Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Ավեդիքյան. «Թումանյանն ուզում էր ասել, որ ադաթներն օրենքներից հզոր են» (Տեսանյութ)

Ապրիլ 25,2013 17:24

Այսօր Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Անուշ» օպերայի նոր բեմականացման փակ դիտումը, իսկ ապրիլի 26-ին, 27-ին եւ մայիսի 3-ին, 4-ին` պրեմիերան: Ինչպես այսօր  Ազգային ակադեմիական թատրոնում լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Անուշի» նոր մեկնաբանության լիբրետոյի ադապտացիայի եւ բեմադրության հեղինակ, ֆրանսաբնակ հայ դերասան եւ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը, «Անուշի» նոր բեմականացումն այն չէ, ինչ տարիներ շարունակ սովոր է եղել տեսնել հայ հանդիսատեսը: «Եթե ցանկանում ենք հայ հանդիսատեսին նոր «Անուշ» մատուցել, ժամանակակից հայացքներ պետք է ունենալ»,-ասաց հեղինակը: Նա նշեց, որ Թումանյանի պոեմը կարդալուց հասկացել է, որ այն չէր համապատասխանում լիբրետոյին. «Թումանյանի կողմից մշակված եւ մատուցված մի քանի դերեր հանված էին Խորհրդային տարիներին: Օրինակ, տեր հոր կերպարը, ով եկեղեցին է ներկայացնում: Տեր հայրը Անուշին ասում է, որ «եթե նա սիրում է այդ տղային, նրանց կամուսնացնեն»: Այսինքն, եկեղեցին համաձայն էր դրան: Այս դերը վերականգնել ենք»:

Սերժ Ավեդիքյանի դիտարկմամբ` Թումանյանն ուզում էր ասել, որ ադաթներն օրենքներից հզոր են. «Եթե սիրում ես, ուրեմն պետք է փախցնես, որովհետեւ օրենքը թույլ չի տալիս: Այստեղ է արտահայտվում նոր սերնդի դիրքորոշումը»

Ինչ վերաբերում է թումանյանական «իգիթների խաղին», Սերժ Ավեդիքյանի խոսքով` իգիթն իրավունք չուներ մյուս իգիթին գետնին տապալել հանրության առաջ, եթե դա խաղ է. «Իսկ գիտե՞ք մի խաղ, որտեղ ոչ հաղթող կա, որ պարտվող: Բայց խաղը հենց դրա համար է, որ մեկը պարտվի»:

Բեմի ձեւավորման եւ խորեոգրաֆիայի հեղինակ Նիկոլյա Մյուզեն նշեց, որ հաճախ են հարցնում, թե արդյո՞ք  նա ծանոթ է հայկական մշակույթին եւ պարերին, սակայն իրենք  այնպես են արել, որ «Անուշը» համամարդկային դառնա` մոռացության չմատնելով իր ծագումը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930