսակցական ստորաբաժանումների: Եվ այս ամենի հանդեպ աչք փակող պետական համապատասխան կառույցները պետք է պատասխան տա՞ն սրա համար, թե՞ ոչ:

Հայաստանում ընդունված չէ անցյալի մեղքերի համար պատասխան տալը, անցյալի սխալների համար պատասխան տալը: Ավելին` Հայաստանում կարծեք թե ներդրվում է մի մտայնություն, որ անցյալն անցած է, և ով որ խոսում է անցյալի մասին և փորձում քննարկել, իրականում ջուր է լցնում ներկայի ջրաղացին: Այս մանիպուլյացիան, ընդ որում` բավականին բարեհաջող, աշխատում է, ինչի շնորհիվ Հայաստանում ձևավորվել է, այսպես ասած, «համաներման» մի մեծ մթնոլորտ, ինքնըստինքյան «համաներման», որում իրենց ազատ են զգում բոլոր նրանք, ում ցինիկ անպատասխանատվության և միտումնավոր բացթողումների և հանցագործությունների հետևանքով պետությունը հասել է այս օրվան:

Մինչդեռ այսօրը արդեն դարձել է այդ անձանց պատասխանատվությունից ազատման միջոց: Իսկ սա նշանակում է, որ վաղն էլ պատասխանատվությունից ազատման միջոց է դառնալու այսօրվա հանցագործների համար, այսօր թերացողների համար:

Գյումրիում պետք է վերջ տալ, իհարկե, քրեական դարաշրջանին, և Գյումրիից պետք է սկսել, սակայն ոչ միայն տարածության, այլ նաև ժամանակի առումով: Այսինքն` պետք է սկսել ու գնալ հետ, վեր հանել յուրաքանչյուրի պատասխանատվությունը՝ այսօրից մինչև երեկ, երեկ չէ առաջին օրը: Սա անխուսափելի է, առավել ևս, որ այս ամբողջ ընթացքում տեղի է ունեցել տեղերի, սակայն ոչ կազմի փոփոխություն: Այսինքն` Հայաստանում ընդամենը յուրօրինակ տեղապտույտ է լինում, ինչի պատճառներից մեկը հենց պատասխանատվության լիարժեք մեխանիզմի և լիարժեք միջավայրի բացակայությունն է:

Ապագայում անպատասխանատվությունից խուսափելու գլխավոր գրավականը այս գործընթացի մեջ է, և եթե այն լիարժեքորեն տեղի չունեցավ, ապագան չի լինելու ավելի լուսավոր և թափանցիկ, քան անցյալն էր ու ներկան: Ավելին` ապագան անցյալ ու ներկա է լինելու, որովհետև տեղապտույտը այլ բանի չի բերում:

Մուսա Միքայելյան

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930