Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Բարեւ Երեւան» դաշինքի առաջին համարը՝ Արմեն Մարտիրոսյանը կտրականապես հերքեց, որ իրենք խորհրդակցություններ են անցկացնում ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ՝ ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար:
Մեր հարցին՝ ասելով, որ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն սիամական երկվորյակներ են, ինչպե՞ս եք ԲՀԿ-ի հետ պայքարելու ընտրակեղծիքների դեմ, արդարացվա՞ծ է մտնել ԲՀԿ-ի հետ մի տանիքի տակ՝ Արմեն Մարտիրոսյանը զարմացավ եւ հարցին հարցով պատասխանեց. «Իսկ մենք մտե՞լ ենք արդեն»: Երբ պարոն Մարտիրոսյանին փոխանցեցինք ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի այսօրվա հայտարարությունն այդ մասին՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Վլադիմիր Կարապետյանը չգիտեմ որ մի քաղաքական ուժին է նկատի ունեցել, բայց միանշանակ դա «Բարեւ Երեւան» դաշինքը չէ: Ես, որպես «Բարեւ Երեւան» դաշինքի առաջին համար, ասում եմ՝ այս պահին ես որեւէ մեկի հետ կոնսուլտացիաների մեջ չեմ»: Մենք ճշտեցինք՝ «Ժառանգությունն» էլ չի՞, կարո՞ղ է սա բառախաղ է, հետո պարզվի, որ «Բարեւ Երեւանը» չի, այլ «Ժառանգությունն» է կոնսուլտացիաներ անում՝ պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես կրկնում եմ՝ մենք կոնսուլտացիայի մեջ չենք որեւէ մեկի հետ: Ընտրությունների մասնակցում է «Բարեւ Երեւան» դաշինքը: «Ժառանգությունը», որպես կուսակցություն, ընդգրկված է «Բարեւ Երեւան» դաշինքի մեջ: Ես, որպես «Ժառանգության» փոխնախագահ էլ պաշտոնապես վստահեցնում եմ, որ նման բան չկա»:
Նա, այնուամենայնիվ, խնդիր չի տեսնում ընտրատեղամասերում ԲՀԿ-ի հետ ընտրակեղծիքների դեմ պայքարել, բայց խորհրդակցություններ այդ թեմայով առայժմ չկան. «Ես առաջարկ չեմ ստացել: Իսկ առաջիկայում կլինի, թե չէ՝ կախված կլինի գործընթացներից»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ