Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ «Ժառանգությունը» մոռացավ տրակտորները եւ համագործակցեց ԲՀԿ-ի հետ

Ապրիլ 25,2013 15:22

Պարզաբանում են ՀԱԿ, «Ժառանգության», ԲՀԿ-ի ներկայացուցիչները

Այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում, անդրադառնալով ilur.am-ի լրագրողի վրա կատարված հարձակմանը, ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Տարոն Մարգարյանի աջ ձեռքը հանդիսացող կրիմինալը մի քանի անգամ հարվածեց լրագրողին, եւ այդ արտառոց միջադեպը սրվում է՝ հաշվի առնելով, որ դա ընտրություններից առաջ էր»:

Նա ցավ հայտնեց, որ որոշ ԶԼՄ-ներ այդ միջադեպը այլ տեսանկյունից մեկնաբանեցին, մինչդեռ պետք է որեւէ մեկը նման ոտնձգություն թույլ չտար լրագրողի նկատմամբ:

Այսօր Վլադիմիր Կարապետյանը հայտարարել էր, որ կոնսուլտացիաների շարք են սկսում ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» հետ՝ ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ նախկինում միասնական շտաբ կար, որին «Ժառանգությունը» չմասնակցեց՝ ԲՀԿ-ի պատճառով, գտնելով, որ ԲՀԿ-ն չի տարբերվում իշխանությունից եւ տրակտոր է բաժանում, իր հետ ինչպե՞ս պայքարի ընտրակեղծիքների դեմ, հիմա այս կոնսուլտացիաները որ սկսվել են, արդյո՞ք միասնական շտաբի նման մի բան չեն եւ ինչպե՞ս է հաջողվելու այս շրջանում գոնե երեւացող միմյանց նկատմամբ թեժ քննադատություններից հետո նույն տանիքի տակ անցնել: Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Ստացվում է: Նստում ենք, նայում ենք՝ ով է հանձնաժողովի անդամը, ուսումնասիրում ենք, ես դիմում եմ «ժառանգությանը», որ դուք ունենալու եք այսինչ ընտրատեղամասում նախագահ, հաշվի առնելով ռիսկերը պետք է համագործակցել: Այդ համագործակցությունը միանգամայն ողջունելի եւ դրական եմ համարում: Ինչ վերաբերում է քննադատությանը՝ Կոնգրեսը հավատարիմ է իր մոտեցմանը չքննադատել ընդդիմադիր, ոչ իշխանական ուժերին: Մեզ հայտնի է այն ուժերի քննադատությունը, բայց ես կշարունակեմ ՀԱԿ-ի որդեգրած քաղաքականությանը հավատարիմ լինել»:

Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ իրենց կոնսուլտացիաներին միացել է նաեւ ՀՅԴ-ն:

«Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը պարզաբանեց, թե ինչու «Ժառանգությունը» չմիացավ այն ժամանակ եւ ինչու է հիմա միանում. «ԲՀԿ-ն միարժեքորեն շահագրգռված է, որ ընտրատեղամասերում չլինեն խախտումներ, որ ընտրողների կամարտահայտումը լինի ԸՕ-ի համապատասխան: Այստեղ «Ժառանգությունն» ունի ԲՀԿ-ի հետ համագործակցության եզրեր: Ինչ վերաբերում է տեղամասերից դուրս խախտումներին, մենք չենք տեսնում, որ ԲՀԿ-ն ցանկանում է պայքարել դրանց դեմ, իմ մոտեցումն այն է, որ ԲՀԿ-ն ուզում է մասնակցել տեղամասերից դուրս խախտումներին: Դրա համար շատ հստակ տարանջատված է, ընտրական տեղամասերում «Ժառանգությունը» համագործակցելու է ԲՀԿ-ի հետ, որովհետեւ կա ընդհանուր շահ»: Դանիել Իոաննիսյանն ասաց, որ դա իր անձնական մոտեցումն է:

ԲՀԿ ցուցակի ներկայացուցիչ Գուրգեն Գասպարյանը հակադարձեց. «Այսինքն, տեղամասերից դուրս պայքարը ինչի՞ մասին է խոսքը: Ախր մենք խոսում ենք գլոբալ, լուրջ հարցերի, համագործակցության մասին, դուք խոսքը տանում եք եսիմ ուր: Եթե չեմ սխալվում, Դուք չմասնակցեցիք նաեւ, որ պարոն Ծառուկյանը չի եկել ստորագրել: Բայց մեր կուսակցությունը անձով պայմանավորված չի, եթե պարոն Օսկանյանն է հայտարարություն անում, խոսում է ողջ կուսակցության անունից»: Նա հերքեց, որ իրենք չեն պայքաում ընտրատեղամասերից դուրս խախտումների դեմ:

Դանիել Իոաննիսյանը հիշեցրեց անվճար ավտոբուսները, տրակտորները, ԲՀԿ ներկայացուցիչը բարկացավ եւ խնդրեց ընտրությունից ընտրություն դա չշահարկել, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը միշտ է բարեգործություններ անում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930