Ապրիլի 24-ին Ստրասբուրգի Հանրապետության հրապարակի «Մեր Զոհերը» հուշարձանի մոտ տեղի ունեցավ 1915թ. Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի եւ ծաղկեպսակի զետեղման արարողություն:
Միջոցառումը համախմբել էր Ստրասբուրգում գործող կաթոլիկ, ուղղափառ, անգլիկան, հրեական եկեղեցիների առաջնորդներին, Ստրասբուրգի քաղաքային իշխանությունների, ալզասյան հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներին, որոնք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառմանը ներկա էին նաեւ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամները:
Ելույթով միջոցառման մասնակիցներին դիմեցին «Էլզաս-Հայաստան բարեկամություն» բարեգործական ընկերության նախագահ Պիեր Զուլումյանը, Ստրասբուրգի քաղաքապետի ներկայացուցիչ Անրի Դրեյֆուզը եւ Ֆրանսիայում հրեական կառույցների ներկայացուցչական խորհրդի ներկայացուցիչ Պիեր Լեւին:
ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր խոսքում անդրադարձավ Հայոց պատմության այս դառը էջին, որն անխոս անդառնալի հետք է թողել յուրաքանչյուր հայ ընտանիքի վրա` միաժամանակ կոչ անելով առավել համախմբածության չարիքներին դիմակայելու համար:
Կարդացեք նաև
Հանրապետության հրապարակից երթն այնուհետեւ շարժվեց դեպի Ստրասբուրգի սբ. Մադլեն եկեղեցի, որտեղ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ հայր Վաչե Հայրապետյանի կողմից մատուցվեց հոգեւոր պատարագ:
ԱԳՆ մամուլի հաղորդագրություն