Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում կենացները քաղցրանում են. ձերբակալվել է նաև Քավոր Հարութի անչափահաս որդին

Ապրիլ 25,2013 16:24

Քիչ առաջ Գյումրիի ոստիկանությունը ձերբակալել է Հարություն Խաչատրյանի, նույն ինքը Քավոր Հարութի անչափահաս որդուն՝ 1995 թվականին ծնված Գևորգ Խաչատրյանին՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով։ Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ նա հանձնել է նաև ավտոմատը, որը նրա ձեռքին եղել է ապրիլի 23-ին Գյումրիում տեղի ունեցած կրակոցների ժամանակ։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:

Մեր ունեցած տեղեկություններով՝ Գ.Խաչատրյանը տան մոտ կրակոցներ լսելով ավտոմատը ձեռքին դուրս է եկել, սակայն առայժմ պարզ չէ, արդյոք նա ևս կրակել է, թե ոչ։

Ինչպես արդեն «Փաստինֆոն» տեղեկացրել է, ապրիլի 24-ին ձերբակալվել է նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդի Վահե Ղուկասյանը, ով, ըստ ոստիկանության այսօր տարածած հաղորդագրության, խոստովանել է, որ ինքն է ապրիլի 23-ին կրակել Հարություն Խաչատրյանի և Արտյոմ Կարապետյանի վրա։

Վահե Ղուկասյանը հայտնել է նաև, որ միջադեպի ընթացքում Արտյոմ Կարապետյանի կողմից «Մակարով» ատրճանակից արձակված կրակոցից աջ կոնքի շրջանում վնասվածք է ստացել նաև ինքը:

Վ. Ղուկասյանի «Լադա-Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ՝ նստելատեղի կողքին հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող, առանց գործարանային համարի և պահունակի «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և չպարզված տեսակի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 3 հատ 6,35 մմ տրամաչափի փամփուշտներով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական հետագա միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 24-ին, ժամը 23.00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 54/Բ շենքի ձախ անկյունային հատվածին հարակից տարածքում հայտնաբերել և առգրավել են «Մակարով» տիպի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտներով:

Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930