Շիրակի նորանշանակ դատախազ Կարեն Շահբազյանը այսօր դարձյալ մամուլի ասուլիս էր հրավիրել` լրագրողներին տեղեկացնելով, որ նոր զարգացումներ կան Շիրակացի փողոցում տեղի ունեցած առանձնապես ծանր և հնչեղություն ունեցած հանցագործության մասին:
Դատախազի տեղեկացմամբ, այսօր կամովին ոստիկանության մարզային վարչություն է ներկայացել քավոր Հարութի անչափահաս որդին` Գևորգ Խաչատրյանը` իր հետ ներկայացնելով AKA 74 տեսակի ինքնաձիգ` փամփշտակալով և փամփուշտներով: «Քրեական գործի նախաքննությամբ ապացույցներ էին ձեռք բերվել, որ դեպքի վայրում, դեպքից անմիջապես հետո նա հայտնվել է դեպքի վայրում` ինքնաձիգը ձեռքին, մնացած հանգամանքները նախաքննությամբ արդեն կպարզվեն: Գևորգ Խաչատրյանը ձերբակալված է, նա ձերբակալված է Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի, այսինքն ապօրինի զենք կրելու կասկածանքով»,- ասաց դատախազը:
Լրագրողների այն հարցին, թե մամուլում խոսվում է այն մասին, որ պատերազմական իրավիճակ է հասունանում, վենդետա է սպասվում, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թիմակիցները պատրաստվում են վրեժխնդիր լինել Վարդան Ղուկասյանի գերդաստանից, դատախազը մեկ անգամ ևս վստահեցրեց, որ իրավիճակը ամբողջությամբ իրավապահներ մարմինների կողմից վերահսկվում է, հանգիստ է , և նման վենդետայի մասին տեղեկություններ չունեն: Այդ դեպքում ինչո՞ւ են անընդմեջ շրջանառության մեջ դնում, որ մեկը մյուսի հետ հաշվեհարդար են տեսնելու, լրագրողների այս հարցին, դատախազը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, ով ինչ նպատակ է հետապնդում նման ասեկոսեներ տարածելով և վիճակը ապակայունացնելու փորձեր կատարելով, բայց վստահեցնում եմ, որ բոլոր փորձերը ապարդյուն են: Իրավիճակը չի ապակայունանալու, որովհետև ամբողջությամբ վերահսկվում է, աշխատում է օպերատիվ քննչական խումբը, նորից եմ կրկնում՝ իրավիճակը ամբողջությամբ հսկողության տակ է և տիրապետելի»: Լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ են օպերները, փողոցները շրջելով կանգնեցնում, պատահական մեքենաների վարորդներին ու ստուգում, չէ՞ որ սա բնակիչների մոտ վախ է առաջացնում, դատախազը պարզաբանեց, որ ոչ բոլոր մեքենաներն են կանգնեցնում.իրավիճակից ելնելով` զննում են կասկածելի կամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտող մեքնենաները: Կարեն Շահբազյանի տեղեկացմամբ, այս գործի շրջանակում 20 մեքենաներ տուգանային հրապարակ են տեղափոխվել այն ժամանակ, երբ Վարդան Ղուկասյանին, նրա որդուն և մի խումբ անձանց բերման են ենթարկել ոստիկանության բաժին` հարցաքննման: «Մեքենաները զննության փուլում են, եթե քննությանը հետաքրքրություն չներկայացնեն, բնականաբար թողնելու են ազատ երթևեկության դուրս գալու»:
Ի դեպ, դատախազը համաձայն չէ, որ Գյումրին կրիմինալ քաղաք են պիտակավորում, ըստ նրա, հանցագործություններ բոլոր տեղերում էլ լինում են: Դատախազի բնութագրմամբ, իր ծննդավայրը արվեստի, մշակույթի, ավանդույթի քաղաք է, և մեկ-երկու դեպքով չի կարելի այն որակել որպես կրիմինալ ու հանցագործների քաղաք, դա, ըստ Կարեն Շահբազյանի , անհեթերություն է:
Կարդացեք նաև
Իսկ Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարությունը, թե գյումրեցիները գողական են գնում, դատախազը չի մեկնաբանում. «Վովա Գասպարյանի ասածները ես ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանել»:
[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/89484916″ params=”” width=” 100%” height=”166″ iframe=”true” /]
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ