Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Եվրոպան մեզ կպաշտպանի՞»

Ապրիլ 25,2013 16:21

«Այլընտրանքային ծառայության օրենսդրական եւ իրավակիրառական պրակտիկայի հիմնախնդիրները» թեմայով ԱԺ լսումների ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը վտանգավոր համարեց պատերազմի վտանգ ունեցող երկրի համար, ինչպիսին է Հայաստանը, այլընտրանքային զինծառայողների թվի աճի միտումը:

Նրա համոզմամբ՝ խղճի եւ կրոնի դավանանքի պատրվակով երիտասարդները խուսափում են պարտադիր զինծառայությունից, ինչը բավականին վտանգավոր է, քանի որ պատերազմող երկրի համար անգամ մեկ զինվորի կորուստն է վտանգավոր երկրի պաշտպանունակության առումով: Ուստի, նա կարծում է, որ պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռք առնվեն`այլընտրանքային զինծառայողների թվի նվազեցման համար:

Նա ողջունում է դպրոցներում ռազմահայրենասիրական առարկաների ուսուցումը, առաքելական եկեղեցու պատմության ուսուցումը`ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ շատ մանկավարժներ կարող են հավաստել, որ տարբեր աղանդավորների երեխաներ հրաժարվում են մասնակցել նման միջոցառումների որոշակի տեսակներից, այդ թվում նաեւ ռազմահայրենասիրական տարբեր տոներին վերաբերվող: Պատգամավորը հեգնում է`եթե արտոնություններ ենք սահմանում հասարակության որոշակի շերտի համար, ապա հետագայում գուցե հանրակրթության օրենքո՞ւմ էլ փոփոխություններ կատարենք` ելնելով յուրաքանչյուր աշակերտի դավանանքից արտոնություններ տալու, գուցե նաեւ հետագայում առանձին դպրոցներ բացելու:
«Այլընտրանքային զինծառայության ոլորտում արտոնություններ տալով կրոնադավանանքի տարբերություններով անձանց, մենք հող ենք նախապատրաստում նրանց համար, ովքեր չարամտորեն փորձում են խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից եւ ընդամենն ուսումնասիրելով տվյալ կրոնի դրույթները, նրանք կարող են ծուղակի մեջ գցել հանձնաժողովի անդամներին: Սա խաբեության սինդրոմ կարող է հանդիսանալ, որը բավականին վտանգավոր կարող է լինել»,- վստահ է ՀՀԿ-ական պատգամավորը`հավելելով, որ այդ միտումը կարող է նաեւ տվյալ աղանդի քարոզչության վերաճել:
Այլընտրանքային զինծառայության ոլորտում նման արտոնությունները պատգամավորը համարում է բանակը քայքայելու քայլ: Նա խիստ կասկածում է, որ եվրոպական երկրներից նման դրույթների կրկնօրինակումից հետո, Աստված մի արասցե, պատերազմի պարագայում, այդ նույն Եվրոպան մեզ կպաշտպանի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կեղծ Նժդեհականներին պետք է ամեն անգամ հիշեցնել, որ ինչպես՝ ռազմահայրենասիրական
    դաստիարակությունը չի կարող ապահովել բանակի անսասանությունը, այնպես էլ՝ այլընտրանքային
    զինծառայությունը՝ չի կարող սասանել նրա ապահովությունը, եթե չվերացնել երկրում տիրող՝ ստի,
    կեղծիքի, ստրկամտության, ստորաքարշության, գավառամտության,կաշառակիրության, կիսագեագետ գողական բարքերը, որը ոչ միայն ներծծված է պետական ապարատի բոլոր ատյաններում, այլ նաև
    բանակում: Այսօր երկիրը դատարկվում է, բայց չնտրված նախագահի ճառից, պարզվում է, որ ոչ թե
    երկրի աղետալի վիճակի պատճառով, այլ մի քանի լրատվամիջոցների պատճառով, որոնք նրա
    կարծիքով չափազանցեցնում են իրավիճակը: Կարելի է նման տրամաբանությունից հետևություն անել, որ եթե այդ նույն լրատվամիջոցները զբաղվեն ճիշտ հակառակ գործունեությանբ, ապա բոլոր նրանք ովքեր արտագաղթել են, մեկ շաբաթում կբռնեն ներգաղթի ճանապարհը, կգան հայրենիք և սոված իրար երեսի կնայեն, սնվելով շուշանի հայրենասիրական երգերով: Կարելի է այս աբսուրդը
    ճոխացնել մինչև անսահմանություն, բայց երկիրը բոլորիս աչքի առաջ կործանվում է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930