Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանը` Տիգրան Սարգսյանի վերանշանակման մասին

Ապրիլ 25,2013 20:46

«Երբ Գուրգեն Արսենյանը հարցրեց` ձեր շրջապատից, ընտանիքից կա՞ մարդ, ով լքել է Հայաստանը: Միանշանակ, բոլորդ ասացիք` այո: Այստեղ երկուհարյուրից ավել մարդ կա, այսինքն, 200 ընտանիքից անդամներ գտնվում են դրսում: Երբ հարցը հնչում էր, տեսխցիկներն ուղղված էին Արսենյանի վրա, իսկ ես տեսա ձեր դեմքերն այդ պահին: Արտագաղթը, իսկապես, ազգային անվտանգության խնդիր է մեզ համար»,- այսօր Քանաքեռ բանավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը: Նա հույս հայտնեց, որ հեռուստաալիքներն իր հայտարարությունը կցուցադրեն եւ իշխանությունը, որն անընդհատ հակառակն է պնդում` ինքն էլ չհավատալով ՀՀ բնակչության վերաբերյալ իրենց ներկայացրած թվերին, կտեսնեն ու կհասկանան, որ «երկիրն արյունաքամ է լինում, որ չենք կարող նորմալ տնտեսական աճ ապահովել, եթե այս արտագաղթը շարունակվի»:

Իսկ արտագաղթը կանգնեցնելու առաջին քայլը նա համարում է ժողովրդին տրված հույսը, որը այնուհետ պետք է դրսեւորվի աշխատատեղերի ձեւով, երկրում արժանապատիվ քաղաքացի ունենալու, մանավանդ, որ մեր ժողովուրդը շատ համեստ է իր ցանկություններում եւ իշխանությունից պահանջում է միայն այն, ինչը սահմանադրորեն իշխանության պարտավորությունն է: Մինչդեռ, ըստ բանախոսի, այդ հույսը կոտրվեց մեկ շաբաթ առաջ` Տիգրան Սարգսյանի վարչապետի պաշտոնում վերանշանակմամբ, լինելու է նույն կառավարության թիմն ու նույն ծրագիրը: Պարոն Օսկանյանին ապշեցրել է վերանշանակման բացատրությունը` կառավարությունը լուծել է իր առջեւ դրված խնդիրները: Նա հեգնեց. «Ձեր կյանքը, փաստորեն, լավ է, դուք տեղյակ չեք, միգուցէ այլ մոլորակում եք ապրում, եկեք Երեւան, Հայաստան ու լավ կապրեք»:

Վարդան Օսկանյանը ցավալի է համարում այս իրողությունը, երբ իշխանությունը կարծես չի գիտակցում, որ Հայաստանում լուրջ խնդիրներ կան ու դրա վկայություններից մեկն էլ նախագահական ընտրությունների նույնիսկ պաշտոնական տվյալներն են, որոնք, ըստ էության, հանրության ճիչն էին առ փոփոխություններ: Մինչդեռ, իշխանությունը շարունակում է իր գիծը:
Միակ հույսը, պարոն Օսկանյանը համարում է մայիսի 5-ը, որը կարող է փոփոխությունների սկիզբ լինել ու հավաքվածներին հորդորեց այդ ընտրություններին մոտենալ բացառապես իբրեւ քաղաքական ընտրությունների` անտեսելով բոլոր այն խոսակցությունները, որ քաղաքապետը միայն ասֆալտ փռող է կամ այլ կոմունալ հարցերով զբաղվող: Ի դեպ, Օսկանյանը գտնում է, որ այդ գործն էլ լավ չեն անում ու այն, որ վերջին պահին են սկսել ասֆալտ փռել, ապացույցն է նրա, որ չորս տարի քաղաքապետարանն անգործության է մատնված եղել:

Օսկանյանը գտնում է, որ Երեւանի քաղաքապետը պետք է ամենշաբաթյա, ամենօրյա հանդիպումներ ունենա երեւանցիների հետ, ոչ թե քարոզարշավից-քարոզարշավ:
Օսկանյանը կոչ արեց վստահել երկրորդ ամենամեծ ուժին, որը ըստ նրա՝ հստակ գաղափարական հենք, նվիրում եւ մեր իրականության մեջ դեպի լավը փոփոխելու կամք ու հնարավորություն ունի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930