Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիան» առողջացման ծրագիր է ներկայացրել (Տեսանյութ)

Ապրիլ 25,2013 19:21

Hanrayin xorhurd

«Արմավիա» ավիաընկերությունը առողջացման ծրագիր է մշակել: Այսօր Հանրային խորհրդում Հայաստանի քաղաքացիական ավիացիային վերաբերող խնդիրների քննարկման ժամանակ ներկայացվեց «Արմավիայի» առողջացման ծրագիրը, որը նաեւ պետք է ներկայացվի կառավարություն` այն ընդունելու կամ մերժելու համար: Ըստ ծրագրի, ավիաընկերությունը նախ առաջարկում է ավիատոմսերի արժեքից հանել 10 հազար դրամ պետական տուրք համարվող օդի գումարը, արժեթղթերի ընդհանուր փաթեթի մասնաբաժնի հաշվին պետական բյուջեի նկատմամբ պարտքերի վերակազմավորում, օդերեւույթաբանական տեղեկատվության բացառումը, որպես առանձին ծառայության տեսակ եւ դրա ներառումը ընդհանուր աէրոնավիգացիոն ապահովման ծառայության մեջ, օդանավակայանի ծառայությունների 30%-ի չափով զեղչ` ի տարբերություն օտարերկրյա ավիաընկերությունների:

Ի թիվս այլ առաջարկությունների ավիաընկերությունը նաեւ առաջարկում է իրենց հնարավորություն տալ ավիավառելիքը ինքնուրույն ձեռք բերել, իսկ օդանավակայանին միայն ավիավառելիքի պահպանման եւ լիցքավորման ծառայությունների համար վճարել:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացնելով խնդիրը, նշեց, որ «Արմավիա» ավիաըներությունը վստահեցնում է, որ մինչեւ 2009 թվականը բավականին լավ է աշխատել. «Ասում է շուկայի 60%-ն իմն էր, որովհետեւ պարիտետները հաշվում էին աթոռների քանակով, այսինքն եթե տարվա ընթացքում հայկական փոխադրողը, օրինակ` 200 հազար աթոռ էին թռչում, մյուսներն էլ էին այդպես թռչում: Վերջին տարիներին արդեն սկսեցին չվերթներով հաշվել, օտարերկրյա ընկերությունները մեծ ինքնաթիռներով էին թռչում, իսկ «Արմավիան»` փոքր: «Արմավիան» առաջարկում է վերադառնալ նախկին պարիտետին: Ավիաընկերությունն ասում է` ես կդիմանամ, կառողջանամ, եթե բաժնետոմսերի մի մասը իմ ձեռքում լինի, մի մասը`պետության, մի մասն էլ օտարերկրյա ընկերություն գնի»:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արամ Մարությանն էլ քննարկման ժամանակ ասաց, որ «Արմավիան» ունեցել է մեծ զեղչեր, հանդիպում օդանավակայանի հետ եւ կոմպրոմիսային լուծում է եղել: Ինչ վերաբերում է ավիավառելիքի մատակարարման խնդրին, պարոն Մարությանն ասաց, որ գոյություն ունի պայմանագիր կառավարության եւ օդանավակայանի միջեւ. «Ես կարծում եմ, որ օդանավակայանն ուղղորդվել է պայմանագրի դրույթներով: Իսկ աթոռների քանակով թռիչքների մասով էլ` ցանկացած ավիափոխադրում իրականացնելու համար իրավական հիմքը հանդիսանում են միջպետական համաձայնագրերը երկու երկրների կառավարությունների միջեւ: Մենք ունենք 4 տասնյակի հասնող օդային փոխադրումների համաձայնագրեր,եւ այդ բոլոր համաձայնագրերով մենք ունենք Եվրամիության եւ մեզ հետ պարտնյոր երկրների առաջ պարտավորություններ»:

Հանրային խորհրդում հնչած տարբեր կարծիքների առնչությամբ, մասնավորապես՝ նրա, որ «Արմավիան» ինքն է մեղավոր իր սնանկացման համար եւ դեռ պետք է պարզել, եթե ավիաընկերությունը սնանկանում է, արդյոք նրա սեփականատերն է՞լ է սնանկանում, թե ընկերությունը սնանկանում է, իսկ սեփականատերը` բարգավաճում, խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հակադարձեց` «Ո՞վ է մեղավոր «պո բոլշոմու շչյոտու»` միայն «Արմավիա՞ն»: Մենք ունեինք մի հատ պետություն, շատ հզոր մտածում էր «Արմավիայի» մասին: Մենք ունենք օդանավակայան, որ գիշեր ցերեկ մտածում էր Հայաստանի մասին, եւ ոչ իր շահի: Եվ մենք ունենք մի հատ փչացած ընկերություն, որը մեզ բոլորիս բերեց այս վիճակին: Ես կտրականապես դեմ եմ այսպես մտածելուն: Երեքն էլ մեղավոր են. պետությունը, որ չի կարողացել վերահսկի, օդանավակայանն էլ, »Արմավիան» էլ»:

Խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանն էլ ներկայացրեց նաեւ «Արմավիայի» պարտքերի ծավալը. «Պետբյուջեին 6,9 միլիարդ դրամ է, որից առաջացել են տույժեր եւ տուգանքներ` 17,3 միլիարդ դրամ, իսկ 7 բանկերին պարտք է 35 միլիոն դոլարի չափով»:

Ի վերջո հանրային խորհրդում որոշվեց, որ «Արմավիայի» առաջարկած առողջացման ծրագիրը որոշակի խմբագրելով կներկայացվի կառավարություն, քանի որ ավիաընկերությունը վստահեցնում է, որ իրենց առաջարկներն ընդունելու դեպքում իրենք կարող են պարտքերի տակից դուրս գալ եւ լավ աշխատել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930