ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 24-ին կրոնական համայնքների նկատմամբ իրականացվող բռնությունների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ Հայաստանի պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն իր ելույթում հայտնեց, որ զեկույցը մտահոգություն է առաջացնում հատկապես այն պատճառով, որ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնություններ են տեղի ունենում ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական առումով:
Զ. Փոստանջյանը ԵԽԽՎ ամբիոնից մասնավորապես ասաց. «Ես ներկայացնում եմ հայ ազգը, որի ներկայացուցիչները ևս ենթարկվել են կրոնական բռնությունների: Այժմ էլ բռնությունը շարունակվում է: 1912-ին Օսմանյան կայսրությունում 2000-ից ավելի գործող հայկական եկեղեցիներ կային: Սակայն այսօր դրանք ապօրինաբար գտնվում են թուրքական կառավարության տիրապետության ներքո: Այնինչ դրանք պետք է վերադարձվեն իրենց իրական տերերին: Ի՞նչ տեղի ունեցավ այն հայերի հետ, որոնք կառուցեցին այս եկեղեցիները: Ես այս դահլիճում Ձեր առջև կանգնած եմ, և կրում եմ հատուկ վերնաշապիկ, որպեսզի բոլորին կոչ անեմ հատուկ ուշադրություն դարձնել այն պահանջներին, որոնք ոչ միայն հայերինն են, այլև ողջ մարդկությանը»:
Ադրադառնալով Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության նպատակներից մեկին` տիկին Փոստանջյանը նշեց, որ դրա գերնպատակը իսլամացումն էր, որը Թուրքիայում շարունակում է նաև այսօր: Զ. Փոստանջյանը նշեց. «Հայկական հանրույթի համար ապրիլի 24-ը արդարության պահանջի, հիշատակի օր է: Բայց ապրիլի 24-ը նաև կորստի օր է, մեզ զրկեցին մեր հայրենի հողից, դա ողջ հայության կորուստն է: Մինչ այժմ խնդիրը չի լուծվել, ուստի ես կոչ եմ անում, որպեսզի Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կողքին վեր խոյանա նաև մեկ այլ հուշարձան` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»:
Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանից, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի ջատագով էր՝ հետաքրքրվեց` արդյոք մտավախություն չունի՞, որ նման ելույթները, որոնք հնչեցնում է «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը, կարող են անհուսալի դարձնել հաշտեցման հնարավորությունն իսկ: Նա պատասխանեց. «Հիմա էլ եմ ասում, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է նորմալանան: Բայց խնդիրն այն է, թե ինչ գործընթացների արդյունքում է դա տեղի ունենում: Ապրիլի 24-ին Րաֆֆի Հովհաննիսյանն էլ առիթ ունեցել է ասելու, որ հայ-թուրքական հարաբերությունները պիտի կարգավորվեն առանց որևէ նախապայմանի, ինչին ես համաձայն եմ: Թուրքիան պիտի ճանաչի Հայոց ցեղասպանությունը և դրա հետ միասին բոլոր համապատասխան խնդիրները, որ կծագեն այդ ճանաչումից Թուրքիան պիտի կարողանա իր պատմության հետ առերեսել: Այո, հայ-թուրքական հարաբերությունները պետք է բարելավվեն առանց նախապայմանների, Թուրքիան պիտի կրի պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության համար:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է հարաբերություններն անհուսալի դաձնելու մտահոգությանը, ապա հարցնեմ` արդյոք հիմա հարաբերություններ կա՞ն: Թուրքիան ինքն է կանգնեցրել ցանկացած բարելավման գործընթաց, ինձ չի թվում, թե որևէ գործընթաց, որ տեղի չի ունենում, դրան ինչ-որ հայտարարություն պիտի խանգարի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Զարուհու նման պայքարող, պահանջող, համառ, նպատակասլաց,արդարամիտ մարդիկ քիչ կան,եթե շատ լինեն,մենք մեծ առաջընթաց կունենանք։
Միանշանակ համամիտ եմ,՝aragats says-ի հետ: