Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանը դրական է գնահատել ընտրությունների ընթացքում ոստիկանության ցուցաբերած զուսպ գործելակերպը

Ապրիլ 25,2013 19:43

Ապրիլի 25-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և նրան ուղեկցող անձանց:

Հանդիպման սկզբում Վլադիմիր Գասպարյանը ցավակցություն հայտնեց Բոստոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ ԱՄՆ դեսպանատան աջակցության համար, Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ վերջին շրջանում, մասնավորապես, ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում ոստիկանության գործունեությանը:

Ոստիկանության պետն ընդգծեց, որ, բոլոր թերություններով հանդերձ, ոստիկանությունն իրականացրեց իրեն վերապահված գործառույթները, և կուտակված փորձը դրական ազդեցություն է ունենալու Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում, որն իր առանձնահատկություններն ունի:

Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ մայրաքաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ արձանագրվել է երեք միջադեպ, որոնցով քննություն է կատարվում: Ոստիկանության պետը որպես օրինակ բերեց Նոր Նորքում լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փորձը, որով իրականացվել է ծառայողական քննություն, և իրենց պարտականություններում թերացած  ոստիկանության ծառայողները ենթարկվել են համապատասխան տույժերի:

Ոստիկանության պետն ընդգծեց, որ այսօր ոստիկանության գործառույթներն իրականացվում են յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվության դաշտում, ինչը համակարգում ընթացող բարեփոխումների համատեքստում է:

Վլադիմիր Գասպարյանն արձանագրեց, որ բարեփոխումների ծրագրային դրույթների բազմակի քննարկումներից ու հստակեցումից հետո եկել է կոնկրետ գործողությունների ժամանակը, որոնց արդյունքը լինելու է նոր՝ հասարակության հավատն ու վստահությունը վայելող ոստիկանությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ջոն Հեֆերնը նկատեց, որ ոստիկանությունում իրականացվում են բարեփոխումների բոլոր ծրագրերը:

Դեսպանը դրական գնահատեց ընտրությունների ընթացքում ոստիկանության ցուցաբերած զուսպ գործելակերպը, միևնույն ժամանակ նկատելով, որ հասարակության վստահության ամրապնդման համար անհրաժեշտ է, որ պատասխանատվության ենթարկվեն բոլոր իրավախախտները:

Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ այդ նպատակն են հետապնդում նաև զանգվածային միջոցառումների ընթացքում կատարվող տեսանկարահանումները, որոնք հետագայում մանրամասն քննարկվում են՝ ի հայտ բերելով ծառայության ընթացքում տեղ գտած թերություններն ու բացթողումները:

Ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ գործը, օբյեկտիվությունն ապահովելու համար, քննվում է Հատուկ քննչական ծառայությունում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետարքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

ՀՀ ոստիկանության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930