Երես առած պաշտոնյաների ու նրանց երես առած բալիկների «ականջները կտրելու» նախաձեռնությունը ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանինն էր: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են դա անելու ilur.am-ի լրագրողի վրա հարձակված ավագանու անդամ, ՀՀԿ-ական Աշոտ Պապայանի՝ Տուռբոյի, եւ մյուս հանրապետականների դեպքում, որոնք ըստ ՀԱԿ համակիրի, Աջափնյակում ծեծել են իրեն:
«Կատարել է հանցագործություն, ուրեմն մենք՝ բոլորս, պարտավոր ենք հասնել նրան, որ բոլորը քրեական պատասխանատվության ենթարկվեն…Ներեցիր, ինքը ավելի ծանր հանցագործություն է կատարելու»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Երիցյանը:
Մեր հարցին՝ հեշտ կլինի՞ պայքարել իրենց երես առած կոալիցիոն գործընկերների դեմ, ասաց. «Չէի ցանկանա առանձնացնել Հանրապետական կամ մյուս կուսակցությունը, կապ չունի, որ կուսակցությունից ես, պետք է պատժել, որ մյուսների համար դաս լինի: Եթե կատարում է հանցագործություն ու քրեական պատասխանատվության չի ենթարկվում, ինքն ավելի է լկտիանում»:
Պարոն Երիցյանից նաեւ հետաքրքրվեցինք, ԲՀԿ-ի ընդդիմադիր մի քանի ելույթները ՀԱԿ-ին համոզել են, որ ԲՀԿ-ն իշխանությունից պոկվելու քայլեր է անում, ձեր ընդդիմադիր հայտարարություններն ինչի՞ մասին են խոսում, հնարավո՞ր է իշխանությունից պոկվելու փորձեր են, ասաց. «Չեմ ուզում նմանվել ոչ մի կուսակցության: Ինչ մտածում եմ, այն էլ ասում եմ: Ասածներիս մեջ կան ե՛ւ կուսակցության, ե՛ւ իմ անձնական մոտեցումները: Որոշ մարդիկ ծանր են տանում, որ ասում եմ ՝ սա եմ անելու, նա եմ անելու: Չէ, չէ՝ ի՞նչ է նշանակում իշխանությունից պոկվել, ընդդիմադիր չէ, երեւանցու խոսք է: Պետք է ընդդիմություն լինե՞լ, որ այդպես խոսել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ