1995 թվականին Մոսկվայում Այազ Մութալիբովը, ով ընդհատակում էր գտնվում, քանի որ իր երկրում իրեն ոչ միայն ատում էին, այլեւ վերադարձի պարագայում պատրաստվում էին դատապարտել, հանդիպում է խնդրում ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանից: «Պարոն Սարգսյան, ես ուզում եմ խոստովանել, որ պատերազմը մենք տանուլ ենք տվել, բայց երբեք մեզնից չպահանջեք, որ մենք ճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- հանդիպման հենց սկզբին այս նախադասությամբ է Մութալիբովը դիմում Սարգսյանին: Երկու ժամ տեւած այդ հանդիպման իրական պատճառը Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցությունն էր: Արամ Սարգսյանը պատրաստվում էր առաջադրել իր թեկնածությունը, նույնն Ադրբեջանում պատրաստվում էր անել նաեւ Մութալիբովը: Հանդիպման ընթացքում նա ցանկացել է որոշակի նախնական համաձայնություններ ձեռք բերել, որպեսզի եթե ստացվի այնպես, որ Հայաստանում իշխանության գա Սարգսյանը, իսկ Ադրբեջանում՝ ինքը, համագործակցության որոշակի նախնական դաշտ լինի:
«Առավոտ» օրաթերթ