«Այո, քաղաքապետն իրենց համար միայն աղբ թափող եւ անձրեւի տակ ասֆալտ փռող է»,- այսօր Քանաքեռ բանավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը` հիշելով ՀՀԿ-ական փոխնախագահներից մեկի հարցազրույցը, որն իր զարմանքն էր արտահայտել, թե չի հասկանում ինչո՞ւ են քաղաքական ուժերն այդպիսի համառ պայքար մղում Երեւանի քաղաքապետի համար, ասել է թե` աղբ թափելու: Ըստ Տիկին Զոհրաբյանի, ՀՀԿ-ական փոխնախագահի նման հայտարարություններն ուղղակի նշանակում են, որ «քաղաքապետը մեկ քաղաքական ուժի դետալն է, վինտիկը` ոնց ասենք, այնպես էլ շարժվելու է»:
Տիկին Զոհրաբյանը հիշեցրեց նաեւ թե ինչպե՞ս են «անձրեւի տակ ասֆալտ փռում, քանի որ քաղաքապետն է գնալու հանդիպման»` ուշադրություն հրավիրելով, որ ընդամենը մեկուկես ժամ դիմացող այդ ասֆալտի համար միլիոններ են ծախսվում հարկատուների գումարներից: Տիկին Զոհրաբյանը, մինչդեռ, այն կարծիքին է, որ իրական քաղաքապետը Երեւանի վարչապետն է եւ եթե քաղաքապետը լինի այլ ուժից` կկարողանա իրական հակակշիռ դառնալ գործող իշխանություններին` ի շահ երեւանցու:
Իր հանդիպումներից մեկի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը խոսել էր այն մասին, որ քաղաքապետարանում մրցույթները թափանցիկ չեն, որ դրանք անընդհատ նույն մարդիկ են շահում: Այսօր ՀՀԿ-ի պատասխանատուներից մեկը մամուլում արձագանքել էր տիկին Զոհրաբյանի այդ դիտարկումներին` ասելով. «Լավ, եթե շատ են ուզում, կոնկրետ այդ մրցույթը կարող ենք նվիրել իրենց»: Զոհրաբյանն այդ պատասխանը գնահատում է անկեղծ, քանի որ. «Սա այն է, ինչպես իրենք մտածում եւ գործում են: Իրենք քաղաքը, երկիրը համարում են իրենց սեփականությունը եւ եթե ցանկանան, եթե ինչ-որ մեկը շա~տ է ուզում` ասում է, լավ, ինչի եք ընտրությունների մասնակցում, բակից-բակ գնում ծրագիր ներկայացնում, գայիք, ասեիք` մենք էդ մրցույթները կնվիրեինք ձեզ»: Այս համատեքստում Նաիրա Զոհրաբյանը խոսեց մտածողության, հոգեբանության եւ քաղաքական մենաշնորհի փոփոխության անհրաժեշտության մասին, որպեսզի քաղաքը, երկիրը ոչ մեկի սեփականությունը չլինի, խաղի կանոնները պաշտոնյաները չսահմանեն:
Նա մարդկանց կոչ արեց ի հեճուկս իշխող քաղաքական ուժի` չհուսահատվել, վստահել ԲՀԿ-ին, որը երեւանցիներին հուսախաբ չի անի ու միասին կկոտրեն «մեր դեմ խաղ չկա» մտածելակերպը:
Խոսելով արտագաղթի մասին էլ, ասաց, որ Հայաստանի համար պարզապես ողբերգություն է, երբ ընտանիքի հայրն իր ապագան Հայաստանի հետ չի կապում եւ մեկնում է օտար երկրներ` իր երեխաների տարրական հոգսերը հոգալու համար: Ըստ նրա, եթե չհաջողվի արագ կասեցնել արտագաղթի տեմպերը, ապա, ցավոք, հայաթափման այն խնդիրը, որն իրենց առջեւ դրել են մեր հարեւանները, ինքներս շատ արագ կլուծենք. «Իրենց ուժը ձեր հուսահատությունն ու հուսալքությունն է լինելու, իրենց պետք է հուսահատված քաղաքացի, որին հեշտ է խաբել, մոլորեցնել եւ օրվա սեւ հացի խնդիրը լուծելով՝ խլել նաեւ ընտրության իրավունքը: Բայց ձեր ձայնն ուժ է, ձեր իրավունքն ու միասնականությունն ուժ են, հավատացեք այն քաղաքական ուժին, որն ասում է`առանց ձեզ, մենք որեւէ խնդիր չենք կարողանալու լուծել, իսկ միասին կկարողանանք կոտրել այն պատը, որն այսօր կա իշխանության եւ ժողովրդի միջեւ: ԲՀԿ-ն, իր գործընկեր քաղաքական ուժերի հետ միասին, ձեր քվեին տեր է կանգնելու: Մենք գիտենք, որ գործի է դրված շատ զորեղ ընտրակեղծարարության մեքենան, մեզանում ընտրակեղծարարների բանդան շատ զորեղ է, նրանց կարող է հաղթել միայն մեր միասնական քաղաքական ուժը: Ես հավատում եմ, որ մենք հաղթելու ենք միասին եւ Երեւանը վերադարձնելու ենք երեւանցուն, Հայաստանը` հայաստանցուն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ