Բանվորները պնդում են, որ այսպիսի սպառնալիքներ են ստացել իրենց գործատուների կողմից
Հայաստանում գործող «Ռուսալ Արմենալ» գործարանի մի քանի աշխատակիցներ այսօր նախագահական նստավայր հանձնեցին իրենց բողոք-նամակը: Այլումինի փայլաթիթեղ արտադրող գործարանի բանվորները բողոքում են, որ վտանգավոր արտադրամասում աշխատելու փոխարեն իրենք ոչ մի հավելավճար չեն ստանում:
Նախագահականի դիմաց հավաքված բանվորների խոսքով, մեկուկես տարի առաջ գործարանի աշխատակիցները դիմել են դատարան՝ աշխատավարձի 100 տոկոսի չափով հավելավճարներ ստանալու համար, բայց դատարանը մասնակիորեն է բավարարել բանվորների պահանջը՝ որոշելով հավելավճարներ սահմանել 50 տոկոսի չափով:
Ի դեպ, բանվորներից ոչ ոք չցանկացավ ներկայանալ: Նրանք պնդում էին, որ գործարանի տնօրինությունը կարող է իրենց աշխատանքից ազատել:
«Ինձ արդեն սպառնացել են հեռացման համար, եթե երկրորդ քայլն էլ հաստատվեց, ինձ հաստատ կհեռացնեն»,- ասաց բանվորներից մեկը:
Աշոտ ԱԹԱՅԱՆ