Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակի համար մորը մահվան հասցրած որդին դատապարտվել է ազատազրկման

Ապրիլ 25,2013 16:45

Տարեց մորը ծեծի ենթարկելու համար 52-ամյա Գառնիկ Վարդանյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել, որ Գ.Վարդանյանը ծեծել է մորը՝ կենսաթոշակի գումարներն ընտանիքի կարիքների համար չծախսելու պատճառով, ինչից օրեր անց նա մահացել է։

Ըստ դատավճռի՝ Գառնիկ Վարդանյանը 2012թ. հունվարի 18-ին՝ ժամը 17-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում գտնվող իր բնակարանի ննջասենյակում վիճել է մոր՝ Լուսիկ Վարդանյանի հետ՝ կենսաթոշակի գումարներն ընտանիքի կարիքների համար չծախսելու պատճառով, որի ընթացքում դիտավորյալ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մայրն օրեր անց մահացել է։

Ի դեպ, Գ.Վարդանյանը ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել և որպես վկա հարցաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ մայրը չնայած 82 տարեկան էր, սակայն անձամբ է հոգացել իր կարիքները։ Կենսաթոշակը ևս մայրն է ստացել և անձամբ տնօրինել այն: Ըստ ամբաստանյալի ցուցմունքի՝ նշված օրը նա քնից արթնացել է մոր տնքոցից և, մտնելով մոր ննջասենյակ, տեսել է, որ վերջինս կռացել է գետնին մահճակալի եզրից բռնված: Նրա ներկայացրած վարկածի համաձայն, մայրն ասել է, որ սենյակում վայր է ընկել եւ ինքը օգնել է մորը, պառկեցրել անկողնուն, սակայն չի նկատել, որ նրա դեմքին կամ գլխին վնասվածքներ կան թե ոչ: Մեղադրանքը չընդունելով հանդերձ, 52-ամյա տղամարդը ընդունել է, որ մոր կենսաթոշակի հաշվին է անգամ իր համար ծխախոտ ձեռք բերել։ Համենայն դեպս դատարանում նա պատմել է, որ շուրջ 10 րոպե անց, մայրը ետ է վերադարձել ճաշասենյակ և կշտամբել իրեն՝ ասելով. «ինչու պետք է իմ թոշակով փայտ գնեմ, ինչու պետք է քեզ ես պահեմ, գնա աշխատի», ինչին էլ ի պատասխան Գ.Վարդանյանն արձագանքել է, թե «օրերը տաքանան գնալու եմ բանվորություն անեմ, երկու ամիս համբերի»: Այնուհետև նա մորից 200 դրամ է խնդրել` ծխախոտ գնելու համար, սակայն մայրը մերժել է, որից հետո գնացել է իր սենյակ և իրեն-իրեն բարկացել: Դեպքերի հետագա զարգացումը նկարագրելով՝ ամբաստանյալ Վարդանյանը նշել է, թե, մտնելով մոր սենյակ, խնդրել է, որ չբարկանա և վեճը չշարունակվելու համար շրջվել է որպեսզի դուրս գա սենյակից և այդ ընթացքում էլ ձախ ձեռքով հրել նրան, ինչի հետևանքով վերջինս ձախ կողքի վրա ընկել է։ Նա դատարանին փորձել է հավաստիացնել, որ մորը դիտավորյալ չի հրել։

Դեպքից օրեր անց՝ հունվարի 23-ին, նրանց տուն են գնացել Վարդանյանի երկու քույրերը` Լաուրան և Լարիսան: Վատ ինքնազգացողության պատճառների վերաբերյալ աղջիկների հարցին ի պատասխան մայրը նշել է, թե տան մուտքի մոտ և իր սենյակում վայր է ընկել: Աղջիկներն առաջարկել են մորը տեղափոխել հիվանդանոց, ինչից վերջինս հրաժարվել է, բայց ցանկություն հայտնել գնալ Լարիսայի տուն` որոշ ժամանակ այնտեղ մնալու համար:

Ամբաստանյալի քույր Լարիսա Վարդանյանը նախաքննության և դատաքննության ընթացքում նույնաբովանդակ ցուցմունք տալով նշել է, որ 2012 թվականի հունվարի 22-ին, զանգահարել է քույրը` Լաուրան և ասել , որ մոր վիճակը լավ չէ և, որ գնան տեսնելու: Անմիջապես հաջորդ օրը` հունվարի 23-ին, գնացել են մորը տեսակցության: Մայրը նստած է եղել խոհանոցում, և դուստրը նկատել է, որ մոր գլխի վրա և դեմքին վնասվածքներ կան: Լուսիկ Վարդանյանն ասել է, որ իրենց շքամուտքի աստիճանների վրա վայր է ընկել և գլորվել: Խոսակցությանը ներկա է եղել նաև իր եղբայրը` Գառնիկ Վարդանյանը: Աղջիկը մոր խնդրանքով, նույն օրը նրան տեղափոխել է իր տուն, որտեղ մոր գլխին այտուցված վնասվածք, իսկ ականջների ետևում կապտուկներ է նկատել: Հարցրել է, թե ինչ է պատահել, մայրն ասել է, որ հունվարի 18-ին Գառնիկը խմած գնացել է տուն, գումար է պահանջել և իմանալով, որ նա փող չունի, աթոռով խփել է նրա գլխին, այնուհետև ոտքերով և ձեռքերով ծեծի ենթարկել: Նշվածի մասին մայրն իր ներկայությամբ պատմել է նաև Լաուրային: Լուսիկ Վարդանյանն աղջկա տանը մնացել է 8 օր: 2012թ. հունվարի 31-ին տեսնելով, որ մայրը չի արթնանում, տեղափոխել է Ալավերդու հիվանդանոց: 2012թ.փետրվարի 1-ից 3-ը մայրը գտնվել է հիվանդանոցում, որտեղ իրենց ասել են, որ մայրը չի բուժվում և նրան պետք է տեղափոխեն Երևան: Իրենք էլ իրենց հերթին հիվանդանոցում տեղեկացրել են, որ ֆինանսական միջոցներ չունեն և տարել են Գառնիկի տուն` նրան այնտեղ խնամելու համար: Սակայն 2012թ. փետրվարի 8-ին Լարիսային է զանգահարել եղբոր որդին` Սամվելը և ասել, որ Լուսիկ Վարդանյանը մահացել է:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Լուսիկ Վարդանյանի մահվան անմիջական պատճառը եղել է ձախ բազկի միջին երրորդի դրսային մակերեսի, աջ սրունքի վերին երրորդի առաջային մակերեսի արյունազեղումներ, գլխի ենթամաշկային փափուկ հյուսվածքների արյունազեղում, գլխուղեղի սալջարդ և գլխուղեղի այտուցը:

Դատարանը գտել է, որ ամբաստանյալի տված ցուցմունքը արժանահավատ չէ և նա նպատակ է հետապնդում խուսափել քրեական պատասխանատվությունից և պատժից:

Գառնիկ Վարդանյանը պատիժը կկրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում: Իսկ խափանման միջոցը ընտրված ստորագրություն չհեռանալու մասին կմնա անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

«Փաստինֆո»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930