Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ անդամը վստահեցնում է, որ հոգով-սրտով ՀՀԿ-ի հետ չեն եւ կոալիցիայում էլ չեն եղել (Տեսանյութ)

Ապրիլ 26,2013 00:16

«Բարգավաճն ասում է՝ այս ի՞նչ Երեւան է, զարմացել է, այս ի՞նչ է կատարվում Երեւանում, մեր երկրում այս ի՞նչ անօրինություն է: Բայց բոլոր որոշումները ՀՀԿ-ի հետ միասին քվեարկել են՝ մեկ մարդու նման: Ու հետո էլ զարմանում են»,- «Բարեւ Երեւան» դաշինքի այս քննադատության առնչությամբ այսօր Aravot.am-ը զրուցեց Երեւանի ավագանու անդամ, ԲՀԿ անդամ Գուրգեն Գասպարյանի հետ:

Նա վստահեցրեց, որ «ԲՀԿ-ն Երեւանի ավագանիում բազմաթիվ հարցերի դեմ է քվեարկել, բազմաթիվ հարցերի ձեռնպահ է մնացել, բազմաթիվ հարցերի հեղինակ է եղել, որպեսզի հեղինակային հարց չդառնա: Ավագանու կանոնակարգը մենք ենք գրել, որով որ այսօր աշխատում է ավագանին: Հիմնական քննարկումները տեղափոխել ենք հանձնաժողովներ, որտեղ բուռն քննարկումներ են լինում: Բազմաթիվ հարցեր չեն դառնում օրակարգային եւ բնակչությունը տեղյակ չի: Մտնում է հանձնաժողով, դուրս է գալիս: Իսկ այն հարցերին, որ մենք կողմ ենք քվեարկել, ես յուրաքանչյուր կողմ քվեարկած հարցի համար պատասխանատու եմ: Պաշտոնական տեղեկատվություն կա, իմ ասելով չի միայն»:

Մեր հարցին՝ ի՞նչն է խանգարում, որ ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն հռչակի, եթե դուք պայքարում եք իշխանության դեմ, նա պատասխանեց. «Մենք որպես այլընտրանքային ուժ եմ հիմա ասում, նորից եմ ուզում կրկնել, որ մենք միշտ ժողովրդի կողքին ենք: Ի՞նչ կապ ունի՝ մենք մեզ հռչակում ենք ինչ կամ ոնց: Դա ակնհայտ է, երեւում է: Երեւում է, չէ՞, որ մենք ժողովրդի կողքին ենք, ինչպես կրպակների ապամոնտաժման ժամանակ, Երեւանի ավագանին կանգնած էր կրպակատերերի կողքը: Երբ ուզում էին 243 կրպակ ապամոնտաժեին, մենք չենք թողել, որ ապամոնտաժեն: Ու դրանից հետո դադարեցվել է ընդհանրապես կրպակների ապամոնտաժումը»:

Մեր հարցին՝ նախագահական ընտրություններից հետո ժողովուրդը Ազատության հրապարակում էր, ԲՀԿ-ն ինչո՞ւ ժողովրդի կողքին չէր, նա պատասխանեց. «ԲՀԿ-ն միշտ էլ ժողովրդի կողքին է: Մեր խմբակցության անդամներից այցելել են Րաֆֆի Հովհաննիսյանին, ո՞վ է ասում, որ կողքը չեն եղել»:

Մեր դիտարկմանը, որ խոսքը հացադուլի ժամանակ այցելության մասին չէ, հանրահավաքներին, երբ ժողովուրդը դուրս էր եկել Ազատության հրապարակ, ԲՀԿ-ի ոչ մի ներկայացուցիչ այնտեղ չէր, Գուրգեն Գասպարյանն այսպես արձագանքեց. «Այսինքն, պարտադիր պետք է ԲՀԿ-ի ներկայացուցիչն այնտեղ լինե՞ր: Ժողովրդի կողքին ենք՝ ասում եմ ժողովրդի կողքին ենք էլի»: Մեր հարցին՝ ինչպե՞ս ընկալենք, որ դուք ժողովրդի կողքին եք, պարոն Գասպարյանը հորդորեց այդ հարցը ուղղել իրենց կուսակցության մամուլի պատասխանատուին, թող պատասխանեն:

Մենք խնդրեցինք ավագանու անդամին իր մասով պատասխանել, թե կոնկրետ ինքը ինչո՞ւ Ազատության հրապարակում չէր, օրինակ, ապրիլի 9-ին: Նա հարցին հարցով պատասխանեց. «Ապրիլի 9-ին ի՞նչ, պիտի գնայինք, այնտե՞ղ լինեինք մենք: Մենք մասնակից ենք եղել: Ասենք, մեր ներկայությամբ էնտեղ մասնակից չենք եղել, բայց մեր գործողություններով: Կհիշեցնեմ, որ այդ օրը նախագահի երդմնակալության օրն է եղել, որտեղ մենք մասնակից չենք եղել»: Այն, որ ԲՀԿ-ի մի քանի անդամներ այնուամենայնիվ կային այդ երդմնակալությանը, ըստ ԲՀԿ անդամի. «Մարդիկ եղել են, բայց դա չի նշանակում, որ ամբողջ կուսակցությունը կողմ է եղել էդ ամեն ինչին ու ներկա է եղել»: Մենք ճշտեցինք՝ այսինքն այն ԲՀԿ անդամները, որոնք այդ օրը գնացել են Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, սեփական նախաձեռնությա՞մբ են գնացել, նա պատասխանեց. «Կարող եմ ասել, որ այո: Կուսակցական որոշում այդ մասին իմ կարծիքով չի եղել»:

Մենք նաեւ ԲՀԿ ներկայացուցիչից հետաքրքրվեցինք, թե որտե՞ղ են երաշխիքները, որ ես՝ որպես ընտրող, եթե տամ իմ քվեն ԲՀԿ-ին, հետո մանդատներ ստանան, այդ մանդատները չեն ծախի ՀՀԿ-ին: Նա պատասխանեց. «Ես խոսում եմ 4 տարվա ավագանու մասին, որը կատարել է աշխատանքներ եւ ոչ մի մանդատ չի վաճառել: Արդյունք չի՞, երբ կրպակատերերը բիզնես են այսօր կատարում, կանգնել ենք՝ չենք թողել: Կամ մինի շուկաների գաղափարը, կամ ծխախոտն ու ոգելից խմիչքները, կամ գույքահարկի արտոնությունները, շատ բան կարամ թվարկեմ»:

Մեր հարցին՝ բայց ինչո՞ւ ձեզ չեն տարանջատում իշխանություններից, Գուրգեն Գասպարյանը պատասխանը չգիտեր, նա հորդորեց այդ հարցը տալ չտարանջատողներին: Մենք նաեւ ճշտեցինք ԲՀԿ-ականից՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիայից դուրս գալով՝ Դուք հոգով-սրտով կտրվե՞լ եք ՀՀԿ-ից: Նա պատասխանեց. «Մենք հոգով-սրտով իրանց հետ չենք էլ եղել: Մենք միշտ էլ մեր կարծիքն ունեցել ենք: Կոալիցիայի ժամանակ, երբ որ մանր ու միջին բիզնեսի օրենք էր քննարկվում, մերոնք դեմ են քվեարկել, էդ ի՞նչ կապ ունի կոալիցիա ենք, թե կոալիցիա չենք: Ինչը դեմ է ժողովրդին, մենք դրա կողքին կանգնած չենք: Մենք ժողովրդի հետ ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930