Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհուրդը քննարկեց Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ իրանցի հովիվներին հանձնելու հարցը

Ապրիլ 25,2013 21:07

 ankakh.am. Այսօր Հանրային խորհրդի լիագումար նիստում քննարկվեց Հայաստանի արոտավայրերի օգտագործման հարցը: ՀԽ անդամ, ՀԽ գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը մասնավորապես անդրադարձավ ՀՀ Սյունիքի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի միջև կնքված «համաձայնագրին»` Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ իրանցի հովիվներին հանձնելու վերաբերյալ: Նա նշեց, որ այդ «համաձայնագիրը» չունի որևէ իրավական ուժ, քանի դեռ ՀՀ հողային օրենսգրքի պահանջների համաձայն պայմանագրեր չեն կնքվել և գրանցում չեն ստացել:

Հանրային խորհուրդը անընդունելի համարեց նմանատիպ ծրագրերի իրականացումը` անկախ իրավական ձևակերպումներից, քանի որ դրանք հակասում են Հայաստանի տնտեսական և անվտանգության շահերին:Ներկաները բարձրացրին օրենսդրության թերի լինելու հարցը: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հարց բարձրացրեց. եթե լրատվամիջոցների աղմուկը չլիներ, այդ հովիվները կգա՞յին Հայաստան: Ներկաները ենթադրեցին, որ այո:

Առաջարկվեց ոչ նպատակահարմար գտնել հանրապետությունում հեռագնա արոտավայրերի օգտագործումը օտարերկրյա քաղաքացիներին վարձակալությամբ հանձնելը, սակայն ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանը նկատեց, որ այդ դեպքում խնդիր կառաջանա հնարավոր օտարեկրյա ներդրումներից զրկվելու տեսանկյունից:

Վազգեն Մանուկյանն առաջարկեց այնպիսի որոշում ընդունել, որը մի կողմից խոչընդոտ չլինի օտարերկրյա ներդրողների համար, մյուս կողմից` չվտանգի ազգային անվտանգությանն ու տնտեսական շահերին: Առաջարկ եղավ նաև վերոնշյալ «համաձայնագրի» վերաբերյալ դատապարտող որոշում կայացնել` բարձացնելով նաև նման դեպքերում պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը:

Յուրի Ջավադյանը ներկայացրեց նաև ՀԽ ուսումնասիրությունների արդյունքները` փաստելով, որ համաձայն ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2012 թ. հաշվետվության` արոտավայրերի մակերեսը կազմում է 1056.3 հազ.հա, որից հեռագնա` 687.3 հազ. հա, մերձգյուղային` 369.0 հազ. հա: «Այդ արոտավայրերի տարարծքը ՀԽՍՀ ժամանակաշրջանում թույլ էր տալիս պահել 2.1 մլն ոչխար` ներկայիս 670.0 հազարի փոխարեն, ինչը վկայում է արոտավայրերի ոչ արդյունավետ օգտագործման և զարգացման մասին»,-ասաց Յուրի Ջավադյանը:

Հանրային խորհուրդը հարցի վերաբերյալ որոշում կկայացնի ՀԽ առաջիկա փոքր խորհրդի նիստի ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930