Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Դիսկ» վաճառողներին կթույլատրեն ունեցած «ապօրինի» դիսկերը վաճառել

Ապրիլ 25,2013 15:03

Այսօր կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա էին անում տեսա-ձայնասկավառակներ վաճառող  մի քանի տնտեսվարողներ, որոնց խանութներն արդեն մի քանի օր է՝ փակ են:

Մինչ կառավարությունից նրանց բողոքին որեւէ մեկը կարձագանքեր, տնտեսվարողները Aravot.am-ի հետ զրույցում մանրամասն ներկայացրին, թե «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքի կիրառման դեպքում քանի՞ ընտանիք է սոված մնալու եւ ինչպիսի՞ սոցիալական խնդիրների մեջ է հայտնվելու:

Արդեն կառավարության նիստին Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին խնդիրը բավական մեղմ ներկայացրեց:

«Տիգրան, պարզ հարց եմ տալիս՝ քանի՞ տնտեսվարող կա մեր երկրում, որոնք արտադրում են այդ անօրինական դիսկերը, քանի՞ աշխատող կա այդ ոլորտում, որքա՞ն եկամուտ են ստանում, ունե՞ք այդ տվյալները, ի՞նչ սոցիալական խնդիրներ են առաջանալու այդ օրենքը կիրառելուց հետո»,-էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվեց պարոն վարչապետը: «Իհարկե տեղյակ ենք պարոն վարչապետ: Այս պահի դրությամբ 30 կազմակերպություն ու անհատ կա, գրեթե բոլորն էլ նորմալ աշխատում են եւ միայն երկուսի մոտ խնդիր կա»,-վարչապետին տեղեկացրեց նախարարի պաշտոնակատարը:

Նշենք, որ այսօր կառավարությունը մի որոշում ընդունեց, որով կթույլատրի դիսկերի առուվաճառքով զբաղվող տնտեսվարողներին իրացնել նրանց մոտ եղած խմբաքանակը` բայց` հոլոգրաֆիկ նշանով, որպեսզի այդ խմբաքանակից հետո շուկայում կրկին չհայտնվեն նկուղներում արտադրված նոր անօրինական սկավառակներ:

«Անցումային երկրներում հեշտ չի լուծվել այս խնդիրը: Այս անգամ հնարավորություն ենք տալիս իրացնելու, բայց ի՞նչ երաշխիք կա, որ վաղը այդ նույն խմբաքանակը չի լրացվելու նկուղներում արտադրվող դիսկերով»,-նկատեց վարչապետը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը միջամտեց` ասելով, որ չի կարող նման բան լինել, քանի որ առանց հոլոգրաֆիկ նշանի այլեւս չեն կարող վաճառել այդ դիսկերը:

«Երեք ամիս հետո կանդրադառնանք այս խնդրին, թե որքանով ենք կարողացել այս հարցը լուծել»,-ասաց վարչապետը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930