Վերջին օրերին Արարատյան հարթավայրում և հանրապետության նախալեռնային գոտում գիշերային ժամերին արձանագրաված բացասական ջերմաստիճանների հետևանքով ցրտահարություններ են դիտվել հիմնականում Արարատի մարզի Արտաշատի, Մասիսի և Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանների առանձին համայնքների ցածրադիր տարածքներում: Նշված համայնքներում ցրտահարությունից տուժել են վաղահաս կարտոֆիլի, լոբազգի մշակաբույսերի ցանքերի և խաղողի այգիների որոշ հատվածներ:
Ցրտահարությունների հետևանքները մեղմելու և բերքի կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից առաջարկվում է առաջնահերթության կարգով իրականացնել հետևյալ ագրոտեխնիկական միջոցառումները:
Կարտոֆիլի և բանջարանոցային մշակաբույսերի ցանքերում՝
- կտրել և բույսերից հեռացնել վնասված հատվածները.
- բույսերի միջշարային և մերձբնային տարածքները փխրեցնել, սնուցել ազոտական պարարտանյութերով և ոռոգել.
- ապահովության համար, ցանկալի է կատարել բուժում սնկային հիվանդությունների դեմ.
Կարդացեք նաև
Խաղողի վնասված այգիներում՝
- վազի վրայից հեռացնել ցրտահարված (սևացած, չորացած) շվերը.
- ուժեղ աճ ունեցող հոռաշվերը, որոնց վրա բերք է ձևավորվել պահպանել, անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործելով հաջորդ տարի վազի ձևավորման նպատակով.
- այգում կատարել միջշարային տարածությունների վար, սնուցում ազոտական պարարտանյութերով և ոռոգում.
- խորհուրդ է տրվում այգում կատարել առաջին բուժումը միլդյու հիվանդության և թրիպսների ու տզերի դեմ.
Առաջարկվող միջոցառումների սեղմ ժամկետում իրականացնելու դեպքում կստեղծվեն լուրջ երաշխիքներ վնասված տարածքներից բարձր բերք ստանալու համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն