23-ամյա Խորեն Միքայելյանը մի քանի տարի է՝ ավարտել է ուսումը: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող էր: Երաժշտությամբ դեռ վեց տարեկանից էր հետաքրքրված: Սկզբում ջութակ էր նվագում, իսկ 17 տարեկանից էլ՝ կիթառ: Վերջինը ինքնուրույն է սովորել. «Երբ ես փոքր էի, իմ քեռին կիթառ էր նվագում: Ինձ շատ էր դուր գալիս այդ գործիքը: Հետո, երբ սկսեցի ջութակի գնալ, հետարքրությունս վերացավ: 14 տարեկանում առաջին անգամ ծանր ռոք լսեցի, ու կիթառը նորից հայտնվեց իմ ուշադրության կենտրոնում: Այդպես էլ առաջացավ հետաքրքրություն ռոքի եւ մետալ երաժշտության հանդեպ»,- պատմում է նա:
Մի քանի տարի անց ընկերներով որոշել են խումբ հավաքել, բայց Խորենը կիթառ չուներ: Հիշում է, թե ինչպես էր ամիսներ շարունակ ծնողներին համոզում, որպեսզի իր համար գնեին երաժշտական այդ գործիքը. «Ինձ ասում էին՝ ինչի՞դ է պետք: Մի քանի օր կնվագես, կքցես մի կողմ: Ի վերջո կարողացա համոզել: Հիշում եմ, երբ հայրիկիս հետ գնացինք երաժշտական խանութ, դա իմ կյանքի ամենավառ եւ ուրախ օրերից մեկն էր»:
Ձեւավորվեց «Նաիրի» ռոք խումբը, որը հայկական երաժշտության հետ խառնում է ռոքային մեղեդի: իսկ Խորենն էլ դարձավ այդ խմբի կիթառահարը:
Երիտասարդը պատմում է՝ առաջին հերթին իրեն դուր է գալիս ռոք համերգի մթնոլորտը: Հենց այդ պատճառով է, որ հեռացավ դասականից. «Կիթառի ձայնը նույնիսկ հեռավորութան վրա ուշադրություն է գրավում: Երբ Դիփ Փարփլը վազվզում էր բեմով, իսկ վերջում ապարատը վառում էր ու պայթացնում, մտածեցի, որ դա է ինձ պետք: Ամենահաճելին կիթառի մեջ այն է, որ ամեն մեկի ձեռքում տարբեր է հնչում: Իր ձայնի պալիտրան շատ հարուստ է, որ կարաս նույնիսկ խոսես դրանով»:
Ապրիլի 5-ին Խորեն ու իր ընկերը մասնակցել են Մոսկվայում կայացած կիթառի մրցույթին եւ զբաղեցրել են երկրորդ տեղը:
Արամ Արարատյան