Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Աղբարաշեն թաղամասի բնակիչներն այսօր ՕԵԿ ավագանու թեկնածուների հետ հանդիպման ընթացքում իրենց խնդիրները ներկայացնելիս պասիվ էին: Հավաքվածներից միայն մի կին քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանին խաղադաշտի եւ մանկապարտեզ չունենալու խնդիրները բարձրացրեց:
Aravot.am-ը զրուցեց բնակիչների հետ եւ հետաքրքրվեց, որոնք են երեւանցու առաջնահերթ խնդիրները եւ որ քաղաքապետի թեկնածուի հետ են կապում իրենց խնդիրների լուծումները:
«Քաղաքապետ Տարոն Մարգարյանին հեռուստացույցից ծանոթ եմ: Լավ խոստումներ է տալիս, լավ խոսում է, ասա տեսնենք բոլորը իրականացված: Ես ոչ մի թեկնածուի հետ էլ հույսեր չեմ կապում, որովհետեւ 55 տարի է էս թաղամասում եմ, 55 տարի էլ ընտրել եմ, ոչ մի բան էլ չեմ տեսել: Ընտրությունից ընտրություն այս սենց գալիս են, հանդիպում են, հետո էլ գնում ընտրում ենք»,- ասաց բնակիչներից մեկը: Նա բացի ՀՀԿ քաղաքապետի թեկնածուներից ոչ մի այլ թեկնածուի մասին չէր լսել:
Կարդացեք նաև
Բնակիչներից մեկն էլ շարունակեց. «Իշխանությունները գալիս-գնում են, բայց ժողովուրդը մնում է: Թող փոփոխություն լինի, ու կուսակցությունները իրենց դիրքերը չչարաշահեն, մեկը էս մի յան, էն մեկը մի յան չքաշի: Կուսակցությունների կռիվը ավելի շատ է, քան թեկնածուներինը: Մի կուսակցությունից 5 հոգի հավաքվում են ու թեկնածություն դնում, կռիվ տալիս, որ իրենց կուսակցությունն անցնի: Ավելի լավ է թողնեն ժողովրդի կողմից ընտրված լինի…Ժողովրդին աշխատատեղեր են պետք, թող աշխատանքի հարցը կարգավորվի, հետո նոր ծաղիկներ, կանաչապատում, արտասահման ուղեւորություններ, համագումարներ»:
Մեզ հետ զրույցում որոշ բնակիչներ դժգոհեցին, որ իրենց թաղամասում անունով շուրջօրյա ջրամատակարարում է, բայց իրականում շուրջօրյա չէ եւ նոր քաղաքապետից ջրի հարցի լուծումն են սպասում: Մի բնակիչ էլ մատչելի բնակարանների հարցը բարձրացրեց. «Շենքերն ու շինությունները նենց անեն, որ էս երիտասարդները տուն ունենան ու պսակվեն, ընտանիք կազմեն»: