Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյանը առաջարկում է պատժել նաեւ երես առած պաշտոնյաներին

Ապրիլ 25,2013 21:56

ՕԵԿ ավագանու թեկնածուների հանդիպումն այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ էր:

Հավաքվածներին նախ ողջունեց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, հետո ասաց վստահ է՝ իրենց թեկնածուն է հաղթելու. «Որովհետեւ Երեւանին պետք է շատ ավելի ուժեղ կամք ունեցող քաղաքապետ, որովհետեւ Երեւանի խնդիրները բազմաթիվ են, եւ դրանք շատ դանդաղ են լուծվում: Ուզում ենք այնպիսի քաղաքապետ լինի, որ մեր խնդիրները ոչ թե դանդաղ, այլ շատ արագությամբ եւ կարճ ժամանակահատվածում լուծվեն, եւ ունենանք գեղեցիկ, կայացած մայրաքաղաք»:

Քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանն էլ շարունակեց, որ սիրուն խոսքեր ասելու չեն եկել. «Մենք անելիքներ ունենք այսօր: Կարող ենք սիրուն խոսքեր ասել, լավ ծրագրեր ու հայեցակարգեր ներկայացնել, բայց այդ այդ ամենը պետք է կյանքի կոչել: Եվ դա պետք է անենք երեւանցու հետ միասին»:

Նա դժգոհեց գործող ավագանու աշխատանքից. «Հիմնական մեղադրանքները թաղապետերին ու ավագանուն է ուղղված, որ մարդիկ վատ են աշխատում, չեն աշխատում: Ավագանին, ընդհանրապես, իր առջեւ դրված խնդիրները չգիտի որոնք են կամ ինչ պետք է անեն: Ավագանու անդամները պետք է գիտակցեն, որ իրենք մեր քաղաքի դեպուտատներն են եւ իրենց անելիքներն ունեն, իրենց խոսքը պետք է ասեն: Պետք է երեւանցիներով ստիպենք, որ իրենց առջեւ դրված խնդիրները կատարեն»:

Հետո պարոն Երիցյանը թվարկեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հատվածների խնդիրները՝ չկա մանկապարտեզ, մշտական ջուր, կոյուղու, գազի, հոսանքի խնդիրներ կան. «Սա նշանակում է, որ յուրաքանչյուր տարածք պետք է ունենա իր անձնագիրը: Որ այնտեղ գրված լինի՝ ովքեր են բնակվում, սոցիալական ինչ խնդիրներ կան»:

Պարոն Երիցյանի խոսքերով, իրեն մեղադրում են՝ դաժան հայտարարություն անելու մեջ, թե պետք է պատժել պաշտոնյաների երես առած բալիկներին. «Պետք է ղեկավարներին պատժել, այն երես առածներին, որոնք գալիս են ու իրենց շատ վատ են պահում: Տարբեր տեղերից են գալիս, մարզերից են գալիս: Ով գալիս է մեր գլխի վրա տեղ ունի, բայց արի ու տես՝ գալիս են ու երես են առնում շատերը: Առաջարկում եմ՝ այդպիսի ղեկավարներին է պետք պատժել, ոչ թե բալիկներին: Իհարկե, եթե բալիկները կատարում են հանցագործություն, իրենք քրեական պատասխանատվության կենթարկվեն, բայց իրենց ծնողներին էլ է պետք պատժել, եթե ծնողը չի կարողանում իր ընտանիքում կարգ ու կանոն հաստատել՝ իր հիմնարկում չի կարող դա անել»:

Պարոն Երիցյանի խոսքերով իրենց ուզածը կարգ ու կանոն հաստատելն է. «Եթե կա օրենք, յուրաքանչյուրը պետք է սահմանի այդ օրենքը, օրենքի բոլոր խնդիրները կատարի: Ոչ մի կուսակցություն, ոչ մի անհատ ի զորու չէ միայնակ Երեւանը կարգավորել, պետք է համախմբվենք երեւանցիներով: Ով ընտրվի քաղաքապետ, պետք համախմբվենք եւ Երեւանը միասին ոտքի կանգնեցնենք»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930