Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Հիմա ասենք՝ կապ չունի՞ որ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի նախագահ է եղել»

Ապրիլ 25,2013 18:01

Այսօր «Բարեւ Երեւան» դաշինքի առաջին համարը ներկայացնող Արմեն Մարտիրոսյանը «Մեդիա կենտրոնում» հրավիրած ասուլիսում ասաց, որ այս տարիներին ձեւավորվել է կառավարման համակարգ, որն ուղղված է մի խումբ մարդկանց գերհարստացմանը, ոչ երբեք քաղաքացիների շահերի սպասարկմանը:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի, քաղաքապետի անձը կարեւոր է, բայց որոշումները ավագանին է կայացնում, ուստի նրա դերը շատ կարեւոր է. «Մենք ամիսներ շարունակ պայքարում ենք, որ կրպակներ չլինեն, հետո գալիս է երկրի նախագահը, ասում է՝ Տարոն ջան, սիրուն չի ու կրպակներն ապամոնտաժում են: Սա նշանակում է, որ քաղաքապետը տվյալ պարագայում նույն թիմի անձ լինելով՝ սպասում է, թե իր ղեկավարն ինչ է ասելու: Ես ներկայացրել եմ, թե ով է իմ առաջնորդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ես կարող եմ պարզ ճակատ նայել, որովհետեւ մի առաջնորդ է, որի գործունեության հետագիծը սպիտակ է: Եթե իրենք վստահ լինեին, որ իրենց առաջնորդը կարող էր իրենց ձայն բերել, իրենք զուտ PR-ի առումով կներկայացնեին, չէ՞»:

Նա նաեւ նշեց, որ հանձնաժողովների հետ կապված խնդիր չունեն եւ կարող են վերահսկել ընտրությունները՝ ի տարբերություն նախագահականի, քանի որ ռեսուրսները կենտրոնացրել են Երեւանում:

Հարցին՝ մի օղակը կկարողանա՞ շղթայում ինչ-որ բան փոխել, եթե Երեւանում կառուցվող բոլոր ապօրինի շինությունները կառուցվում են եւ պատկանում են ինչ-որ մականունավորների կամ բարձրաստիճան պաշտոնյաների, դուք ի՞նչ եք անելու՝ Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ եթե իրենք կազմեն մեծամասնություն, լիազորությունները մեծ են այդ ապօրինությունների դեմ պայքարելու համար: Նա ընդգծեց, որ իրենց ցուցակում նման մականունավորներ եւ օլիգարխներ չկան, ուստի իրենք կարող են պայքարել դրա դեմ:

Արմեն Մարտիորսյանն այսպիսի հայտարարություն արեց. «Կառավարման համակարգը, որ այսպես է, հո մի օրում չի՞ դարձել: Ասենք, որ այս 10 տարի ՀՀԿ-ն եկավ իշխանության եւ լրիվ փոխվե՞ց: Չէ: Ունեցել ենք նախագահություն Ռոբերտ Քոչարյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, 95-ից ունեցել ենք կեղծված ընտրություններ: Չէ՞ որ աստիճանաբար դեգրադացվեց եւ արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք: Հիմա ասենք՝ կապ չունի՞ որ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի նախագահ է եղել եւ այս կառավարման համակարգն է բերել: Եթե քայլ անում ենք՝ ուրեմն բովանդակային, հակառակ պարագայում դուրս է գալու, որ մենք ուզում ենք իշխանություն փոփոխել, ոչ թե իշխանություն: Բայց մեր խնդիրը դա չէ, անձերը չեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930